2008 թ. հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել Երեւան քաղաքի Դավթաշեն թաղային համայնքին հետեւյալ բովանդակությամբ. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում ենք տրամադրել հետեւյալ տեղեկությունը.
- Դավթաշեն համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում (այդ թվում համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները:
- Խնդրում ենք հայտնել այդ բնակարանների հասցեները:
- Դավթաշենի թաղապետարանը քանի՞ հայց է հարուցել սեփականության իրավունքով համայնքին պատկանող վերը նշված բնակարաններից բնակիչներին վտարելու պահանջով:
- Խնդրում ենք, ներկայացնել այդ դատական գործերի ելքի մասին տեղեկատվություն (քանի՞սն է բավարարվել, քանի՞սը` մերժվել):
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցումին պատասխանել օրենքով սահմանված ժամկետներում: Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11)»:
Դավթաշենի թաղապետարանը օրենքով սահմանված առավելագույն` 30 օրյա ժամկետում հայցվող տեղեկատվությունը չի տրամադրել, իսկ երբ դատարան դիմելու մասին որոշում կայացնելու համար հեռախոսազանգով փորձ արվեց ճշտել հայցվող տեղեկատվության վերաբերյալ պատասխան տրվելու է, թե` ոչ, բանավոր հայտնվեց, որ այդ տեղեկությունները կարող ենք ստանալ կադաստրից:
Դավթաշենի թաղապետարանի կողմից հայցվող տեղեկատվությունը չտրամադրելու մասին փաստը հաստատվում է պատասխանի բացակայությամբ:
Արդյունքում, ԻԱԿ-ը գործողության կատարման հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան` տեղեկատվություն տրամադրել պարտադրելու եւ վարչական տույժի ենթարկելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատարանը ԻԱԿ-ի հայցը վարույթ է ընդունել եւ 2009 թ. հունվարի 20-ին նշանակել նախնական դատական քննություն:
Դավթաշեն համայնքի ղեկավարը, ստանալով դատական նիստի մասին ծանուցումը, շտապել էր զանգահարել ԻԱԿ նախագահին` հանդիպելու եւ զրուցելու առաջարկով, ինչի արդյունքում ԻԱԿ-ը 13.01.09 թ. ստացել է լրացուցիչ գրություն Դավթաշենի համայնքապետից, որում համայնքի ղեկավարը 1 ամիս ժամանակ է խնդրել պահանաջված տեղեկատվությունը պատշաճ ձեւով տրամադրելու համար:
Նախնական դատական քննության ժամանակ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը հրաժարվեց հայցից` վերոնշյալ գրությունը հաշվի առնելով:
ՀՀ վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն, վճռեց վարչական գործի վարույթը կարճել:
ԻԱԿ-ն ընդդեմ Դավթաշենի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի դատական հայցի դրական արդյունքն ի հայտ եկավ. Դավթաշենի թաղապետարանը ԻԱԿ-ին տրամադրեց այն տեղեկատվությունը, որի չտրամադրման համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատական հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան:
ԻԱԿ-ի շնորհիվ Դավթաշենի թաղապետարանի անգործությունը փոխարինվեց գործունեությամբ, ինչի արդյունքում նշյալ համայնքն իրականացրեց իր համայնքի չսեփականաշնորհված բնակարանների հաշվառում: