Կարևորելով իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև կառավարություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցությունը՝ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն այսօր իրական սեփականատերերի բացահայտմանը նվիրված համաժողովում անդրադարձավ գործընթացում առկա մարտահրավերներին։ Նա իր ելույթում մեդիաընկերությունների օրինակով առանձնացրեց, թե ինչ խնդիրներ է տեսնում այս բարեփոխման իրականացման ճանապարհին։
- Բիզնես ոլորտը պատշաճ իրազեկված չէ, հետեւաբար պատրաստ չէ բարեփոխմանը։ Ավելին՝ կարող է անակնկալի գալ։ Պատրաստ չէ նաև պետական համակարգը:
- Որոշ մեդիաներ մտավախություն ունեն, որ գործընթացը կարող է սպառնալ մամուլի ազատությանը:
· Իրական շահառուների մասին տվյալները լիարժեք մատչելի չեն հանրային ռեգիստրում։
Խնդիրները մատնանշելուց զատ՝ Շուշան Դոյդոյանը ներկայացրեց նաև, թե որոնք պիտի լինեն հետագա անելիքներն ու քայլերը, որպեսզի հնարավոր լինի ապահովել թե՛ հանրային մեծ վստահություն գործընթացի հանդեպ, թե՛ հանրային մասնակցություն վերահոսկողությանը, ինչն այս գործընթացի հաջողության մեխն է։
Հիշեցնենք, որ դեռևս 2018-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և գործընկեր կառույցների առաջարկով ՀՀ կառավարությունը գործողությունների 4-րդ ծրագրում (2018-2020թթ.) ներառել էր հատուկ հանձնառություն՝ ստանձնելով պարտավորություն ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով։
Ներկայացնում ենք հուլիսի 23-ին Երևանում անցկացվեց «Հայաստանի ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) 2019թ. Ազգային զեկույցի և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացում» համաժողովի՝ ԻԱԿ նախագահի ելույթի տեքստն ամբողջությամբ ։
Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
ՀԿ նախագահ, բգթ
Իրական սեփականատերերի թափանցիկությունը Հայաստանում
Վերջապես հասանք այն կարեւոր փուլին, երբ գործարկվում է իրական շահառուների հանրային ռեգիստրը։ Այսօր արդեն ունենք այս հավակնոտ բարեփոխման իրականացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
Սա երեք տարիների աշխատանքի, քաղաքացիական հասարակություն- կառավարություն արդյունավետ համագործակցության արդյունք է։ Դեռեւս 2018թ.-ի ամռանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և գործընկեր կազմակերպություններն կառավարությանն առաջարկեցին ստանձնել հավակնոտ հանձնառություն Բաց կառավարման գործընկերության շրջանակում բիզնեսի իրական շահառուների թանփացիկության ապահովման նպատակով։
ՀՀ կառավարությունը ԲԿԳ գործողությունների 4-րդ ծրագրում (2018-2020թթ.) ներառեց հատուկ հանձնառություն՝ ստանձնելով պարտավորություն ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով։ Հանձնառությունը որպես պիլոտային ոլորտ ընտրել էր հանքարդյունաբերությունը, ինչն էլ կատարված է այսօր։ Հիմա որպես գործընթացի հաջորդ փուլ ներառվում են բիզնեսի բոլոր ճյուղերը։
Մեդիա ընկերությունների օրինակով ներկայացնեմ, թե ինչ խնդիրներ եմ տեսնում այս բարեփոխման իրականացման ճանապարհին։
– Ինչ խոսք իրական շահառուների թափանցիկությունը մեդիա ոլորտում բացառիկ կարեւորություն ունի. Այն նպաստում է մեդիաների հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, մամուլի պատասխանատվության աճին եւ պատասխանատու խոսքի տարածմանը։ Թափանցիկությունն ապահովում է լրատվամիջոցների իրական սեփականատերերի, ինչպես նաեւ այն բոլոր շահերի մասին ճշգրիտ, արդիական տեղեկություններ ստանալու՝ հասարակության իրավունքի իրացումը, որոնք կարող են ազդել մեդիայում ռազմավարական որոշումների կայացման վրա։
Այս տեղեկատվությունը հասարակությանը հնարավորություն է տալիս վերլուծել եւ գնահատել լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, գաղափարները եւ կարծիքները: Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ով է ֆինանսավորում այս կամ այն լրատվամիջոցը։
Ով է իրական սեփականատերը. համաձայն ԵԽ հանձնարարականի՝ ցանկացած ֆիզիկական անձ, որն ի վերջո տիրապետում կամ վերահսկում է լրատվամիջոցի բաժնետոմսերը, ինչը հնարավորություն է տալիս նրանց անուղղակիորեն վերահսկել կամ ազդեցություն ունենալ ԶԼՄ-ների գործունեության եւ ռազմավարական որոշումների կայացման վրա:
– Սակայն խնդիրն այն է, որ ոլորտը պատրաստ չէ այս բարեփոխմանը։ Ավելին՝ կարող է անակնկալի գալ։ Մեդիա ըկերությունները պատշաճ տեղեկացված չեն այն մասին, որ սեպտեմբերից պարտավորություն ունեն արդեն հայտարարագիր ներկայացնել պետ լիազոր մարմին։ Չի իրականացվում նաև հանրային որեւէ կազմակերպված տեղեկատվական արշավ պետության կողմից հաղորդակցության բոլոր հնարավոր միջոցներով։
– Պատրաստ չէ նաեւ համակարգը այսպիսի լայնածավալ բարեփոխումը կյանքի կոչելու համար։ Պետական ռեգիստրի համակարգի աշխատակազմը ունի՞ արդյոք այնպիսի մարդկային ռեսուրսներ՝ անհրաժեշտ հմտություններով և գիտելիքով` հազարավոր բիզնես ընկերություններին խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու համար: (օրինակ, ինչպես ճիշտ լրացնել հայտարարագիրը)։
– Որոշ լրատվական ընկերություններ մտավախություն ունեն, որ գործընթացը կարող է սպառնալիք ստեղծել մամուլի ազատության համար և իրենց մտահոգությունն են հայտնում, որ եթե նախաձեռնությունը ճիշտ չօգտագործվի, այն կարող է վերածվել լրատվամիջոցներին ճնշելու գործիքի: Սա մեդիաընկերությունների կողմից արտահայտած ամենալուրջ խնդիրն է, քանի որ պետական վերահսկողության ցանկացած փորձ, ի վերջո, կարող է պարունակել միջամտության որոշ ռիսկեր: Մյուս կողմից, վերահսկողության բացակայությունն ի վերջո կարող է գործընթացը ձախողել: Այսպիսով, այստեղ ոսկե միջինը չափազանց կարևոր է: Կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը, այլ ոչ թե պետական գործակալությունները, պետք է նշանակալի դեր ունենան BO տվյալների մոնիտորինգի և հնարավոր անճշտությունների կամ կեղծ տեղեկատվության բացահայտման գործում:
– Սրանից բխում է մյուս կարևոր խնդիրը՝ տվյալների մատչելիությունը հանրային ռեգիստրում։ Տվյալների որոշ ծավալ, այո, բաց է լինելու հանրության բոլոր անդմների համար։ Այդ թվում, օրինակ, իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ և պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանի հետևյալ տեղեկությունները․ 1) անունը, ազգանունը կամ անվանումը և կազմակերպաիրավական ձևը․ 2) պետական գրանցման (հաշվառման) ամսաթիվը․ 3) պետական գրանցման (հաշվառման) համարը․ 4) հարկ վճարողի հաշվառման համարը․ 5) ձեռնարկության կոդային դասակարգիչը (ՁԿԴ)․ 6) գտնվելու վայրը կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն․ 7) իրավաբանական անձի իրական շահառուի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, իրական շահառու դառնալու ամսաթիվը, իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերը. Տվյալների մի մասը, սակայն, հասանելի է լինելու վճարի դիմաց։ Մեր կարծիքով, տվյալների ողջ ծավալը պետք է լինի անվճար և բաց հանրային ռեգիստրում։ Այն փաստարկը, թե պետությունը ծառայություն է մատուցում եւ պետք է վճարել դրա դիմաց, անմտություն է, քանի որ մենք արդեն վճարել ենք պետությանը մեր հարկերի տեսքով։ եւ երկրորդ, պետության շահից է բխում հանրային լայն մատչելիությունը՝ հանրային վերահսկողությունը առարկայական դարձնելու առումով։ Տեղեկատվության սահմանափակ հասանելիությունը կարող է արհեստական խոչընդոտ ստեղծել քաղաքացիական հասարակության համար` վճռական դեր ստանձնել գործընթացի վրա ուժեղ հասարակական վերահսկողություն կիրառելու գործում` ներառյալ տվյալների ճշգրտությունը ստուգելը, վերլուծելը և քննարկելը: Առանց այս հնարավորության գործընթացը կլինի ձևական: Դա կխաթարի հանրային ռեգիստրի իրական արժեքը:
– Վերջին մարտահրավերը կապված է պատասխանատվության և պատժամիջոցների հետ: Կարծում եմ, որ վարչական կամ քրեական պատասխանատվության կիրառումը կարող է խոչընդոտելու ռիսկ առաջացնել: Հատկապես, լրատվամիջոցների ոլորտում պետք է խթանվեն և կիրառվեն ինքնակարգավորվող մեխանիզմները՝ ավելի ուժեղ և երկարաժամկետ ազդեցություն ունենալու համար: Պատասխանատվության միջոցները պետք է լինեն կանխարգելիչ և ոչ միայն պատժիչ կամ ռեպրեսիվ: Կարծում եմ, որ ներկայում օրենսդրության մեջ այս մոտեցումը բացակայում է:
Որո՞նք են մեր հետագա անելիքները.
– Լրատվամիջոցների միջավայրը պետք է պաշտպանված լինի և խնամքով դիտարկվի այս բարեփոխումների համատեքստում: Քաղաքացիական հասարակությունը պետք է գործարկի հանրային վերահսկողության տարբեր մեխանիզմներ։ Այս առումով ես որպես լուծում եմ տեսնում RSF- ի Լրատվամիջոցների սեփականատերերի մոնիտոր http://www.mom-rsf.org/en/about/methodology/ մեխանիզմի կիրառումը: Սա քարտեզագրման գործիք է՝ հանրության համար մատչելի, անընդհատ թարմացվող տվյալների շտեմարան, որտեղ ցուցակագրվում են լրատվամիջոցների բոլոր տերերը: Այն կարող է դառնալ վերահսկողության այլընտրանքային գործիք:
– Բոլոր շահագրգիռ կողմերի, բիզնես ասոցիացիաների, մասնավոր ընկերությունների հետ հանրային քննարկումները պետք է լինեն մշտական գործընթաց: Քննարկումները կարևոր են, որպեսզի ստեղծվի հանրային պահանջ` բիզնեսի սեփականատերերի թափանցիկության ապահովման համար։ Հասարակությունը պետք է հետամուտ լինի իրացնելու իր իրավունքն ու օրինական շահը՝ տեղեկություն ստանալ բիզնեսի տերերի մասին:
– Քաղաքացիական հասարակության համար պետք է լիարժեք և բաց լինի հանրային ռեգիստրը` գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողություն կիրառելու համար:
Ես համոզված եմ, որ եթե այս խնդիրները և մարտահրավերները պատշաճ կառավարվեն և իրականացվի լայնածավալ եւ որակյալ հանրային հաղորդակցություն՝ հանրությանը տեղեկացնելով գործընթացի առաքելության մասին հասկանալի եւ մարդակենտրոն լեզվով, մենք կունենաք թե՛ հանրային մեծ վստահություն գործընթացի հանդեպ, թե՛ հանրային մասնակցություն վերահոսկողությանը, ինչը այս գործընթացի հաջողության մեխն է։