«Ինչպե՞ս կիրառենք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, երբ այն չենք էլ կարդացել»,- անկեղծորեն խոստովանեց Սարուխան գյուղի ավագանու անդամը։ «Մենք չենք ստանում նույնիսկ հողային, քաղաքացիական օրենսգրքերը, էլ ուր մնաց «ՏԱ մասին» օրենքն ուղարկեին։ Որտեղի՞ց իմանանք` օրենքն ինչ է սահմանում»: Հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱռԹիԱյ կազմակերպության հետ համատեղ Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի քաղաքապետարանների եւ գյուղական համայնքների 34 պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` «Ինչպե՞ս կիրառել «ՏԱ մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Հիմնական բանախոսներ` ԻԱ կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, փորձագետ Լիլիթ Սիմոնյանը եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը մանրամասն ներկայացրին «ՏԱ մասինե օրենքը, դրա կիրառման մեխանիմզներն ու պրակտիկան, այս ոլորտում պետական կառավարման եւ ՏԻՄ պաշտոնյաների պարտականությունները։ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու՞ պետք է ՏԻՄ-երը շահագրգռված լինեն բաց եւ թափանցիկ աշխատել: Մ. Հակոբյանը պատասխանեց, որ նախ` դա օրենքի հստակ պահանջն է ու այն չկատարելն օրինազանցություն է եւ հետո` ՏԻՄ-երի որոշումները կկորցնեն իրավական ուժը եւ այլեւս պարտադիր կատարման ենթակա չեն լինի, եթե չհրապարակվեն: Մ. Հակոբյանը մանրամասն ներկայացրեց նաեւ պարտադիր հրապարակման ենթակա 13 խումբ տեղեկությունների ցանկը: Լանջաղբյուր գյուղի ավագանու անդամ Սերգեյ Ավետիսյանը դժգոհեց, որ ոչ միայն քաղաքացիները, այլեւ հաճախ հենց ավագանու անդամները ժամանակին չեն տեղեկացվում ավագանու նիստերի անցկացման վայրի ու ժամանակի մասին: Իսկ Հայրավանք գյուղական համայնքի ներկայացուցիչ Դավիթ Բադոյանն էլ պնդեց հակառակը. «Նիստերի մասին հայտարարություններ ենք փակցնում, նույնիսկ անձամբ ենք հայտնում ավագանիներին, բայց գալիս է օրը, ու հատուկենտ մարդիկ են ներկայանում»: ԻԱ կենտրոնը աշխատանքային քննարկման մասնակիցներին բաժանեց Տեղեկատվության ազատությանն առնչվող գրականություն` ներառյալ ոլորտին առնչվող օրենսդրական ակտերը` մեկնաբանություններով։ Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին աշխատանքային քննարկման կազմակերպիչներին, իսկ Սարուխան գյուղի ավագանու անդամն ուղղակի ընդգծեց. «Եթե դուք չգայիք, մենք օրենքը կարդացողը չէինք»: