Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Արցախցիները Հայաստանի աշխատաշուկայում. մասնավորում՝ այո, պետականում՝ ոչ

Մարիամ Սարգսյան, 
Ասպրամ Ավանեսյան

«Ես արդեն այնքան CV եմ ուղարկել տարբեր կազմակերպություններ, այնքան հիմնարկություններ եմ մտել, խնդրել էի աջակցել՝ աշխատանքի տեղավորման հարցում։ Ու ցավալին այն է, որ ոչ մի տեղ ինձ չեն ասում, որ տեղ չկա, փոխարենն ասում են՝ «Մենք ձեզ կզանգենք». մինչև հիմա անհույս սպասում եմ»,- կես կատակ, կես լուրջ ասում է Արցախում տունն ու աշխատանքը թողած մեր զրուցակիցը։

Բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արցախցիներն ունեն զբաղվածության խնդիր։ Նրանց մի մասն ընտանիքի սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով, հաճախ նաև հերթերից և փաստաթղթային քաշքշուքից խուսփելու համար նախընտրել է մասնավոր ոլորտում աշխատելը, մյուս մասը դեռ աշխատանք է փնտրում նույն մասնավոր ոլորտում, իսկ մի մասը՝ հույս ունի մի օր փաստաթղթային լաբիրինթոսը հաղթահարել և աշխատել պետական համակարգում։

Կապույտ անձնագիր ունեցող արցախցիները, որոնք չեն համարվում ՀՀ քաղաքացիներ,  աշխատանք փնտրելու հնարավորություն ունեն միայն մասնավոր ոլորտում: Նրանք, համաձայն Հանրային Ծառայության մասին և մի շարք այլ  ՀՀ օրենքների, չեն կարող աշխատել Հայաստանի պետական համակարգում։ Այս դեպքում, արցախցիները նախ պետք է դիմեն և ստանան ՀՀ քաղաքացիություն:  

ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հունվարի 26-ի դրությամբ դիմել է 921 Արցախի քաղաքացի։ ՀՀ նախագահի հրամանագրով նույն օրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 112 անձի, մերժում չի եղել։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հետաքրքրվել էինք նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակների մասին, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացրածների ո՞ր մասն է պետական ոլորտում աշխատանք ստանալու համար հայտ ներկայացրել։ Գերատեսչությունից տեղեկացրել են, որ Ծառայությունը չի հավաքագրում տեղեկություններ ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակների մասին։  

Հայաստան տեղափոխվելուց հետո արցախցիներից քանի՞սն է արդեն աշխատանք գտել

Հարցին հստակ պատասխան ստանալու համար դիմել էինք  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Հունվարի 29-ի դրությամբ միայն 970 արցախցի է աշխատանքի տեղավորվել: Նախարարությունից նշում են, որ 

«Վերջիններիս պետական կամ մասնավոր ոլորտներում աշխատանքի բնույթի (մշտական/ժամանակավոր) վերաբերյալ առանձնացված վիճակագրություն չի վարվում»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի պարզաբանմամբ՝ խոսքը Միասնական սոցիալական ծառայության միջոցով աշխատանքի ընդունվածների մասին է:

Աշխատատանք գտնելը լուրջ խնդիր է անգամ մասնավոր ընկերություններում, իսկ պետական համակարգում՝  աշխատանք ստանալու հնարավոր կլինի պայմանով միայն Արցախում ստացած 070 ծածկագրով անձնագրից հրաժարվելու և ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում:

Արցախցիները ՀՀ դատական համակարգում

Արցախում արդարադատություն իրականացնող համակարգը Հայաստանում լիովին «անգործունակ» դարձավ։ 2024թ.-ի փետրվարի 8-ի դրությամբ՝ Արցախի Հանրապետության դատական համակարգից գոնե մեկ հոգի ՀՀ դատական համակարգում չի աշխատում։

«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպել էր Արցախի դատավորների հետ: Ինքը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը անդրադառնալով այդ հրապարակմանը, Իր ՖԲ էջում գրել էր՝ 

«Մեր համակարգում աշխատանքի տեղավորման խնդիրներով սկսել ենք զբաղվել, սակայն ծագել են իրավական խնդիրներ»։

Արցախի դատական համակարգում աշխատող եւ բարձր պաշտոն զբաղեցնող խոսակիցս հաստատեց, որ նման հանդիպում  եղել է, սակայն որևէ առաջարկ դեռ չի եղել։

«Տեղահանման առաջին ամիսներին, հայաստանյան գործընկերները վստահեցնում էին  մեզ, որ աշխատանք գտնելու ենք, որ պետք չէ վհատվել, սակայն 4 ամսից ավել է արդեն դատական համակարգի դռները փակ են մեր առաջ»,- ասում է զրուցակիցս, որը ցանկացավ անանուն մնալ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Արցախի դատավորների՝ ՀՀ-ում ռեզերվի անցնելը, «սակայն մինչ օրս որեւէ պատասխան չկա»,-ասում է ԱՀ-ում դատական բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձը։

Թեեւ ԱՀ դատական համակարգի աշխատակիցներին ուղղված  հարցումներով պարզ դարձավ, որ ոլորտի ոչ մի ներկայացուցիչ ՀՀ-ում չի աշխատում դատական համակարգում, այնուհանդերձ, հարցում ուղարկեցինք նաև ՀՀ դատական դեպարտամենտ հասկանալու՝ արդյոք գոնե մեկ բռնի տեղահանված արցախացի  աշխատում է ՀՀ դատական համակարգում։

Մեր հարցմանն այսպիսի պատասխան ստացանք․

«2024թ․ փետրվարի 5-ի դրությամբ ՀՀ դատական համակարգում Արցախի Հանրապետության դատավորներ չեն պաշտոնավարում, ինչպես նաեւ 2023թ․ սեպտեմբերի 19-ից մինչ օրս Արցախի Հանրապետության դատական  ծառայողներ աշխատանքի չեն նշանակվել»։

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարը հղում է անում ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» 8-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի՝ մի շարք պահանջների հետ մեկտեղ, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել ցանկացող անձինք ի թիվս այլնի, պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։

Արցախցի լրագրողներ ՀՀ մեդիա դաշտում

Ի տարբերություն դատական համակարգի, Արցախի լրագրողական համայնքն ավելի դյուրին է աշխատանք գտնում։ Քաղաքացիության հարցն այստեղ քիչ է շոշափվում։ 

Մասնավոր ԶԼՄ-ում հոկտեմբերին աշխատանքի անցած գործընկերս նշում է, որ քաղաքացիության հարցի շուրջ որեւէ զրույց չի ընթացել։

Մասնավոր՝ Սիվիլնեթ լրատվականը, իր թիմն ուներ Արցախում։ Բռնատեղահանումից հետո լրատվականը ոչ միայն շարունակում է աշխատել  Արցախի թիմի հետ, այլեւ այստեղ Սիվիլնեթին միացել են արցախցի նոր մասնագետներ։

Հայաստանի հանրային հեռուստատեսությունն այս շրջանում  աշխատանքի է ընդունել Արցախի հանրային հեռուստատեսության լրագրողական մի փոքր թիմի՝ լրագրողներ, ռեժիսոր, օպերատոր։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունից հայտնել են, որ 9 աշխատակից է ընդունվել աշխատանքի, որից 2-ն է լրագրող։ 

«Նրանց հետ համագործակցային հարաբերությունները կարգավորվում են Հեռուստատեսության կոնտրագենտ հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում»,– նշված է Հեռուստատեսության պատասխան  դիմումի մեջ։

Նշված 2 լրագրողից մեկի հետ զրուցել ենք։ Քաղաքացիության, անձնագրի հարցի շուրջ չի խոսվել, քանի որ ինչպես ինքն է ասում․ «ոչ թե անմիջապես Հանրային հեռուստաընկերության աշխատակից եմ, այլ պայմանագիր կնքվել եմ  ԱՁ-ի հետ»։

Տեղեկություն ստանալու հարցում ուղարկել ենք նաև Արմենպրես լրատվական գործակալությանը։ Պատասխան նամակում լրատվականը նշում է, որ մինչեւ սեպտեմբերի 19-ը Արմենպրեսը համագործակցում էր Արցախի 2 լրագրողի հետ, մեկը՝ ծառայությունների մատուցման  պայմանագրով, մյուսը՝ լիարժեք հաստիքով՝ աշխատանքային պայմանագրով։

Լրատվականից հայտնում են, որ բռնատեղահանումից հետո աշխատանքային պայմանագրով են սկսել աշխատել այն մյուս աշխատակցի հետ, ինչպես նաեւ աշխատանքի են ընդունել մեկ այլ տեղահանված արցախցու՝ անգլերեն թարգմանությունների համար։

Հետաքրքրական է լրատվականի պատասխանի վերջնամասը․

«Աշխատանքի ընդունվելու պահին նրանք կրել են այն քաղաքացիությունը, որն ունեին մինչեւ 2023թ․ սեպտեմբերի19-ը»։

Արցախցիները ՀՀ կրթական ոլորտում 

Բնագիտական առարկաներ դասավանդող արցախցի ուսուցիչներից մեկը Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցում աշխատանքի է անցել բռնի տեղահանումից մոտ մեկ ամիս անց։ Մեր զրուցակիցը, ով նախընտրեց չնշել իր անունը, աշխատանքի է ընդունվել ֆիզարձակուրդ գնացած մասնագետի փոխարեն։ Աշխատանքի է անցել մրցութային կարգով և չի օգտվում ՀՀ կառավարության նախաձեռնած  «Արցախցի ուսուցիչների աջակցության ծրագիր»-ից։  Աջակցության այս ծրագրով նախատեսված է, որ Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ի պատասխան մեր հարցման, նշել են, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ից 2024 թվականի հունվարի 25-ը ներառյալ Կրթության կառավարման տեղեկատվական  համակարգի kadrer.emis.am կայքի միջոցով դիմում  է ներկայացրել 327 բռնի տեղահանված արցախցի: Նախարարության կողմից ուղեգիր է տրվել 264-ին: 

Հայաստանում արցախցի ուսուցիչներից շատերն իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն գնում դպրոցներում այս կամ այն մասնագետի թափուր հաստիք  չլինելու պատճառաբանությամբ։ Արցախցի շատ ուսուցիչների համար խնդիր է նաև աշխատավարձը։ Արցախում, ի տարբերություն Հայաստանի, ուսուցչի աշխատավարձը համեմատաբար ավելի բարձր էր։ Սոցիալ-կենցաղային խնդիրներով պայմանավորված՝ շատ հաճախ արցախցի ուսուցիչները ստիպված են լինում կամ նախընտրում են համեմատաբար բարձր վարձատրվող այլ աշխատանք ընտրել։ 

Արցախցիները ՀՀ առողջապահության ոլորտում 

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի բժշկուհի Հերմինե Զարգարյանը Հայաստանում աշխատանքի է անցել մասնավար բժշկական հաստատությունում Հայաստան տեղափոխվելուց օրեր անց։ Արագ աշխատանք գտնելու հարցում արցախցի բժշկուհուն օգնել է համագործակցության նախկին փորձը։ Մեր զրուցակիցն, օրինակ, ասում է, որ բռնի տեղահանումից անմիջապես հետո նրան հրավիրել են աշխատանքի։ Արցախի և Հայաստանի առողջապահական հաստատությունները սերտ համագործակցության մեջ էին։ Նաև, սրանով պայմանավորված, առողջապահության ոլորտում արցախցի բժիշկների աշխատանքի տեղավորվելը, ի տարբերություն ուսուցիչների, հնարավորինս արագ և համակարգված է եղել։ 

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ ՀՀ տարբեր բժշկական կազմակերպություններում աշխատանքի է տեղավորվել Արցախից բռնի տեղահանված 202 անձ, որոնցից 94-ը մասնավոր և 108-ը պետական բժշկական կազմակերպություններում:

Առողջապահության նախարարությունից նաև մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Արցախից բռնի տեղահանված 202 բուժաշխատողներից 45-ը աշխատանքի է անցել ՀՀ մարզերի տարբեր բժշկական կազմակերպություններում, իսկ 157-ը Երևան քաղաքում:

Պետք է փաստել, որ ԱՀ պետական համակարգում երկար տարիների ավանդ ունեցող արցախցիները բռնատեղահանումից հետո, ցանկանալով պետական համակարգում շարունակել աշխատանքը, կա՛մ պետք է համապատասխան ընթացակարգերով ևս մեկ անգամ ստանան քաղաքացիություն, կա՛մ ընդունել, որ ՀՀ պետական մարմինները փակել են դռներն իրենց առջև և ընտանիքը պահելու համար աշխատանքի որոնումներ սկսեն մասնավոր ոլորտում՝ մեծամասամբ անտեսելով մասնագիտական փորձառությունը։  

Իսկ ընդհանարպես, Արցախի հայաթափումից հետո, երբ արցախցիները Հայաստանի բնակավայրերում հաստատվեցին, նրանցից շատերի համար աշխատանք գտնելը գլխավոր խնդիրներից է: Շատերն են ասում՝ մեզ օգնություն պետք չէ, մենք մեր աշխատանքով ենք ուզում վաստակել:


Ինֆոգրաֆիկաները՝ ԻԱԿ-ի:
Նյութը պատրաստվել է 2024թ.-ի փետրվարին: Նյութը պատրաստվել և հրապարակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող Աջակցություն Արցախի մեդիա մասնագետներին ծրագրի շրջանակներում: Ծրագրին աջակցում է Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը (RSF) : Նյութում տեղ գտած կարծիքները և մեկնաբանությունները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ԼԱՍ (RSF) կարծիքի հետ:
© Նյութն  արտատպելու կամ օգտագործելու դեպքում ակտիվ հղումը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին պարտադիր է:
Skip to content