ՀՀ վարչական դատարանը 2009 թվականի հունվարի 8-ին կայացրած վճռով ճանաչեց քաղաքացու տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, սակայն մերժեց տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը:
2008 թ.-ի օգոստոսի 27-ին ՀՀ քաղաքացի Արտակ Զեյնալյանը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին` խնդրելով տալ տեղեկատվություն հետեւյալի մասին`
- Հայաստանի օրենսդրության համաձայն ես եւ/կամ վստահորդներս ներկայումս ունե՞նք արդյոք մեր գործերի վարույթների երկարատեւությունը բողոքարկելու մատչելի պաշտպանության միջոցներ.
- եթե այո, ապա “արդյունավետ” են դրանք` այն իմաստով, որ
- հնարավոր լինի կանխել ենթադրյալ խախտումը, կամ
- դրա շարունակումը, կամ
- պատշաճորեն վերականգնել արդեն խախտված իրավունքը,
- եթե առկա են պաշտպանության միջոցներ, ինձ տրամադրել (կամ կոնկրետ մատնանշել, թե որտեղից կարող եմ դրանք գտնել) ներպետական իրավակիրառական պրակտիկայից օրինակներ` ցույց տալու համար, որ օգտագործելով խնդրո առարկա միջոցները` այլ անձանց համար հնարավոր է եղել հատուցում ստանալ եւ/կամ կանխել ենթադրյալ խախտումը եւ/կամ դրա շարունակումը:
Հարցմանը ԱԳՆ-ի կողմից որեւէ պատասխան չի տրվել:Արդյունքում, Ա. Զեյնալյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելու պահանջների մասին:
Պատասխանող կողմը` ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ա. Կարապետյանը, սակայն, դատաքննության ժամանակ անհիմն համարեց Ա. Զեյնալյանի հայցադիմումը` համարելով խնդրո առարկա հարցումը` Ա. Զեյնալյանի կողմից ուղարկված, “անհասկանալի բովանդակության”:
Նաեւ պատասխանող կողմը տեղեկացրեց, որ իրենք ցանկացել են մանրամասնել հարցման բովանդակությունը, սակայն, տեղեկատվություն ստանալու հարցման մեջ նշված չի եղել հեռախոսահամար, արդյունքում` հնարավոր չի եղել հստակեցնել պահանջվող տեղեկությունները: Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳՆ-ն Ա. Զեյնալյանի տվել է պատասխան, որն ուղարկել է սեպտեմբերի 9-ին` խախտելով տեղեկատվության տրամադրման համար սահմանված 5-օրյա ժամկետը:
Նաեւ ԱԳՆ ներկայացուցիչը դատավարության ընթացքում տեղեկացրեց, որ հայցվորը` Ա. Զեյնալյանը տեղեկություն ստանալու հարցումն ուղարկել է ՏԱ օրենքի խախտմամբ: Այսինքն` գրավոր հարցման մեջ չի նշել իր քաղաքացիությունը, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը:
ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Արգիշտի Ղազարյանի) սույն թվականի հունվարի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ կայացրած վճռով որոշեց Արտակ Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջի մասին, բավարարել մասնակի: Այսինքն` ճանաչել Ա. Զեյնալյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը` միեւնույն ժամանակ մերժելով ՀՀ ԱԳՆ-ին տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու պահանջը:
Վճիռը բավականին անհասկանալի է, քանի որ եթե խախտված իրավունք կա, ապա հնարավորության սահմաններում պետք է այն վերականգնել, ինչը, սակայն, դատարանը չարեց: