Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը որոշել է վճռաբեկ բողոքի օգնությամբ ի վերջո լուծել տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: ՀՀ վարչական դատարանում քննված ԻԱԿ-ի կողմից հարուցված տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքի 4 գործի դեպքում դատարանը մերժել է տեղեկատվություն չտրամադրած պաշտոնյային վարչական տուգանքի ենթարկելու պահանջը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009 թ.-ի ապրիլի 16-ին նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոք էր ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան` ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի, Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանի եւ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի (վարչական գործ թիվ ՎԴ/6279/05/08 23.03.2009 թ. վճիռ):

Հիշեցնենեք, որ ՀՀ վարչական դատարանը քննել էր վարչական գործն ըստ հայցի «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանի` Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, վերջինիս հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 ՀՀ դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:

ՀՀ Վարչական դատարանը 23.03.2009 թ․-ին վճռել էր. “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի հայցը բավարարել մասնակի` Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով:

“Ոչ իրավաչափ ճանաչել Կազմակերպության կողմից հայցվող տեղեկատվության տրամադրման մերժելուն ուղղված Համայնքի ղեկավարի գործողությունները:

Հայցը` Նոր Նորքի թաղապետարանին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 ՀՀ դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասով մերժել»:

ՀՀ վարչական դատարանը ԻԱԿ-ի պահանջը մասնակի մերժել է` պատճառաբանությամբ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 198.7 հոդվածի 1-ին մասի պատասխանատվությունը սահմանված է տեղեկատվությունն ապօրինի չտրամադրելու համար, մինչդեռ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավարի կողմից նշված տեղեկատվությունը` չնայած ուշացումով, այնուամենայնիվ տրամադրվել է հայցվորին: Դատարանը գտել էր, որ բացակայում է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

Սակայն ԻԱԿ-ը գտնում է, որ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 198.7 հոդվածի 1-ին մասը, որի համաձայն.
«Oրենքով նախատեuված տեղեկությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանuավորվող կազմակերպությունների, ինչպեu նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապoրինաբար չտրամադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկից մինչեւ հիuնապատիկի չափով»:

Դատարանը թեեւ գտել է, որ այս դեպքում դատաքննության ընթացքում պահանջվող տեղեկատվությունը տրամադրելը բացառում է տեղեկատվությունը չտրամադրելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքը: Այնուամենայնիվ, նման մեկնաբանությունը չի բխում ՀՀ Սահմանադրության 27, 27.1, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 198.7 հոդվածի 1-ին մասի պահանջներից, քանի որ վերը նշված դրույթների մեկնաբանությունից բխում է, որ տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելը, դա օրենքով սահմանված ժամկետում` տվյալ դեպքում` 30-օրյա ժամկետում չտրամադրելն է, որի խախտումն էլ հենց տեղեկատվությունն ապօրինաբար չտրամադրելն է:

Դա նշանակում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 198.7 հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմը ավարտված է համարվում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 7-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված ժամկետներում (5-օրյա կամ 30-օրյա) պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում:

Հակառակ մոտեցման դեպքում, կստացվի, որ որեւէ մեկի համար ՀՀ Սահմանադրության 27, 27.1 հոդվածներով ու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 7-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով երաշխավորված իրավունքը հնարավոր չի լինի արդյունավետորեն իրականացնել ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարզապես օրենքով սահմանված ժամկետում չեն տրամադրի տեղեկատվությունը եւ, եթե որեւէ մեկը դիմի իր իրավունքի դատական պաշտպանության, ապա դրանից հետո միայն կտրամադրվի պահանջվող տեղեկատվությունը:

Վճռաբեկ բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ

Skip to content