Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ադրբեջանի քարոզչական թեզերը և Հայաստանի տեղեկատվական դիմադրողականությունը

Անուշ Ղավալյան

Արցախի հայաթափումը և բռնազավթումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գրավականը չդարձավ՝ ինչպես հիմնավորում էին ՀՀ իշխանություններն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելիս։ Հայաստանը շարունակում է թիրախավորվել  թե՛ հողի վրա, թե՛ տեղեկատվական տիրույթում։ 

2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական կլանումից հետո Ադրբեջանը վերաձևակերպեց իր նարատիվներն ու թեզերը՝ ավելացնելով նորերը, որոնք հիմնականում անմիջական, այդ թվում՝ տարածքային պահանջներ են Հայաստանին։

Ադրբեջանական նարատիվներն ու թեզերը տարբեր մեթոդների և դերակատարների միջոցով ներթափանցում են հայկական մեդիա և սոցիալական ցանցեր, ազդում ներքաղաքական դիսկուրսի վրա: 

«Ադրբեջանը փորձում է ազդել մեր մտածողության, մեր ինքնության վրա, հայկական լսարանին համոզել իրենց կեղծ փաստերի մեջ՝ փորձելով կասկածի տակ դնել ոչ միայն պատմական ու իրավական փաստերը, այլև Հայաստանի դերն ու տեղն աշխարհում։ Բաքուն նաև կասկածի տակ է դնում Հայաստանի՝ որպես ինքնիշխան երկիր լինելու իրավունքն ու կարողությունը»,–  մեզ հետ զրույցում նշեց միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը՝ մատնանշելով այս ուղղությամբ Ադրբեջանին հակազդելու համար ռեսուրսների հատկացման անհրաժեշտությունը։

Ուշագրավ է, որ Հայաստանի դեմ իր նարատիվները Բաքուն փորձում է լեգիտիմացնել միջազգային հանրության կողմից։

«Միջազգային հանրությունը մեր կողքին է։ Այն մեզ աջակցեց և՛ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և՛ հակաահաբեկչական գործողության ժամանակ»,- փետրվարի 14-ին կայացած երդմնակալության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Իր թեզերում միջազգային հանրության լռելյայն համաձայնությունը ստանալու  Արցախում հաջողված այս փորձը Ադրբեջանը կիրառում է Հայաստանի դեմ։ Օրինակ՝ Հայաստանի Սահմանադրության փոխման պահանջը քննարկման առարկա  դարձնելով փետրվարի 22-ին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հանդիպմանը։

Նույն հանդիպմանը ադրբեջանական կողմը խոսեց նաև միջազգային կազմակերպություններում և դատարաններում Հայաստանի դիրքորոշման անընդունելության մասին։ Իսկ մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաքվի հետ բանակցություններում քննարկվում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց։ 

Ադրբեջանական քարոզչական թեզերը 

Ադրբեջանական թեզերի ցանկը մեծ է. «ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը չի կատարում իր սկզբնական խնդիրը», «Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցելու արևմտյան պատժամիջոցները», «Հայաստանը 1.5 միլիոն ական է տեղադրել», «Հայաստանը պետք է վերադարձնի ութ գյուղերը» և այլն։ Դիտարկենք երեքը։ 

Թեզ 1. «Խաղաղության պայմանագիր չկա Հայաստանի պատճառով»

«Եթե ​​մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,-  փետրվարին հինգերորդ անգամ Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ ընդգծել է Իլհամ Ալիևը։

«Նախկինում խաղաղության այդ համաձայնագիրը չկար Արցախի պատճառով, հիմա այլ պատճառներ են հորինվում։ Խոշոր հաշվով դա վկայում է, որ Արցախի հարցը ոչ թե առանձին հիմնախնդիր էր, որի լուծումը կկարգավորեր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, այլ ավելի խորքային»,- մեզ հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ Արցախցի պատգամավորի խոսքով Արցախի կորուստը ցույց տվեց, որ զիջումները լուծում չեն։ 

Խաղաղության պայմանագրի նախագծին ու Երևանից Բաքու, Բաքվից Երևան ուղարկված առաջարկներին ծանոթ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի պնդմամբ բանակցային այսօրվա ձևաչափը Հայաստանին խաղաղություն չի բերի, քանի որ բացակայում է հիմնախնդրի գլխավոր մեխը՝ Արցախի ու արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը։ 

«Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք չէ։ Այն իմիտացիոն գործընթացի փաթեթավորումն է այժմ առաջ քաշում՝ փորձելով Հայաստանից փուլ առ փուլ  ստանալ իր պահանջները»,- հեռախոսազրույցի ժամանակ ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը, նշելով, որ Հայաստանն այսօր լռելյայն իրականցնում է դրանք։

«Տավուշի չորս գյուղերից, միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը փուլ-փուլ զիջումներով ստատուս քվոն պահելու, Ադրբեջանի շանտաժի դեմ թույլի դիրքերից ինքնապաշտպանվելու, արդարանալու փորձ է, որը Հայաստանին խաղաղություն չի երաշխավորի»,- եզրափակեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Թեզ 2. «Հայաստանը զենք է ձեռբերում ռևանշի համար»

«Եթե անգամ այս կամ այն ​​զենքը մատակարարվի Հայաստանին, դա նրանց չի օգնի։ Ես բազմիցս ասել եմ հայկական կողմին։ Դա կարող է պատրանք ստեղծել, որ դուք վրեժ եք լուծելու։ Ձեզ չի հաջողվի», – հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանը վտանգ ներկայացնի։

«Ռևանշի» նարատիվի շրջանակներում ուղղակի թիրախում է նաև Ֆրանսիան, որը, ըստ ադրբեջանական կողմի, աջակցում է Հայաստանի հարձակողական քաղաքականությանը։

«Ֆրանսիան համառորեն փորձում է զինել Հայաստանին՝ քաջ գիտակցելով, որ այս կերպ տարածաշրջանում խաղաղություն չի լինի»,- Ինդեփենդենտ Արաբիային տված հարցազրույցում Ֆրանսիայի զինված  ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուի այցն ու զենքի ձեռքբերումը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նախքան Երևան ժամանելը, ֆրանսիական RTL-ի հետ զրույցում Լըկորնյուին ասել էր, որ Հայաստանն անվտանգային լուրջ մարտահրավերներ ունի, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, սահմանների պաշտպանությանը՝ կապված Ադրբեջանից հնարավոր կամ բխող սպառնալիքների հետ։

Թեզ 3. «Հայերը սեփական կամքով են լքել իրենց տները»

Հայաստանի դեմ նարատիվներում Արցախի թեման փակված համարելով՝ Բաքուն փորձում է փակել նաև արցախցիների վերադարձի իրավունքի թեման, հայտարարելով, որ հայերն իրենց տները լքել են կամովին, առանց որևէ բռնության։ Այս թեզը ևս մեկ անգամ շեշտվեց Ալիևի կողմից 5-րդ անգամ պաշտոնը ստանձնելու ժամանակ։ Իսկ ադրբեջանական ԱԳՆ-ն քննադատության ենթարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին՝ Արցախի հայերի բռնագաղթի մասին հայտարարությունների համար։

«Տասն ամիս տևած շրջափակումն ու մարդկանց դիտավորյալ սովամահության մատնելը, սեպտեմբերյան ագրեսիան և դրա ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի դիտավորյալ թիրախավորումը, Ստեփանակերտը համայնքներին կապող ճանապարհների արգելափակումը բռնություն չե՞ն»,- մեզ հետ զրույցում շեշտեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նշելով, որ հենց այս բռնությունների հետևանքով ստեղծված ողբերգական իրավիճակը պետք է  աչքի առաջ ունենալ՝ հասկանալու, թե ինչու մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում լքեցին իրենց հայրենիքը, տները, գերեզմաները։

«Իրենց տներում հայերի անվտանգ ապրելու իրավունքի իրացումն անհնար էր նաև ադրբեջանական հասարակության մեջ հայատյացության ահռելի ծավալների պատճառով, որը տարիներ շարունակ ներարկվել է  պետական մակարդակով»,- ընդգծեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Հայաստանի տեղեկատվական դիմադրողականությունը 

Հայկական տեղեկատվական տիրույթում ադրբեջանական թեզերը հայտնվում են մի քանի ճանապարհով։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց չորսը․ 

  1. Մոխրագույն աղբյուրների օգտագործմամբ, երբ ադրբեջանական կողմը հենց ինքն է իր թեզերն առաջ տանում հայկական տեղեկատվական տիրույթում՝ կոտրված հայկական էջերով կամ հայալեզու ադրբեջանական լրատվամիջոցներով։ Հայերի մի ստվար հատված հայերեն նյութերն ապրիորի ընդունում է որպես հայկական աղբյուր և տարածում։ 
  2. Միջնորդավորված հնարավորությամբ, որի տարածված ձևերից մեկը ռուսաստանյան կամ ռուսալեզու տելեգրամյան ալիքներին վճարելով իրենց թեզերը տարածելն է։ Այս նյութերն այնուհետև ինքնաբուխ հայտնվում են հայկական տեղեկատվական դաշտում։ 
  3. Ներքին բուն գիտակցված տարածմամբ, երբ ադրբեջանական նյութերը վերահրապարակում և դիսկուրս են մտցնում հենց հայերը՝ հոգեբանական որոշակի գործոններով պայմանավորված։ 
  4. Քաղաքագետների ու լրագրողների կողմից այդ թեզերի գիտակցված օգտագործմամբ, որը կատարվում է ներքաղաքական շահերից ելնելով։ 

«Ադրբեջանական քարոզչական պատերազմին հակազդելու ուղղությամբ որոշակի քայլեր արվում են։ ԱԳՆ-ն, այլ կառույցներ, ՀԿ-ներ ակտիվություն են ցուցաբերում, բայց այդ հակազդումը չի կրում ռազմավարական բնույթ և մասշտաբային առումով համարժեք  չէ մեր դեմ վարվող տեղեկատվական հարձակումներին»,- ընդգծեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը, նշելով, որ այդ գործողությունները հիմնականում առանձին խմբերի,  անհատների աշխատանք է, որը տեղային բնույթ ունի։ 

Մարտիրոսյանը կարևորեց պետության կողմից ռազմավարություն, համապատասխան կառույց ունենալու, ինչպես նաև Սփյուռքի հետ համագործակցելու անհրաժեշտությունը։ 


Նյութը պատրաստվել է 2024թ.-ի փետրվարին: Նյութը պատրաստվել և հրապարակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող Աջակցություն Արցախի մեդիա մասնագետներին ծրագրի շրջանակներում: Ծրագրին աջակցում է Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը (RSF) : Նյութում տեղ գտած կարծիքները և մեկնաբանությունները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ԼԱՍ (RSF) կարծիքի հետ:
© Նյութն  արտատպելու կամ օգտագործելու դեպքում ակտիվ հղումը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին պարտադիր է:
Skip to content