2013 թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` դատարանին խնդրելով պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը անվճար կամ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմաններով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար` տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց:
Դատարանները ԻԱԿ-ի հայցը մերժելու հիմքում դրել էին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Արդյունքում, 2015 թ.-ի հոկտեմբերի 16-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարանին` վիճարկելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը 2015 թ.-ի նոյեմբերի 3-ի որոշմամբ գործն ընդունեց քննության: 2016 թ.-ի փետրվարի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը, որով ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը:
ՀՀ Սահմանադրական դատարանը վերոնշյալ օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը անվավեր ճանաչեց այնքանով, որքանով որ դրանք տարբերակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը: Սա նշանակում է, որ անձի՝ իրեն վերաբերող տեղեկությունները չպետք է վաճառվեն նրան՝ այդ կերպ սահմանափակելով անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքը:
Սա նաեւ նշանակում է, որ չպետք է սահմանափակվեն այն սկզբունքները, որոնք ամրագրված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով որպես տեղեկատվության ազատության երաշխիքներ: Սահմանադրական դատարանը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել էր 2016 թվականի նոյեմբերի 1-ը, որպեսզի օրենքի եւ դրա հետ փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցվեն ՍԴ-ի որոշման պահանջներին:
Արդյունքում, 2016թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կատարվեցին փոփոխություններ, նախատեսվեցին դրույթներ, որոնցով ապահովվեց անձի՝ իր մասին հայցվող, ինչպես նաեւ հանրային նանակություն ունեցեղ տեղեկությունը անձանց առանց սահմանափակման, այն է՝ առանց վճարի տրամադրելու պահանջը:
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործի նոր քննության ընթացքին կարող եք հետեւել այստեղ: