Սիրվարդ Մարգարյան
Արցախից Հակարի կամուրջ ձգվող 3-ժամյա դժոխային ճանապարհը 30 ժամում կտրող-անցնող արցախցի բռնի տեղահանվածների խոսակցությունների թեմաների մեջ նաև Արցախի քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածների մասին լուրերն էին. ոմանց հանդիպել էին ճանապարհին, հսկիչ անցագրային կետերում…Մարդիկ իրար հարցնում էին՝ ինչպե՞ս, ո՞ր օրենքով, որտեղ ու ինչպես պետք է որոշվի կալանավորների և դատվածների հետագա կարգավիճակը, ինչ է սպասվում նրանց:
2023թ.-ի սեպտեմբերի 21-ից հետո Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստան մեկնող բռնի տեղահանվածները:
Մինչ այս հոդվածի պատրաստումը բաց աղբյուրներից նախ փորձեցինք ճշտել, թե Արցախից քանի կալանավոր և դատապարտյալ է ազատ արձակվել, քանիսն են տեղափոխվել Հայաստանի քրեակատորաղական հիմնարկներ: Այսպես.
2023թ.-ի հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտնեց, որ բռնի տեղահանման օրերին Արցախից ազատ է արձակվել մոտ 11 կալանավոր:
«Բոլորի տվյալներն ունենք: Որոշ անձանցով, որոնք մեղադրվում են պետական դավաճանության համար, զբաղվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որոշ անձանցով էլ զբաղվում է ոստիկանությունը»,- ասաց Ներքին գործերի նախարար Ղազարյանը։
Ավելի վաղ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի 1 դատապարտյալ և 15 կալանավոր բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել։ Նրանց ազատ արձակելու որոշումը կայացրել է Արցախի քննչական կոմիտեն։
«2020-2023 թթ․-ին Արցախի կալանավորների թիվը եղել է 18, որոնցից 12-ը պահվել են Ստեփանակերտի ժամանակավոր մեկուսարաններում կամ ձերբակալվածների պահման վայրերում, իսկ 6-ը՝ մինչև միջանցքի փակվելը տեղափոխվել էին հայաստանյան ՔԿՀ-ներ: Բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել Արցախի բոլոր 12 կալանավորները և Հայաստանում պահվող 6-ից 3-ը»,-հավելել է Գեղամ Ստեփանյանը։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից Ազատությանը հայտնել են, որ վերջին անգամ Արցախից կալանավորներ 2020 թվականին են տեղափոխվել Հայաստան և ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ։
Քրեակատարողական ծառայությունը նշել է նաև, որ 2020 թ․-ի հոկտեմբերից մինչև 2022 թ․ դեկտեմբեր Արցախի ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանից և քրեակատարողական հիմնարկից Հայաստան է տեղափոխվել 81 ազատազրկված անձ, որոնցից 17-ը՝ դատապարտյալ, 64-ը՝ կալանավոր։ Նրանք պահվել են ՀՀ ԱՆ «Գորիս», «Նուբարաշեն», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Սևան» ՔԿՀ-ներում։
2023-ի դեկտեմբերին, ՀՀ արդարադատության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հայտնել է, որ նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված կամ մեղադրվող 20 անձ:
2024թ.-ի հունվարի 25-ի դրությամբ, Հայաստանում շարունակվում են պահվել նշված 17 դատապարտյալները և կալանավորներից միայն 3-ը: Մնացած 61 կալանավորների վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, Արցախի դատարանները կայացրել են խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումներ:
Ամփոփելով հրապարակված թվերը, պարզ է դառնում, որ
44 օրյա պատերազմից հետո, երբ Արցախի միակ Շուշիի քրեակատարողական հիմնարկն անցավ ադրբեջանցիների վերահսկողությայն տակ, 12 կալանավոր տեղափոխվել է Ստեփանակերտ, իսկ 64 կալանավոր և 17 դատապարտյալ տեղափոխվել են Հայաստանի տարբեր ՔԿՀ-եր մինչև 2022 թվականի դեկտեմբեր:
Բռնի տեղահանումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի ՔԿՀ-եր Արցախի կալանավորներ կամ դատապարտյալներ չեն տեղափոխվել:
Փոխարենը, Հայաստանի Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են կալանավորված մնալ 2020 թվականից մինչև 2022 թվականի դեկտեմբերը Արցախից տեղափոխված միայն 3 կալանավոր (64 տեղափոխվածից) և 17 դատապարտյալ: Իսկ բռնի տեղահանումից հետո Արցախի քննչական կոմիտեի որոշմամբ ազատ են արձակվել 15 կալանավոր (12-ը Արցախում պահվող, 3-ը Հայաստանում) և 1 դատապարտյալ:
Ազատ արձակվածների մեջ կան պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվողներ
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արտեմ Հարությունյանի՝ մեզ տրամադրած տեղեկությունների համաձայն՝ բռնի տեղահանման օրերին Արցախի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից բաց թողնվածներից 6-ը ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձինք են, 4-ը՝ մեղադրվում են լրտեսության մեջ: Նրանք ազատ են արձակվել փաստաբանների գրությամբ, չնայած արձակումը պիտի լիներ որոշմամբ, սակայն կրիտիկական իրավիճակից ելնելով՝ հնարավոր չէր դատական նիստ հրավիրել, և դատարանից բերած համապատասխան գրությամբ նրանք ազատ են արձակվել: Այս անձանց վերաբերյալ գործերը, սակայն, չեն կարճվել, իսկ թե ինչ ընթացք են ստանալու, դեռևս պարզ չէ:
Ըստ Արտեմ Հարությունյանի՝ նրանց ցուցակը հանձնվել է ՀՀ համապատասխան կառույցներին, որպեսզի նրանք զբաղվեն վերջիններիս գործերով,
«ընթացքի մասին դեռևս մենք էլ ոչ մի տեղեկություն չունենք: Մենք բոլորս աշխատանքից ազատված ենք: Մեր գործառույթի շրջանակներում բոլոր ցուցակներն ու տվյալները տրամադրել ենք, հարցը վերադաս մարմիններում քննարկվել է՝ և ոչ մեկ անգամ»:
Լրտեսության գործով փաստաբան Արտյուշա Մադաթյանի պնդմամբ՝ տեղահանությունից հետո ինքն այլևս որևէ առնչություն չի ունեցել քրեական գործի հետ, ինչը նրա կարծիքով նորմալ չէ: Նա միայն տեղյակ է, որ Ստեփանակերտում իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել են ու ազատ արձակել, բայց հայաստանյան ընթացքի մասին ինքն իրազեկված չէ:
«Ճիշտ է, իրավիճակը նախանձելիներից չէր, սակայն միանշանակ է, որ տեղի է ունեցել պաշտոնեական անփութություն, տեղի պատկան մարմիններն անտեղյակ են, որովհետև քրգործերը որքանով ես եմ տեղյակ Հայաստան չեն տեղափոխվել»,- ասաց զրուցակիցս:
Փորձառու փաստաբանի կարծիքով՝ տեղի ունեցած իրադարձություններն իրենց տեսակով ու բնույթով աննախադեպ են, ուստի ինքը դժվարանում է խոսել հետագա ընթացքի ու դեպքերի զարգացումից: Իմ այն հարցին՝ թե ո՞վ է վերջապես այս ամենի պատասխանատուն, պրն. Մադաթյանը շեշտեց՝ պատասխանատուն համակարգն է, քրեական գործը մնում է քրեական գործ, մեղադրյալը կամ պիտի պատիժը կրի, կամ պիտի գործը կարճվի ու արդարացվի, այլ տարբերակ չկա:
Արցախի ծանր քրեական գործերով դատավոր Դավիթ Ավանեսյանը մեզ հայտնեց, որ պետական դավաճանության հոդվածով վճիռ կայացրել է միայն մեկ հոգու վերաբերյալ: Վճիռը բողոքարկվելուց հետո գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան: Նրա ունեցած տվյալներով՝ պետական դավաճանության գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի եղել: Պետական դավաճանության մեջ մեղադրվողներ էլի եղել են, բայց նրանց գործերը դեռևս նախաքննական փուլում էին:
Արցախի պետական ծառայողներից մեկն էլ, ով խնդրեց իր անունն ու պաշտոնը չնշել, մեզ հետ զրույցում պատմեց, որ լրտեսության մեջ մեղադրվող Ա. Հարությունյանը, աշխատելով ԱՀ ներկայացուցչությունում, գնացել, հասել է Ուկրաինա և լրտեսության պայմանագիր է ստորագրել, որից 6 ամիս անց մեկնել է Վրաստան և վերահաստատել իր պարտավորագիրը: Դատարանում անընդհատ պնդել է, որ ինքը ինֆորմացիա է տրամադրել՝ կարծելով թե այն գիտական աշխատանքի համար է, այնինչ ՚՚գումարի, օծանելիքի, պայուսակի դիմաց և գործակալի նվիրած այֆոն հեռախոսի մեջ տեղադրված սարքի միջոցով փոխանցել է տեղեկություններ, հեռախոսում նաև սկաներային սարք է եղել տեղադրված:
2023թ. հուլիսի 11-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Արզիկ Հարությունյանը պետական դավաճանության մեղադրանքով 10 տարվա ազատազրկման էր դատապարտել: Մեր զրուցակցի տվյալներով՝ Հարությունյանն այժմ ազատության մեջ է: Այլ մանրմասներ նա չասաց:
ՆԳՆ ոստիկանության նախկին պետ Արտեմ Հարությունյանի պարզաբանմամբ՝ Արցախում կալանավորներին ազատ են արձակել, որովհետև խնդիր է եղել ոչ միայն տեղափոխման համար հատուկ մեքենայի առկայությունը, այլև նրանց անցակետով անցկացումը, պարզ է թե ինչ շոու կդառնար, եթե ադրբեջանցիները անցակետում պարզեին, որ անցակետն հատում է իրենց գործակալը, որն Ադրբեջանը համարում է իր հայրենիքը:
Նրա կարծիքով խնդիրը դժվարագույններից է, քրեական գործերը մնացել են Ստեփանակերտում, մի մասը ոչնչացվել, նոր գործ կազմելն ու նոր հիմքեր ստեղծելը գրեթե անհնար է, ընդհում մինչև տեղահանության վերջին օրը Արցախում սպանության դեպք է արձանագրվել… Հաղորդումը տրված է, տվյալները նույնպես, սակայն ոչինչ ձեռնարկել հնարավոր չէ, դեպքի վայրը չկա, սպանվածը չկա, դատաբժշկական փորձաքննության արդյունքները չկան: Քրեական դատավարության օրեսգիրքով հանցագործությունը պիտի քննվի տվյալ տարածքում որտեղ որ դեպքը տեղի է ունեցել, միայն դա հիմք է քննությանը խոչընդոտելուն:
Գործ ունենք կազուսի հետ
Ո՛չ Արցախի, և ո՛չ Հայաստանի պատկան մարմինները հստակ չեն նշում, թե ինչ նախապայմաններով են ազատ արձակվել կալանավորվածները և դատապարտյալը և ինչ ընթացք պետք է ունենան նրանց վերաբերյալ քրեական գործերը: Նրանք կալանավորվել կամ դատապարտվել են Արցախի օրենսդրությամբ: Արդյոք Հայաստանում իրավական առումով հնարավոր կլինի շարունակել այդ գործերի քննությունը:
ՀՀ Քրեական օրենսգրքի ՔՕ 12-րդ հոդվածով սահմանվում է, որ
«Քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ-ում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը հանցանք է համարվում դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:
Իսկ եթե հանցանքը նշված անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա նրանք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ ՔՕ-ով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում:
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի պարզաբանմամբ՝ տվյալ դեպքում քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որևէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյոք միջպետական որևէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր, իսկ եթե համարում ենք որևէ պետությանը չպատկանող տարածք, այստեղ կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ։
Տիկին Սահակյանն նշում է, որ
«Գործ ունենք կազուսի հետ. Մի կողմից հասարակության անվտանգության հարցն է, մյուս կողմից՝ անձը չի կարող գտնվել անազատության մեջ առանց անհրաժեշտ և բավարար իրավական հիմքերի»:
Նրա խոսքով՝ եթե հանցագործին չեն ներկայացնում այն երկրին, որն ի սկզբանե քրեական իրավազորություն ունի հանցագործության նկատմամբ, ապա ուղղակի կալանավորվածին այլ երկրում որպես կալանավոր պահելու իրավական մեխանիզմներ գոյություն չունեն:
Արցախցի մեկ այլ իրավաբան Դավիթ Հովհաննիսյանն էլ Սիվիլնեթի հետ զրույցում նշել է, որ անթույլատրելի է նրանց ազատ արձակել, նրանք դատարանների որոշումների համաձայն՝ պետք է կալանավորվեն մինչև վերջնական՝ Հայաստանի դատական համակարգի կողմից դատապարտվելը։
Այստեղ պետք է նշել, որ դեռևս 2023թ.-ի հոկտեմբերի 19-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Արցախի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ դատավորները եւ գլխավոր դատախազը, շարունակելու են հասարակական հիմունքներով պաշտոնավարել Հայաստանում եւ հոկտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության անունից նրանց տված փաստաթղթերը համարվելու են վավեր։
Պատկան մարմինները հստակ և կոնկրետ տեղեկություններ չեն տալիս
Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով 8 կետից բաղկացած հարցում ուղարկեցինք երեք գերատեսչություն՝ ՀՀ արդարադատության, Ներքին գործերի նախարարություններ և ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Ցանկանում էինք տեղեկություններ ստանալ ԱՀ-ում կալանավորված, պատիժը կրող անձանց ազատման իրավական հիմքերի, ազատ արձակվածների թվի վերաբերյալ, ինչպես նաև՝ արդյոք այդ անձինք հաշվառված են ՀՀ պատկան մարմինների կողմից և ինչ աշխատանքներ են տարվում նրանց հետ: ՀՀ երեք գերատեսչությունից էլ կոնկրետ պատասխաններ չստացանք:
Չնայած Ներքին գործերի նախարարը ԱԺ-ում խոսել էր այս մասին և նշել, որ բոլոր ազատ արձակված կալանավորների տվյալներն էլ ունեն և թե ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն զբաղվում են, ՆԳՆ-ից, ի պատասխան մեր հարցմանը, առաջարկել էին դիմել ՀՀ Ազգային անվտանգությանա ծառայությանը:
ԱԱԾ-ն էլ պատասխանել է, թե հայցվող տեղեկությունների տրամադրումը դուրս է ծառայությունների լիազորությունների շրջանակից:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունն էլ մեզ հայտնել է, թե մեր հարցերի վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Փաստաբան Վադիմ Հայրապետյանի կարծիքով՝ մինչ Արցախի հանձնումը թշնամուն, նախադեպեր եղել են, երբ Արցախում բացված քրգործը շարունակվել է Հայաստանում և հակառակը: Ի վերջո այդ նույն Ա. Հարությունյանի մասով հենց ՀՀ ԱԱԾ-ն է բացահայտել ու ձերբակալել, և ոչ միայն նրան:
Խնդրի լուծման ճանապարհները
Մի շարք իրավաբանների հետ զրուցելուց և պետական մարմիններից ոչ հստակ պատասխաններ ստանալուց հետո խնդրի վերաբերյալ հարցերի «փաթեթով» դիմեցինք ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանին: Տասնամյակներ շարունակ նման խնդիրների հետ առչվող ու նմանատիպ հարցերով զբաղվող իրավաբանը խոստացավ մեզ հետ միասին հետևել հետագա գործընթացներին, իսկ անհրաժեշտության դեպքում ցուցաբերել գործուն աջակցություն՝ խնդրին իրավական լուծում տալու ճանապարհին:
Լուսանկարում՝ ձախից ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, աջից՝ լրագրող Սիլվա Մարգարյանը:
Տիկին Ալավերդյանի համոզմամբ՝ տվյալ դեպքում առաջին քայլը պիտի անեին Արցախի Հանրապետության պատկան մարմինները:
«Հայաստանի և Արցախի Հանրապետություններն ունեին պայմանագրային հարաբերություններ բոլոր մակարդակներում և բոլոր գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում: Չի եղել այդպիսի մի բաց իրավական դաշտում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունենար միջազգային բնույթ կրող պայմանագիր: Ինչու՞ եմ ասում միջազգային բնույթ կրող, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային պայմանագրերի մասին օրենք, որտեղ գրվում է, որ միջազգային պայմանագիրը կնքվում է պետությունների հետ և այլ սուբյեկտների հետ… 1992թ., երբ ես եղել եմ Ազգային Ժողովի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի փորձագետ, այդ ժամանակներից մենք ուղղակի բոլոր մակարդակներով հասել ենք նրան, որ բոլոր պայմանագրերը լինեն ու գործեն: Այդ առումով, տվյալ դեպքում կամ ՀՀ իշխանությունները պիտի դիմեին, կամ էլ Արցախի Հանրապետության պետական մարմինները պարտավոր էին բոլոր այդ նյութերը հանձնել նրանց: Կրկնում եմ կամ պետք է հարցումը լիներ ՀՀ պատկան մարմիններից, կամ ուղղակի, որպես պարտականություն պատասխանատուները գործերը բերեին ու հանձնեին Հայաստանի համապատասխան ատյաններին: ԱՀ պատկան մարմինների աշխատողները գիտեին, թե ինչի համար են այդ անձինք եղել դատապարտված և տիրապետում էին բոլոր մանրամասներին: Այս դեպքում առաջին քայլը պիտի անեին Արցախի Հանրապետության պատկան մարմիները»:
Մեր այն դիտարկմանը, թե շատերը Արցախն օրենքից դուրս են դիտում, քանի որ Արցախը, որպես առանձին պետություն, առնվազն ՀՀ իշխանության կողմից չի դիտարկվում այն նույն կարգավիճակով, ինչ նախկինում էր, և դեռ ավելին՝ բարձրագույն իշխանության մակարդակով հայտարարվել է, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, տիկին Ալավերդյանը պնդեց իր տեսակետը.
«Դա ամբողջովին հակաիրավական է, հակապատմական է, մինչև անգամ հակաքաղաքական է, և խոսքը հիմա գնում է քաղաքականացված, կամ աշխարհաքաղաքականեցված շահերի և կներեք տարբեր երկրների, կամ աշխարհի ուժեղների քմահաճույքների»:
Իսկ Արցախն օրենքից դուրս գտնվելու մեր ձևակերպմանն ի պատասխան Լարիսա Ալավերդյանն ասաց՝ այդ մարդկանց մենք չենք կարող դիտել օրենքից դուրս, դա այդպես չէ, նրանք ջուգլիներում չեն հայտնվել: Նրանք մի իրավական դաշտից, տեղափոխվել են նման մեկ այլ իրավական դաշտ: Այն քրեկատարողակականի պետը, որը ստիպված է եղել կրիտիկական, ֆորսմաժորային, անհաղթահարելի պայմաններում,դիմել այդ քայլին, նա պիտի տա դրա բացատրությունը: Մենք պետք է ստանանք պատկան մարմիններից պատասխան: օրենքը պիտի գործի:
Տիկին Ալավերդյանը նաև շեշտեց, որ ինքը չի համարում Արցախի Հանրապետությունը լուծարված, և քանի որ դա այդպես չէ իրավունքի ուժով, դրա համար ինքն առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը՝ մնալ պահանջատիրության մեջ այնքան ժամանակ, մինչև կստանան համարժեք պատասխան և համարժեք գործողություն:
«իրավական խտրականության ու անհավասարության խնդիր է, որը պիտի լուծվի բոլորիս ջանքերով: լուծումը պիտի գտնվի և եթե այդ ուղղությամբ ոչինչ չենք անում նաև մեր պատասխանատվության խնդիրն էլ է այստեղ ծագում՝ որպես քաղաքացի», ամփոփեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: