Գայանե Գևորգյան
Պատերազմի և շրջափակման հարվածներն արցախցիների տներում էին, երբ տեղի ունեցավ նոր աղետը:
Ստեփանակերտի բնակչուհի Արմինե Բաղդասարյանն այդ օրը մնացածների նման հավաքում էր իրերը՝ ստիպված լքելու իր ծննդավայրը: Բոթը, որը նա լսեց քիչ հետո, տակնուվրա արեց ամեն ինչ:
«Երբ փողոցում իրարանցում սկսվեց, դուրս եկա պատշգամբ: Իմ այն հարցերին, թե ի՞նչ է պատահել, ասացին, որ բենզինի պահեստն է պայթել: Հասցրի կոշիկներս հագնել ու դուրս վազել: Ամուսինս ու եղբայրս այնտեղ էին»,-վերհիշում է:
Արմինեի ամուսինը՝ Հայկ Զարգարյանը, հրաշքով փրկվել է, ստացել է վերին վերջույթների այրվածքներ։ Եղբորը՝ Գագիկ Բաղդասարյանին, որը ոստիկանության աշխատակից էր, միայն ամիսներ հետո հնարավոր եղավ ԴՆԹ թեստով գտնել:
Հարյուրավոր մարդկանց հնարավոր չեղավ փրկել, բայց կային նաև հրաշքով փրկվածներ։ Արցախցի Էմանուելլա Խաչատրյանն այդ օրն արդեն բռնել էր գաղթի ճանապարհը, երբ ճանապարհին լսեց պայթյունի մասին, որտեղ իր հայրն ու եղբայրն էին՝ Խաչատրյան Կարենն ու Խաչատրյան Հարութը։ Եղբոր ձեռքերն էին այրվել, բայց հորը պայթյունի ալիքը դեն էր շպրտել, ինչի արդյունքում գլխի շրջանում բազմաթիվ քերծվածքներ, նաև ուղեղի ցնցում էր ստացել։ Մինչև հիմա բուժումներ է ստանում։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի տեղեկատվական շտաբի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր.
«Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ»։
«Ահավոր դղրդյուն լսեցի ու տեսա երկինք բարձացող կրակի բոցերը»,- «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում պատմել է մի բնակիչ, որը եղել է քաղաքի հակառակ ծայրում:
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել էր բենզինի ցիստեռնի պայթյունից: Պահեստում հարյուրավոր մարդիկ են եղել՝ կառավարության խոստացած 3-ից 5 լիտր անվճար բենզինը ստանալու համար:
39° 51′ 53.4452″ N 46° 45′ 40.5979″ E Պայթյունի Գուգլի քարտեզով:
Արցախի Տեղեկատվական շտաբը պարբերաբար ներկայացնում էր իրավիճակը: Սեպտեմբերի 26-ի հաղորդագրություն.
«Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքերը փրկելու համար: Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքերը փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու: Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ»:
Զոհերի և վիրավորների մասին պաշտոնական տվյալները
218 զոհ, 120 վիրավոր, 21 անհետ կորած
2023-ի դեկտեմբերի 22-ի ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրեց պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների մասին տվյալների ամփոփումը.
«…պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայող, 31-ը՝ զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։
Պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ հիմնականում այրվածքների տեսքով։ Քննության այս պահի տվյալներով՝ անհայտ է 21 անձի գտնվելու վայրը։
Մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել է նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարույթային գործողությունների միջոցով։
Պայթյունի հետևանքով մահացած 218 անձանցից 3-ի ինքնությունը քննությամբ դեռևս հնարավոր չի եղել պարզել, քանի որ նշված անձանց հարազատները դեռևս չեն դիմել և չեն հանձնել դատագենետիկական փորձաքննություն նշանակելու նմուշ՝ անհրաժեշտ նույնականացումը կատարելու համար»:
2023-ի սեպտեմբերի 27-ին ռուսական Ռիա Նովոստին գրում է.
«Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին գտնվող բենզինի պահեստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Պաշտոնական տվյալներով՝ տուժել է 290 մարդ, 20-ի ինքնությունը պարզվել է: Որոշ տվյալներով հարյուրավոր մարդիկ այրվել են: ՀՀ բուժհաստատություններ են տեղափոխվել 237 տուժածի: Տեղափոխումն իրականացվել է ցամաքային և օդային տրանսպորտով»:
Աղետի մանրամասները, պատճառները, հանգամանքները մինչ օրս անհայտ են: Միայն 2024-ի հունվարի 4-ին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը հարցազրույցներից մեկում ասաց.
«Այս վարույթը քննում ենք այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից, որովհետև մարդիկ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել․ սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել»։
Արգիշտի Քյարամյանը նշել է նաև, թե այդ օրերին ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին: ՔԿ նախագահի խոսքով՝ պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք:
2023 թվականի հոկտեմբերի 28-ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այն հարցին, թե կա՞ն մեղավորներ և ի՞նչ է արվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, պատասխանել է. «ՔԿ-ի կողմից հարուցվել է քրեական գործ, այն փոխանցված է Հայաստանի ՔԿ զինվորական գլխավոր վարչություն: Ես կխնդրեի ՔԿ-ի ղեկավարությանը հետևողական լինել և պարզել այդ դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել բոլոր մեղավորներին և ենթարկել պատասխանատվության»:
2023-ի փետրվարին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քննչական կոմիտեին ուղղված հարցում է ուղարկել՝ պարզելու պայթյունի պատճառների վարկածները և արդյոք քննարկվո՞ւմ է տեղի ունեցածի՝ որպես հնարավոր ահաբեկչական գործողության վարկածը: Քննչական կոմիտեից խնդրել էին նաև տրամադրել տեղեկություն պայթյունի վերաբերյալ քրեական վարույթի ընթացքի մասին և արդյոք դրանում ընդգրկվա՞ծ են ՀՀ կամ արցախյան պաշտոնյաներ:
Քննչական կոմիտեն, սակայն, թերի պատասխանելով մեր հարցմանը, նշել է, որ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ
«…քանի որ պարունակում է հրապարակման համար ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:
Պայթյունի մանրամասները
Երեք պատերազմներին մասնակցած արցախցի 31-ամյա Վազգեն Գրիգորյանը, ով ևս պայթյունի տուժաներից է, պատմում է՝ վառելիք չունենալու պատճառով շատերը չէին կարողանում դուրս գալ Արցախից, և երբ իմացել են, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից պահեստում բենզին կա, բոլորը հազարներով այնտեղ են շտապել։ News.am-ին տված հարցազրույցում նա դեպքի մանրամասներն է ներկայացրել.
«Տրաքոցը հենց ուղիղ բունկերից էր, ոնց-որ սարքած լիներ: Տրաքեց, ընկա ներքև։ Ով վերևում է եղել, ներքև է ընկել: Որոշների բախտը բերել է, շպրտել է: Ով ընկել է ներքև, հաստ պանել է ընկել վրան: Ես ներքևից մի կերպ դուրս եմ եկել: Որտեղ ես եղել եմ, շատ մարդ է եղել, բոլորը մահացել են, բախտս բերել է միայն ես եմ ողջ մնացել… Կրակից հեռացա, մի հատ տրաքոց էլ եղավ: Մի 30 մետր էր կրակի բարձրությունը, արդեն ոչինչ չէիր կարող անել, միայն մտքումս շտապ օգնությանը հասնելն էր։ Ինչքան մարդ կար, այնքան էլ ավտոմեքենաներ կային, հնարավորություն չկար, որ շտապ օգնության մեքենաները մեզ հասնեին։ Ես դուրս եմ եկել մայրուղի, այնտեղ շտապօգնություն չկար։ Ինձ հարևանս է պատահել, ու ինձ հիվանդանոց հասցրել»:
Վազգենն ասում է, որ Ստեփանակերտի հիվանդանոցում նույնիսկ կանգնելու տեղ չկար, շրջափակման հետևանքով էլ հիվանդանոցում նույնիսկ բինտ ու դեղ չի եղել․ «Շատ վատ վիճակ էր, լիքը մարդ էր հավաքված, բոլորը վառված, կանգնելու տեղ էլ չկար։
Արցախի Հանրապետության ՆԳՆ նախկին մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում ասաց.
«Պայթյունը եղել է նկուղային հարկից: Ալիքը միանգամից բարձրացել է, շուռ տվել ու մարդկանց լցրել կրակի փոսը: Տարածքում գտնվում էր մոտ 800 մարդ: Հայտնաբերվել են ոսկորներ, այրված վիճակում գտնվող մարմիններ, անձնական իրեր, այդ թվում՝ խոշոր չափի հասնող գումար, ոսկյա զարդեր, անձնագրեր, բանալիներ, հեռախոսներ: Դրանք բոլորը հավաքագրվել են: Փրկարարական բոլոր հաշվարկները լծվեցին պայթյունից տուժաներին փրկելու համար: Ռուս խաղաղապահ զորակազմի հետ հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկվեցին: Ռեսուրսները քիչ էին: Ցավոք, նույնքան մարդկանց կյանքեր էլ հնարավոր չեղավ փրկել»:
Ինչ վերաբերում է տեղի ունեցածի պատճառներին ու վարկածներին, նա նշում է.
«Ես հակված եմ կարծելու, որ պայթյունը անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով էր տեղի ունեցել, քանի որ ծխախոտով մարդիկ կային այնտեղ, սուր գործիքներով որոշները փորձում էին ծակել տարաները, ավելի շուտ բենզինը վերցնել ու գնալ: Իհարկե, չեմ բացառում նաև ահաբեկչության վարկածը, բայց քաղաքացիները չեն ենթարկվել անվտանգության կանոնները պահպանելու հրահանգներին: Տարածքում եղել են նաև ոստիկաններ»:
Իննա Գրիգորյանը, ով տարբեր թիմերով կամավորական աշխատանքներ էր կատարում թե 2020 թվականի պատերազմից հետո, թե շրջափակման ժամանակ, պայթյունի օրերին էլ լծվեց օգնելու տուժածներին։
«Հիվանդանոցներում տեղ չկար։ Ցավ ու սարսափ էր։ Մարդիկ փնտրում էին իրենց հարազատներին։ Դեղորայքի, նույնիսկ մաքուր սավանների կարիք կար։ Մարդիկ իրենց տներում ինչքան դեղորայք, սպիտակեղեն ունեին, բերում էին հիվանդանոցներ։ Միայն երկրորդ օրը, երբ Հայաստանի Հանրապետությունից շտապօգնության մեքենաներ, ուղղաթիռներ եկան և ծանր վիճակում գտնվող մարդկանց տարհանեցին, մենք շունչ քաշեցինք»,-պատմում է կամավորը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այդ օրն ահազանգում է,որ տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա, քանի որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
«Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։ Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»։
ՀՀ առողջապահության նախարարությունը, սակայն չկարողացավ ժամանակին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել: «Արմենպրեսին» հայտնած տեղեկության համաձայն՝ Հայաստանի մասնագետները խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում: Իսկ գիշերային և եղանակային վատ պայմանններն անհնար են դարձնում տուժածներին օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան տեղափոխումը: Միայն հաջորդ օրն Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ
«տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»:
Լուսանկարները՝ ՀՀ առողջապահության նախարարության ՖԲ պաշտոնական էջից:
Սեպտեմբերի 27-ին ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Peacekeeper տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել պայթյունից տուժածներին տեղափոխման ընթացքից: Ըստ հաղորդագրության՝
«Ռուսական բանակի օդատիեզերական ուժերի ռազմական ավիացիան ուղղաթիռները շարունակել են տեղափոխել բենզինի պահեստից պայթյունից տուժած 142 մարդու։ Կատարվել է ընդհանուր 16 թռիչք»:
Հակահրդեհային կանոնների պահպանությունը
Իհարկե, բենզինի պահեստի պայթյունը տեղի ունեցավ բավականին արտասովոր պայմաններում, երբ մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման էր ենթարկվում։ Բայց պետք է նշել նաև, որ հակահրդեհային կանոնների չպահպանումը տխուր հետևանքների կարող է հանգեցնել։ Խոսելով հակահրդեհաին կանոնների պահպանման մասին, հրշեջ-փրկարարը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, նշում է.
«Հակահրեհային նորմերը պահանջում են, որ լինեն սոցհամակարգեր, որոնք արտահոսքի, ծխի դեպքում կաշխատեն: Գազի, բենզինի օբյեկտներում պարտադիր պետք է լինեն սոցհամակարգեր: Վտանգի դեպքում այն ավտոմատ կանչ է տալիս 911 ծառայությանը: Հաճախ մարդիկ շրջանցում են սա, ինչը հանգեցնում է պայթյունի: Ըստ նորմերի, պետք է լինեն կրակմարիչներ, ջրի ներքին ծորակներ, որոնք կօգնեն մինչև հրշեջների ժամանումը, սեփական ուժերով, կրակի դեմն առնել»:
Պայթյունից րոպեներ անց սոնցանցերում հայտնված տեսանյութերը:
Անդրադառնալով Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզինի պահեստի պայթյունին, ասաց.
«Իմ տեղեկություններով, սուր գործիքներով մարդիկ փորձում էին ծակել տարաները և բենզին վերցնել: Իմ կարծիքով, սա իշխանությունների թերացումն է: Հացի, ծխախոտի հերթերում ոստիկաններ էին գալիս՝ ավտանգությունն ապահովելու համար, բայց 1000-ից ավել մարդ բենզինի հերթում ով ինչ ուզում անում էր, բայց անվտանգությունը չէր ապահովվում: Այնտեղ այնպիսի արտահոսք կար բենզինի, որ մարդիկ կային, ովքեր թունավորվել էին: Նաև այդ ժամանակ կայծակ ու ամպրոպ էր: Եթե գազից, բենզինից արտահոսք լինի, չի բացառվում, որ կայծակից էլ կարող էր հրդեհ առաջանալ»:
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզինի պահեստի պայթյունը բազմաթիվ մարդկանց կյանքեր խլեց, շատերի առողջությունը խեղաթյուրվեց: Մինչ օրս անհայտ են իրական պատճառները, պատասխանատվություն կրողների անունները: Հուսանք, որ Քննչական կոմիտեի իրականացրած դատական վարույթն առաջիկայում որոշակիորեն լույս կսփռի տեղի ունեցածի վրա: