Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ուղեցույցը ներկայացնում է էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակն օգտագործելու պայմաններն ու ընթացակարգերը՝ դարձնելով դրանք հասանելի և կիրառական։ Երևան 2024

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

105. ՏՎԽ կարծիք․ Ազատություն ռադիոկայանի լրագրողին տեղեկություն տրամադրելու մերժման վերաբերյալ

Փաստերը

2024 թվականի հուլիսի 15-ին azatutyun.am լրատվական կայքում հրապարակվել է «Դատախազությունը կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնիք» տեսանյութ։ Հեղինակը հարց է բարձրացրել, թե արդյոք իրավաչափ է ՀՀ գլխավոր դատախազության՝ լրատվամիջոցի կողմից տեղեկություն ստանալու դիմումի մերժումը այն հիմնավորմամբ, որ այդ տեղեկությունը համարվում է օրենքով սահմանված գաղտնիք։ Մասնավորապես, ըստ հրապարակման, 2024 թվականի հուլիսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Շողեր Գալստյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, խնդրելով տեղեկացնել, թե արդյոք այդ մարմինը ստացել է գրություն ՀՀ կառավարությունից Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ ՀՀ տարածքից դուրս կատարված հողահատկացումների մասին, որոնք ենթադրաբար պայմանավորված են եղել համապատասխան քարտեզների անճշտություններով՝ ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում։ Ըստ ռադիոկայանի հուլիսի 15-ի հրապարակման՝ Գլխավոր դատախազությանից հարցմանն արձագանքել են հետևյալ կերպ․ «Ի պատասխան Ձեր 2024 թվականի հուլիսի 9-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով՝ տեղեկության տրամադրելը հնարավոր չէ»։ Նշված օրենսդրական դրույթը նախատեսում է, որ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե «դա պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։ Նույն հրապարակման օրը՝ հուլիսի 15-ին, լրագրող Շողեր Գալստյանը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տալ փորձագիտական եզրակացություն այս խնդրի վերաբերյալ։

Եզրահանգում

Հանրային մարմնի կողմից տեղեկություններ տրամադրելու լրատվամիջոցի դիմումի մերժումը տեղեկատվական բնույթի վեճ է, և Խորհուրդը գտնում է, որ իրավասու է այդ հարցով մասնագիտական կարծիք հայտնել։

Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է տեղեկություններ փնտրելու, ստանալու ու տարածելու իրավունքը։ Իր հերթին, հասարակությունն ունի ընդհանուր նշանակության դեպքերի եւ իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք։ Սա ժողովրդավարական կառավարման հանրային իրավունքի իրացման կարևոր պայման է, որը նախևառաջ ապահովվում է ԶԼՄ-ների միջոցով։ Հետևաբար, հանրային նշանակության տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու լրատվամիջոցների իրավունքը պետք է առանձնահատուկ ուշադրության ու հարգանքի արժանանա պետական մարմինների կողմից, որոնք իրականացնում են հանրային իշխանության գործառույթ։

Վերը նշվածը երաշխավորված է օրենսդրական նորմերում։ Այսպես, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության ազատության ապահովման սկզբունքներն են տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը, տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը և տեղեկատվության ազատության հրապարակայնությունը։ Նշվածից բխում է, որ կանխավարկածը աշխատում է հօգուտ տեղեկատվության տրամադրմանը, իսկ դրա սահմանափակումը բացառություն է։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղեկատվությունը կարող է մերժվել, եթե տեղեկությունը պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն։ Այս հասկացություններից յուրաքանչյուրի իրավական բովանդակությունը սահմանված է համապատասխան օրենքներում և գերատեսչական ցանկերում։ Հետևաբար, տեղեկատվություն տնօրինողն իրեն հասցեագրված հարցումը նշված կետով մերժելիս պարտավոր է նաև վկայակոչել օրենքը, որի հիմքով տվյալ տեղեկությունը համարվում է պետական, ծառայողական կամ այլ գաղտնիք, և ցանկալի է, որ դա հիմնավորվի նաև համապատասխան գերատեսչական ցանկի վկայակոչմամբ։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության սահմանափակումները պետք է նեղ մեկնաբանվեն, իսկ տեղեկատվության մերժումները պետական մարմինների կողմից պետք է պատճառաբանվեն, ունենան իրական, ռացիոնալ հիմքեր և համաչափ լինեն տեղեկատվության սահմանափակման օրինական նպատակների համեմատ։ Ընդ որում, ըստ Եվրոպական դատարանի՝ «տեղեկությունը, տվյալները կամ փաստաթուղթը, որոնց հասանելիությունը հայցվում է, ընդհանուր առմամբ պետք է համապատասխանեն հանրային շահի թեստին, որպեսզի հանգեցնեն տեղեկության բացահայտման անհրաժեշտությանը․․․։ Նման անհրաժեշտություն կարող է ծագել, երբ, ի թիվս այլոց, բացահայտումը նպաստում է հանրային կառավարմանը ենթակա հարցերի թափանցիկությանը, և վերաբերում է ընդհանուր հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերին, ու այդ ամենը հնարավորություն են տալիս լայն հասարակությանը իրականացնել հանրային կառավարում» (Magyar Helsinki Bizottsag-ն ընդդեմ Հունգարիայի, թիվ 18030/11, 08/11/2016, կետ 161)։

Հանրային գերակա շահը որպես տեղեկատվության տրամադրման իրավաչափ հիմք առավել լայնորեն սահմանվեց ու նորմատիվ բնույթ ստացավ «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (Տրոմպսոյի կոնվենցիա, Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կոնվենցիան 2022 թվականի սեպտեմբերի 1-ին), որի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույնիսկ եթե պաշտոնական փաստաթուղթը պարունակում է պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք, պետական մարմինը պարտավոր է ապահովել դրա մատչելիությունը գերակա հանրային շահի դեպքում։

Այս մոտեցումը մասամբ ամրագրված է նաև Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում, ըստ որի, տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա վերաբերում է երեք խումբ հրատապ իրադարձություններին, որոնք են, մասնավորապես, քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, ՀՀ տնտեսության ընդհանուր վիճակի կամ շրջական միջավայրի վերաբերյալ տեղեկություններ, կամ եթե տեղեկության չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա որոշ պետական ծրագրերի իրականացման վրա։

Վերը նշված իրավական կարգավորումների լույսի ներքո ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը ակնհայտորեն անիրավաչափ է։ Դրանում պահպանված չեն նույնիսկ տեղեկատվության մատչելիության իրավունքի նվազագույն չափանիշները։ Նախ, պատասխանը պատճառաբանված չէ, քանի որ դրանում ընդհանրական կերպով վկայակոչված է միայն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ առանց մատնանշելու, թե տվյալ դեպքում հայցվող տեղեկությունը պետական, բանկային, առևտրային, թե՞ սահմանափակ տարածման ծառայողական գաղտնիք է կամ տեղեկություն։ Գլխավոր դատախազության կողմից կիրառված՝ տեղեկատվության դիմումին պատասխանելու այսպիսի անփույթ մոտեցումը վկայում է, որ տվյալ պետական մարմինը անտեսում է այն փաստը, որ հայցվող տեղեկությունը իրականում պատկանում է հանրությանը, իսկ այդ մարմինն ընդամենն այդ տեղեկության պահնորդն է, որը տվյալներ տրամադրելու կամ մերժելու մասին որոշում կայացնելիս պետք է խստորեն հետևի հայաստանյան օրենսդրության պահանջներին և միջազգային նորմերին, ինչը չի արվել։

Ի մի բերելով վերոգրյալը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Գլխավոր դատախազությունը նախ չի մատնանշել, թե կոնկրետ ինչ գաղտնիք է պարունակում (եթե, իհարկե, պարունակում է) լրատվամիջոցի կողմից հայցվող տեղեկատվությունը, և չի վկայակոչել այդ փաստը հաստատող իրավական ակտի դրույթ։ Այնինչ՝ հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք այդ մարմինը ստացել է գրություն ՀՀ կառավարությունից՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացված հողհատկացումների և քարտեզային անճշտությունների մասին, և գոնե այս մասով անհրաժեշտ էր հերքել կամ հաստատել լուրը, որն արդեն իսկ հնչել էր Ազգային ժողովում։ Բացի այդ, Գլխավոր դատախազությունը չի հիմնավորել, որ տեղեկության գաղտնիությունը պահպանելու իրավաչափ նպատակը գերակայում էր այդ տեղեկությունը ստանալու հանրային շահի նկատմամբ։ Մինչդեռ՝ պետական մարմինը պարտավոր էր դա անել: Եվ վերջապես, չի բացառվում, որ տվյալ դեպքում տեղեկատվության մասին դիմումը առնչվում էր Տեդեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկին (որի մասին նշվեց վերևում), ու այդ դեպքում Գլխավոր դատախազությունը առավել ջանասիրություն պետք է դրսևորեր ու հայցվող տեղեկատվությունը տրամադրեր՝ անկախ դրա օրենքով սահմանված գաղտնիք հանդիսանալու պարագայից։ Սակայն Գլխավոր դատախազության անորոշ պատասխանը հնարավորություն չի տալիս որոշել նման հիմքերի առկայության հավանականությունը։

Հետևաբար՝ Խորհուրդը եզրակացնում է, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Շողեր Գալստյանի հայցած տեղեկատվության մերժումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից անօրինական է եղել, և դրանով անհամաչափորեն սահմանափակվել է պաշտոնական տվյալների մատչելիությունը և տեղեկություններ ստանալու ու տարածելու լրատվամիջոցի իրավունքը։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան – Փաստաբան

Skip to content