2013 թվականի մայիսի 13-ից 30-ը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն անցկացրեց «Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթաց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու 78 քաղաքացիական ծառայողների համար:
Վերապատրաստման դասընթացից առաջ և վերջում քաղաքացիական ծառայողներից 74-ը լրացրեցին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմած հարցաթերթերը:
Հարցաթերթերը ներառում են հարցեր, որոնք կոչված են պարզելու նախ` տարբեր գերատեսչություններ ներկայացնող քաղծառայողների` տեղեկատվության ազատության վերաբերյալ ունեցած գիտելիքը, ապա նաև ստուգելու արդեն տրամադրված նյութի յուրացումն ու դրա կիրառումը աշխատանքում:
Քաղաքացիական ծառայողների համար նախատեսված առաջին հարցաթերթը նպատակ ուներ պարզելու մասնակիցների` տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքին առնչվելու, տեղեկատվութան ազատության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտի մասին իրազեկվածության մակարդակի, տեղեկատվություն ստանալու և տրամադրելու եղանակներին, ժամկետներին, մերժման հիմքերին և դրա համար սահմանված պատասխանատվության իմացությունը, ինչպես նաև` առանձին մարմիններում տեղեկատվության տրամադրման համար սահմանված ներքին կարգին:
Տարբեր գերատեսչություններ ներկայացնող 74 քաղաքացիական ծառայողների կողմից լրացված հարցաթերթի արդյունքները նաև հիմք պետք է հանդիսանան վերհանելու ոլորտում առկա բացերը և ավելի արդյունավետ կազմակերպելու քաղծառայողների հետագա ուսուցման և վերապատրաստման գործընթացները:
Առաջին հարցաթերթը բաղկացած է 11 հարցից, որոնցից 9-ը եղել են փակ հարցեր (մասնակիցը ընտրել է պատասխանի առաջարկված տարբերակներից մեկը), իսկ 2 հարցեր պարունակել են ենթահարցեր, որտեղ ցուցում է եղել նշելու մեկ կամ մի քանի օրինակներ:
74 մասնակիցներից 33-ը չեն թերացել 11 հարցերից բաղկացած հարցաթերթը լրացնել ամբողջությամբ, 25-ը լրացրել են մասամբ, իսկ 16-ը չեն լրացրել բաց հարցերը:
Ստորև ներկայացված քանակական տվյալները (այդ թվում նաև տոկոսային ցուցանիշները) հաշվարկված են բացառապես լրացված թերթիկների հիման վրա (74=100%): Այն դեպքում, երբ լրացված թերթիկում բացակայել է այս կամ այն հարցի պատասխանը, համապատասխան հարցի վերլուծության հատվածում այդ մասին նշում է արվել:
«Ձեր աշխատանքային պարտականությունների մեջ մտնու՞մ է տեղեկատվության տրամադրումը քաղաքացիներին կամ լրագրողներին» հարցին մասնակիցների 88%-ը (65) տվել է դրական պատասխան, 12%-ը (9)` բացասական:
Հարցաթերթիկների արդյունքները ցույց են տալիս, որ մասնակիցների 95%-ը (70) առնչվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին աշխատանքի ընթացքում և միայն 5%-ը (4) չի առնչվել: Բացի այդ, 86%-ը (64) անձամբ` որպես պաշտոնյա հանդես է եկել տեղեկատվություն տրամադրող, իսկ 14%-ը (10)` ոչ: Դրական պատասխանի նման ցուցանիշը խոսում է այն մասին, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ճիշտ թիրախային լսրան է ընտրված եղել:
2-րդ` հատուկ խայծ պարունակող` «Ե՞րբ եք առաջին անգամ իմացել «Տեղակատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մասին» հարցի շրջանակում մասնակիցներին առաջարկվել է պատասխանի 3 տարբերակ. Ա. 2000-2003թթ., Բ. 2003-2006թթ., Գ. 2007-2011թթ.: Արդյունքների համաձայն, 26%–ը (19) պարզվում է` օրենքի մասին իմացել են դեռևս այն ժամանակ, երբ այն գոյություն չի ունեցել կամ գուցե հենց ընդունման կամ հաստատման պահից սկսած` այսինքն` 2003թ. սեպտեմբերի 23-ին, երբ ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը կամ նույն թվականի նոյեմբերի 15-ին, երբ այն ուժի մեջ մտավ: 38%-ը (28) օրենքի մասին իմացել է 2003-2006թթ.-ին են, իսկ 36%- ը (27)` միայն 2007-2011թթ. ընկած ժամանակահատվածում: Այս պատասխանի արդյունքները, գուցե զարմանալի թվա, բայց հուսադրող են, որովհետև ընդհանուր առմամբ մասնակիցների մեծամասնությունը` 74%-ը «Տեղակատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մասին» գիտի 2003թ.-ից:
Չնայած լրացված հարցաթերթիկների` ոչ այնքան լիարժեք ու ճիշտ պատասխաններին` մասնակիցների մեծամասնությունը 62%-ը (46) նշել է, որ նախկինում մասնակցել է տեղեկատվության ազատության վերաբերյալ ուսուցման /աշխատանքային քննարկման/ սեմինարի, իսկ 38%-ը (28)` ոչ:
Ինչ վերաբերում է տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանելու ժամկետների իմացությանը, զարմանալի է, բայց փաստ, որ 93%-ն (69) ընտրել են ճիշտ տարբերակը` նշելով 5-օրյա ժամկետը, 4%-ը (3) պատասխանել են 15-օրյա ժամկետում, 1-ը` 1 ամսյա ժամկետում և մեկն էլ նշել է բոլոր պատասխանները միաժամանակ: Սակայն, ինչպես ցույց է տալիս ԻԱԿ պրակտիկան, 2012թ.-ի տվյալներով ուշացած պատասխանների թիվը կազմում է 33,9%, իսկ պատասխանելու միջին ժամկետը` 10 օր:
«Տեղյա՞կ եք արդյոք, թե որ տեղեկությունները պետք է հրապարակվեն յուրաքանչյուր գերատեսչության/պաշտոնյայի կողմից սեփական նախաձեռնությամբ» հարցին դրական են պատասխանել մասնակիցների 60%-ը (44), 17%-ը (12) պատասխանել են` ոչ, մասամբ տարբերակը ընտրել է 23% -ը (17): Վերոնշյալ հարցի` «եթե այո, ապա նշեք դրանցից 1-2-ը» ենթահարցին լիարժեք պատասխանել են 45%-ը (33) մասնակից: Հետաքրքիր է, որ հիմնական հարցին դրական պատասխան տված մասնակիցներից 7-ը (9,5%) ենթահարցին չեն պատասխանել, ինչը ենթադրել է տալիս, որ դրական պատասխան տված մասնակիցների թիվը ավելի պակաս է (կամ իրականում չգիտեն կամ գիտեն մասամբ):
Ենթահարցի հիմնական պատասխանները եղել են` բյուջե, հաշվետվություններ, թափուր աշխատատեղերի, հաստիքացուցակի, միջոցառումների և ծրագրերի մասին հայտարարություններ ու մամուլի հաղորդագրություններ, քաղաքացիների ընդունելության կարգ, պաշտոնյաների տվյալներ, գերատեսչության կառուցվածք: Պատասխանողներից և ոչ մեկը չի նշել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկություններից հետևյալը` «տվյալ մամնի` շրջակա միջավայրի վրա ներգործությունը, աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները), ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը:
«Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչ հիմքերով կարելի է մերժել տեղեկատվության տրամադրումը» հարցին դրական է պատասխանել 78%-ը (58), մասամբ` 19%-ը (14), և մերժման հիմքերին ծանոթ չի եղել ընդհանրապես միայն 1-ը: Դրական պատասխանին հաջորդող ենթահարցին` «եթե այո, ապա նշեք դրանցից 1-ը» չեն պատասխանել 4 հոգի (5,4%), իսկ մյուս պատասխանները հիմնականում վերաբերում են ծառայողական, պետական, առևտրային և բանկային գաղտնիքներին, ինչպես նաև այնպիսի տեղեկատվությանը, որոնք պարունակում են անձնական տվյալներ կամ խախտում են հեղինակային և հարակից իրավունքները կամ սպառնում են պետության անվտանգությանը: Որոշ դեպքում որպես մերժման հիմք մասնակիցները նշել են նաև դիմողի` անանուն կամ անստորագիր լինելը կամ տեղեկատվությանը չտիրապետելու հանգամանքը:
Իսկ թե ինչ պատասխանատվություն է սահմանված տեղեկատվության ազատության խախտման համար, տեղյակ է ընդամենը 59%-ը (43), 19%-ը (14) մասամբ է տեղյակ, իսկ 22%-ը (16) տեղյակ չէ:
Ըստ տարբեր գերատեսչություններ ներկայացնող քաղաքացիական ծառայողների պատասխանի` 47 (63,5%) գերատեսչությունում կա տեղեկատվութան տրամադրման ներքին կարգ, 25-ում (33,4%)` չկա, իսկ 1-ն էլ չգիտի` կա, թե չկա:
«Ո՞ր պաշտոնյան է Ձեր գերատեսչությունում պատասխանատու տեղեկատվության տրամադրման համար» հարցի շրջանակում մասնակիցներին առաջարկված 4 հնարավոր տարբերակներից 54 հոգին (73%) տվել է մեկ պատասխան, 18 (24%) մասնակիցների պատասխաններն ընդգրկում են մի քանի պատասխան միաժամանակ: Հարցաթերթիկների արդյունքները ցույց են տալիս, որ 6 գերատեսչությունում (8%) տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու է մամուլի քարտուղարը, 39-ում (52,7%) այդ պարտականությունը իրականացնում է հասարակայնության/լրատվության բաժնի/ վարչության պետը, 7-ում առանձին այդպիսի պաշտոնյա չկա, իսկ 2-ում, պարզվում է, տեղեկատվության ազատության համար պատասխանատու առանձին պաշտոնյա, այնուամենայնիվ, կա: Միաժամանակ մի քանի պատասխան ընտրած 18 մասնակիցներից 15-ը (20%) ընտրել է Ա և Բ տարբերակները, այսինքն` գերատեսչությունում տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու են` մամուլի քարտուղարը (Ա) և հասարակության/լրատվության բաժնի/ վարչության պետը (Բ), 2-ը նշել են` Ա, Բ և Գ (տեղեկատվության ազատության համար պատասխանատու առանձին պաշտոնյան) տարբերակները միասին, և միայն 1-ը Բ և Գ տարբերակները:
Ըստ պատասխանների` 1 գերատեսչությունում միայն նախարարն է պատասխանատու տեղեկատվության տրամադրման համար: Փաստորեն, ինչպես ցույց են տալիս պատասխանները, տարբեր գերատեսչություններում տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու պաշտոնյա որպես այդպիսին չկա:
Վերապատրաստման դասընթացի վերջում նախորդ 74 քաղծառայողներից միայն 63-ը լրացրեցին նաև երկրորդ հարցաթերթը:
Երկրորդ հարցաթերթը նպատակ ուներ ստուգելու ստացած գիտելիքը և արդեն տրամադրված նյութի յուրացումն ու պարզելու` ինչու է կարևոր տեղեկատվության ազատությունը և որ հիմքերն են առաջնահերթ հատկապես մասնակիցների համար, ինչ պետք է անել, երբ պահանջվող տեղեկատվությունը գաղտնիք է պարունակում, երբ կարելի է մերժել բանավոր հարցմանը կամ գումար պահանջել գրավոր հարցման դեպքում, բացի այդ` ինչ հնարավորություններ է տալիս օրենքը տեղեկատվության տրամադրման հաճախ շահարկվող ժամկետների համար:
«Նշեք 2 պատճառ, թե ինչու է կարեւոր տեղեկատության ազատությունը» հարցին լիարժեք պատասխանել են 69%-ը (43), հարցին կիսատ են պատասխանել, այսինքն` միայն մեկ պատճառ են նշել 13-ը (20%), իսկ 7-ը (11%) ընդհանրապես չեն պատասխանել:
Մասնակիցների` նմանատիպ պատասխաններից, կարելի է ենթադրել, որ եթե ոչ բոլորը, ապա մեծամասնությունը վերապատրաստման դասընթացի առաջին հատվածը ուշադիր են ունկնդրել: Առաջնահերթ և հաճախ հանդիպող պատասխանների թվում են տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև քաղծառայողները տեղեկատվության ազատությունը կարևորում են, որովհետև այն հնարավորություն է տալիս մասնակից լինել հասարակական և քաղաքական գործունեությանը, արդյունավետ դարձնել իշխանություն-ժողովուրդ համագործակցությունը, երկրում պահպանել ժողովրդավարության հիմքերը, և իհարկե, վերահսկել պետական կառույցների կամ, ինչպես նշված է պատասխաններից մեկում, տեղեկատվություն տնօրինողների գործունեությունը: Մի մասը կարծում է, որ այն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, և օգնում է քաղքացիական հասարակության կայացմանը, մյուսն էլ` տեղեկատվության ազատությունը կապում է ճիշտ ապրելու, գործելու, որոշումներ կայացնելու հարցում: Մեկ հոգի էլ նշել է, որ «այդպես կյանքն ավելի հեշտ կլինի»:
45 հոգի (72%) վստահ է, որ անունը, ազգանունը, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները ենթակա են հրապարակման, 13%-ը (8) կարծում է, որ անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն, 14%-ը (9) ընտրել է մասամբ տարբերակը` համոզված լինելով, որ վերոնշյալ տեղեկությունների միայն մի մասն է հրապարակման ենթակա և միայն 1-ը չի պատասխանել առաջադրված հարցին:
Որպես նախորդ հարցի շարունակություն, հաջորդ հարցը վերաբերվում է վերադասի/գերատեսչության ղեկավարի` տվյալների (անունը, ազգանունը, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները) հրապարակման ենթակա լինել-չլինելուն, որին դրական են պատասխանել 57 հոգի (90%), ավելի շատ, քան նախորդ հարցի դեպքում դրական պատասխանողների թիվն էր, այսինքն` վերջիններս կարծում են, որ իրենց վերադասը տվյալ դեպքում հանրության համար ավելի հասանելի և տվյալների տրամադրման առումով ավելի բաց պետք է լինի, քան իրենք: Իրենց վերադասի տվյալները հրապարակման ենթակա չեն համարում 3 (5%) հոգի, և 3-ն (5%) էլ կարծում են, որ դրանք մասամբ են ենթակա հրապարակման:
Ըստ լրացված հարցաթերթիկների պատասխանների` կարելի է կարծել, որ յուրաքանչյուր քաղաքացու արված տեղեկատվություն ստանալու բանավոր հարցմանը մեր գերատեսչություններում պատասխանում են անմիջապես, որովհետև առաջադրված այս պատասխանը ընտրել են մասնակիցների 49%-ը (31), 25%-ը (16) նշել են, որ խնդրում են հարցումը գրավոր ներկայացնել, իսկ միայն 1 գերատեսչության ներկայացուցչի պատասխանի` քաղաքացուն դիմումին որևէ ընթացք չի տրվում: Միայն 1 հոգի որևէ պատասխան չի տվել, իսկ 22%-ը (14) ընտրել է երկու` անմիջապես պատասխանում ենք և խնդրում ենք հարցումը գրավոր ներկայացնել տարբերակները միաժամանակ: Երկու պատասխանը միաժամանակ ընտրած և թերթիկներից մեկում «անմիջապես պատասխանում ենք» տարբերակի առաջ նշված ավելացումը` «եթե լրացուցիչ բան չկա», հանգամանքը կարող է ցույց տալ, որ առաջարկվող պատասխանները այնքան էլ չեն համապատասխանում իրենց մոտ ընդունված կարգին:
Հարցաթերթիկների արդյունքները ցույց են տալիս, որ մասնակիցների 78%-ը (49) գիտի, որ եթե քաղաքացին տեղեկատվություն ստանալու գրավոր հարցումով խնդրել է տրամադրել գաղտնիք համարվող տեղեկություններ, ապա պետք է գրավոր մերժել խնդրված տեղեկությունների տրամադրումը, 16%-ը (10) հակված է զանգահարելու միջոցով տեղյակ պահել քաղաքացուն, որ իր խնդրած տեղեկությունները տրամադրման ենթակա չեն, իսկ 4-ը (6%) կարծում են, որ այդ դեպքում պարզապես պետք է չպատասխանել հարցմանը:
19 (30%) գերատեսչության ներկայացուցիչ կարծում է, որ պետք չէ գումար գանձել տեղեկատվություն տրամադրելու համար, 1 հոգի կարծում է, որ պետք է, իսկ մեծամասնությունը` 40 հոգի (63%) կարծում է, որ դա կախված է փնտրվող տեղեկատվության կրիչից և ծավալից: 3 հոգի (5%) էլ չնայած կարծում է, որ պետք չէ գանձել, այնուամենայնիվ, դա պայմանավորում է տեղեկատվության կրիչի և ծավալի չափերի հետ:
Եթե մարզերից մեկի (օրինակ` Տավուշի մարզի) բնակիչը դիմել է, որպեսզի իրեն տրամադրվի մեկ այլ մարզի (օրինակ` Կոտայքի մարզի) գյուղերից մեկի համայնքային բյուջեն, պե՞տք է արդյոք նրա պահանջած տեղեկատվությունը տրամադրվի: Հարցվողների մեծամասնությունը 89%-ը (56) հակված է տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը, 8%-ը (5) տեղեկատվությունը տրամադրել-չտրամադրելու «բեռը» թողնում են գյուղապետի հայեցողությանը, այսինքն`գյուղապետն ինքն է տվյալ դեպքում որոշում իր գյուղի բյուջեն այլ գյուղի բնակչի տրամադրի, թե ոչ, և միայն 3%-ը (2) կարծում են, որ պետք չէ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:
«Եթե տեղեկատվության տրամադրման համար օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը բավարար չէ հարցին, ապա» գերատեսչությունները ներկայացնող քաղաքացիական ծառայողներին առաջարկվել էր պատասխանի 3 տարբերակ` Ա. Տեղեկություն տրամադրող պաշտոնյան պետք է հարցման պատասխանը 5 օրում տրամադրելու համար աշխատի նաեւ աշխատանքային օրվա ավարտից հետո լրացուցիչ։ Այս տարբերակը չէր ընտրել մասնակիցներից և ոչ մեկը: Բ. Պետք է առնվազն զանգահարի եւ զգուշացնի քաղաքացուն, որ հարցմանը 5 օրում պատասխանել հնարավոր չէ` նշելով, թե երբ կտրամադրվի տեղեկությունը։ Այս տարբերակը ընտրել էր 13%-ը (8): Գ. Պետք է գրավոր պատասխան գրությամբ 5-օրյա ժամկետում քաղաքացուն հայտնի ուշացման մասին` նշելով թե երբ կտրամադրվի տեղեկությունը։ Մասնակիցների մեծամասնությունը` 84%-ը (53) ընտրել է այս տարբերակը, 1-ը ընտրել է Բ և Գ տարբերակները միասին, իսկ մեկն էլ չի ընտրել որևէ տարբերակ:
Եթե տեղեկատվության տրամադրման համար օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը բավարար չէ, քաղծառայողների մեծամասնությունը` 61 հոգի (97%) կարծում է, որ պետք է տեղեկատվության տրամադրման ժամկետի փոփոխման մասին պատասխան գրության մեջ հիմնավորել, թե ինչ պատճառներով է հետաձգվում տեղեկատվության տրամադրումը, և միայն 2-ը (3%) պատրաստ չեն հիմնավորել պահանջվող տեղեկատվության տրամադրումը հետաձգելու պատճառները: Ու չնայած մեծամասնության հուսադրող պատասխանին` ԻԱԿ-ի պրակտիկան այլ պատկեր է ցույց տալիս. որպես կանոն` չեն հիմնավորում, թե ինչ պատճառներով է հետաձգվում տեղեկատվության տրամադրումը:
98%-ը (62) գիտի, որ պարտադիր չէ, որ տեղեկություն ստանալու համար դիմած քաղաքացին նշի, թե ինչի համար է ուզում կամ ինչ նպատակներով է օգտագործելու այդ տեղեկությունները, և միայն 1-ն է կարծում, որ պետք է պարտադիր նշվի: Ոչ պատասխանածներից 1 էլ նշել է, որ չնայած օրենքով չի պարտադրվում, «բայց լավ կլիներ պարտադրվեր»: