Տաթև Աղաջանյան
Սկիզբը՝ Բռնազավթված մշակույթ. մաս I-ում
Նախքան 2020 թվականի պատերազմը և 2023-ի էթնիկ զտումն Արցախի Հանրապետության տարածքում գործում էր 30-ից ավել թանգարան ու ցուցասրահ: 44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը, որը զբաղվում էր բռնազավթված տարածքների մշակութային նմուշների ցուցակագրման, նկարագրության կազման, տեղեկությունների հավաքագրման աշխատանքներով: 2021-2023 թվականներին հասցրել են հավաքագրել միայն 44-օրյա պատերազմի ժամանակ կորսված արվեստի գործերը:
Հադրութի շրջանում մնացած թանգարանները
Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտության թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին, հիմնադիր և առաջին տնօրենն էր Գրիգորի Մարդանյանը: 1986-ից մինչև 1991 թվականի թանգարանի տնօրենն էր ԼՂ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը: Թանգարանը նախ կոչվել է «Դիզակ», իսկ ավելի ուշ՝ Արթուր Մկրտչյանի մահվանից տարիներ անց, անվանվել է «Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան»: Թանգարանի նախասրահում՝ մուտքի մոտ, տեղադրված էր Մկրտչյանի կիսանդրին: Մուտքում է տեղադրված նաև Հադրութի շրջանի վարչատարածքային քարտեզ-մանրակերտը։
Թանգարանն ուներ 7680 ցուցանմուշ, որոնք տեղակայված էին 6 ցուցասրահում և ֆոնդերում։ Թանգարանում պահվող հազվագյուտ ցուցանմուշներից էին 19-րդ դարի արցախյան հարսանեկան զգեստը, Գտչավանքից տեղափոխված խաչքարը, Ազոխի քարանձավի մանրակերտը, Արթուր Մկրտչյանի անձնական իրերը:
Լուսանկարները՝ թանգարանի Ֆեյսբուքյան էջից:
44-օրյա պատերազմի ընթացքում թանգարանային ամբողջ ցուցադրությունը և ֆոնդերը մնացել են տեղում, և անցել են թշնամու վերահսկողության տակ։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) կազմակերպությունը պարզել է, որ ռազմական գործողության ընթացքում շենքը չի տուժել, միայն հրետակոծության արդյունքում վնասվել է տանիքը։ Պատմական միջավայրի պահպանության Հադրութի շրջանային պետական ծառայության նախկին պետ Գայանե Բուդաղյանը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի տարածած տեսանյութերից մեկում տեսել է, որ Հադրութում ադրբեջանական բանակի կողմից անցկացված զորավարժությունների ժամանակ շենքը ծառայում է որպես թիրախ, իսկ վերջում պայթեցվում է։
Շենքի պայթեցման լուսանկարը Monument Watch-ին տրամադրել է Գայանե Բուդաղյանը:
Մինչև այժմ հայտնի չէ՝ որտեղ է թանգարանի հավաքածուն, արդյոք այն մնացել է պայթեցվող շենքում, թե ոչ։ Խանփերյանցի անվան թանգարանի նախկին տնօրեն Արծիվ Լալայանը կարծում է, որ քանի որ բռնազավթված տարածքներում հիմնականում զինվորականներ էին, շարժական նմուշները, ամենայն հավանականութայմբ, ոչնչացրել են կամ էլ հետագայում վաճառելու նպատակով թալանել:
Մեծ թաղերի Արմենակ Խանփերյանցի անվան թանգարանը Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանի մասնաճյուղն էր: Մեծ Թաղեր գյուղի այս միակ թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, թանգարանն ուներ 2195 ցուցանմուշ, որոնց մեծ մասը ծնունդով Մեծ Թաղերից ԽՍՀՄ հերոս, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կյանքն ու գործունեությունը ներկայացնող լուսանկարներ և փաստաթղթեր էին:
Սրահներից մեկում ներկայացված էին նաև հնագիտական և ազգագրական իրեր, թանգարանի ամենահին իրերը պալեոլիթի ժամակաշրջանի ծակիչներն ու քերիչներն են:
Թանգարանը ներկայացնում է Արծվի Լալայանը: Ամբողջական տեսանյութը Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում: 2020թվական:
Թանգարանի տնօրեն Արծիվ Լալայանն աշխատավայրը վերջին անգամ հեռվից է տեսել՝ 2020թ. դեկտեմբերի 17-ին, երբ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել էր գյուղում զոհված հարազատ եղբոր մարմինը հանելու:
«Չէին թողնում մոտենալ, հեռվից տեսա, որ դրսում տեղադրված Խանփերյանցի բրոնզե արձանը չկա, երևի գողացել են, պատվանդանը կոտրված էր, իսկ նախկինում սյուների վրա ամրացված «ՄիԳ-17» ինքնաթիռը գետնին էր»,- մեր հետ զրույցում պատմում է Արծիվը:
Հետագայում արված արբանյակային լուսանկարներում պատվանդանն ու ինքնաթիռն արդեն չեն երևում:
Արցախի Մարտունու շրջանի Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարանը շատերը գիտեն «Աղջկաբերդ» անունով: 28 մետր բարձրությամբ այս շինության մեջ 1988թ. բացվեց հուշարձան-թանգարանը: Շենքի վրա կանգնեցված է խրոխտ աղջկա արձան, որը բարձրից հսկում էր գյուղը: Ըստ տարածված ավանդույթի՝ մոնղոլների կողմից չառևանգվելու համար հայ աղջիկը նետվում է բարձունքից և լայնափեշ զգեստի շնորհիվ ողջ մնում: Մի ձեռքին իջեցված սուր, մյուսում դափնու տերև, արձանն այժմ հսկում է դատարկված Բերդաշենն ու շրջակայքը: Թանգարանի նախկին տնօրեն Անի Մովսիսյանը մեզ հայտնեց, որ գյուղի մի ամբողջ կյանք էր ներկայացված թանգարանում:
Ընդհանուր 625 նմուշ կար թանգարանում, որոնցից յուրաքանչյուրն իր յուրահատկությունն ու հետաքրքրությունն ուներ, այնտեղ պահվում էին «Աղջկաբերդ» հուշարձանից ու նրա շուրջը գտնվող հին բնակատեղիների պեղումներից գտածոներ, գյուղի ու ընդհանրապես արցախցու կյանքի ու կենցաղի մասին պատմող հավաքածուներ: Անիի համար առանձնապես հոգեհարազատ էին արցախցի կնոջ տարազով կերպարները:
«Վերջին պատերազմից մոտ երկու ամիս առաջ ցուցանմուշների առավել կարևոր մասը տեղավորել էինք հատուկ արկղերի մեջ, որ տեղափոխելը հեշտ լինի, պիտի տեղափոխեինք Ստեփանակերտ, բայց վառելիքի պատճառով չստացվեց, պատերազմից հետո նույնիսկ Մարտունի չկարողացանք տեղափոխել, հետո տեղեկացա, որ այնտեղից ևս ոչինչ չեն կարողացել դուրս բերել»,– ցավով նշում է Անին:
Թանգարանի նախկին տնօրենը տեղեկություն չունի, թե ինչ վիճակում են շենքը և ցուցանմուշները: Վերջերս մի տեսանյութ է տեսել. թշնամին արդեն հուշարձանում էր, բայց չգիտի «արդյոք արյունոտ ձեռքը հասել է նմուշներին»:
44-օրյա պատերազմից հետո մոտեցումն այն էր, որ դա Արցախի ժողովրդի սեփականությունն է և խաղաղության դեպքում դրանք վերադարձվելու են, բայց բռնի տեղահանությունից հետո Արցախի մշակույթի մշտադիտարկում իրականացնող թիմը նախապատրաստում է իրավական որոշակի փաստաթղթեր՝ հիմնավորելու համար բռնի տեղահանված ժողովրդի իրավունքներն իր մշակութային արժեքների նկատմամբ:
«Ադրբեջանցիները սպառնում են, որ այդ ամենն իրենցն է, պիտի վերադարձնել, ասում են, որ մենք գողացել ենք իրենց սեփականությունը, բայց կոնկրետ ձևակերպված որևէ հայց մեզ հայտնի չէ, կարծում եմ, ինչ-որ փուլում է, դեռ պաշտոնապես չկա»,- մեզ հետ զրույցում նշել է նա:
2023-ի սեպտեմբերից հետո
Եթե 2020 թվականի պատերազմի հետևանքով բռնազավթված Շուշի քաղաքում ևւ Հադրութի շրջանում մնացած թանգարանների եւ արվեստի գործերի հավաքածուների մասին տվյալներ և կոնկրետ թվեր հրապարակվել են, ապա 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախի Հանրապետության ողջ տարածքի թանգարանների ցուցանմուշների քանակի վերաբերյալ հստակ թվեր չկան:
Արցախի թանգարանները 2023թ. հոկտեմբերի մեկի դրությամբ չեն աշխատում, Արցախի նախագահի հրամանագրով թանգարաններն իրենց աշխատակիցներով լուծարված են:
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանի տեղեկությունների՝ թանգարանն իր մասնաճյուղերով (Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի պատմաերկրագիտական թանգարաններ, 2021թ.-ից՝ Հադրութի և Շուշիի պատմության թանգարաններ) 51000 ցուցանմուշ ուներ:
2023թ.-ի սեպտեմբերի դրությամբ թանգարանն ունեցել է հինգ մասնաճյուղ, երկու ենթաճյուղ՝ Մարտունու մասնաճյուղի ենթակայության տակ գործող Կոլխոզաշենի գեներալ Պարսեղովի տուն-թանգարանը և Բերդաշեն գյուղի պատմության թանգարանը:
Մեզ հետ զրույցում Ժաննա Առուստամյանն ասաց, որ շրջափակման ժամանակ թանգարանը մի օր էլ չի դադարել աշխատել, նույնիսկ առանց հոսանքի, գազի, մթում, ցրտում կատարել է իր գործառույթները, կազմակերպել են տարբեր միջոցառումներ, կրթական ծրագրեր:
«Հաշվի առնելով 2020թ.-ի պատերազմի բացթողումները, համեմատաբար խաղաղ պայմաններում համապատասխան գործառույթներ իրականացրինք ցուցանմուշների պատսպարման, պահպանման ուղղությամբ: Սակայն շրջաններից ոչ մի բան հնարավոր չէր տարհանել, օր օրի իրավիճակն ավելի էր սրվում, հատկապես վառելիքի խնդրի մասին բոլորս գիտեինք»,- նշում է նա:
Արցախում մնացած թանգարանների ցուցանմուշների, շենքերի մասին Ժաննա Առստամյանը ոչ մի տեղեկություն չունի:
Տիգրանակերտի պեղումների իրերի տարհանումը ռազմական գործողությունների գոտուց արբեջանցիները որակել էին որպես «Ադրբեջանի մշակութային ժառանգության գողություն»: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը (նրա ղեկավարած արշավախումբը 2005 թ․-ին հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնված Տիգրանակերտ քաղաքը) նշել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, որի արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը:
«Արցախի իշխանությունները, ես և մեր հետազոտական թիմը չէինք կարող թույլ տալ, որ նման ճակատագրի արժանանա նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանը»,- ընդգծում է հնագետը:
Տիգրանակերտի հնագիտական թանգարանի 3 սրահում ներկայացված են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի պեղումներով հայտնաբերած մ.թ.ա. V դար մ.թ.ա. XVII դարերի գտածոներ։ Հատկապես արժեքավոր է V-VI դարերին վերագրվող մոտ 8 սմ տրամագծով կավե սկավառակը, որի մի երեսին՝ շրջանի մեջ, փորագրված է հավասարաթև խաչ, մյուսին՝ տղամարդու դիմապատկեր՝ հայերեն արձանագրությամբ, վերջինս Արցախի տարածքում հայտնաբերված հայերեն ամենահին արձանագրություններից է։
44-օրյա պատերազմից հետո Արցախի Տիգրանակերտը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Monument Watch-ը հայտնել է, որ Ադրբեջանցի հեռուստալրագրողի յութուբյան ալիքում 2021 թվականի հոկտեմբերի 31-ին տեղադրված տեսաձայնագրություննում առանձնակի հպարտությամբ ներկայացվում է, որ Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածվել է խորովածանոցի։ Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կողմից պեղված ջրավազանի կողքին ադրբեջանցիները բետոնապատ հարթակ են կառուցել և խորոված անելու մանղալներ տեղադրել, որոնցից մեկը հենց պեղված ջրավազանի եզրին են դրել։
Համլետ Պետրոսյանը նշում է, որ 44-օրյա պատերազմից հետո մոտեցումն այն էր, որ դա Արցախի ժողովրդի սեփականությունն է և խաղաղության դեպքում դրանք վերադարձվելու են, բայց բռնի տեղահանությունից հետո Արցախի մշակույթի մշտադիտարկում իրականացնող թիմը նախապատրաստում է իրավական որոշակի փաստաթղթեր՝ հիմնավորելու համար բռնի տեղահանված ժողովրդի իրավունքներն իր մշակութային արժեքների նկատմամբ:
«Ադրբեջանցիները սպառնում են, որ այդ ամենն իրենցն է, պիտի վերադարձնել, ասում են, որ մենք գողացել ենք իրենց սեփականությունը, բայց կոնկրետ ձևակերպված որևէ հայց մեզ հայտնի չէ, կարծում եմ, ինչ-որ փուլում է, դեռ պաշտոնապես չկա»,- մեզ հետ զրույցում նշել է նա:
Ինչ քայլեր են արվում Արցախի շարժական մշակութային արժեքները վերադարձնելու և պահպանելու ուղղությամբ
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում (Monument watch) թիմի անդամ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյան մեզ հետ զրույցում նշում է, որ թանգարանների մասին տվյալներ հավաքագրում են, սակայն ամբողջական տեղեկատվություն դեռ չկա:
Այս փուլում նա առաջնային խնդիր է համարում շարժական ժառանգության թվայնացումն ու հաշվառումը:
«Շուշի քաղաքի թանգարանների թվային տարբերակները նույնիսկ չեն հասել, հիշողությամբ փորձում ենք վերակառուցել, թե այնտեղ ինչ է պահվել: Այս առումով խնդիր ունենք պարզելու, թե ինչ է մնացել, պահպանված նկարները գտնել, նկարագրել, ցուցակներ կազմել: Մենք չենք կարող մտածել հաջորդ քայլի մասին, մինչև այդ ցուցակը չունենանք»,- կարծում է Մուրադյանը:
Հաջորդ քայլը նա համարում է միջազգային կազմակերպություններին ներգրավելը, մշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմների կիրառումը:
Մշակութաբանի խոսքով՝ անշարժ ժառանգության դեպքում իրենց ունեցած մեխանիզմներն այլ են. «Դրանք տեսանելի են, կարող ենք ստուգել՝ տեղում են, թե ոչ, ինչ-որ առումով հեշտ է հետևելը, շարժականի դեպքում այս մեխանիզմն էլ չկա, որն ավելի է բարդացնում աշխատանքը: Նույնը նաև գրադարաններին, պետական, անձնական արխիվներին է վերաբերում»:
Մոնիտորինգի թիմը հետևում է մեդիայում հայտնված տեսանյութներին և եթե դրանցում երևում է թանգարանի հետ կապված որևէ փոփոխություն, փորձում են ֆիքսել, դրա մասին բարձրաձայնել: Մշտադիտարկման արդյունքում պարզել են, որ Շուշիի քանդակների պուրակի հուշարձանները տեղահանված են, սակայն պարզ չէ, թե ինչ վիճակում են կամ ուր են դրանք:
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնում է՝ բռնի տեղահանությունից հետո անձնական նախաձեռնությամբ փորձում են կամաց-կամաց վերսկսել մշակութային նմուշների ցուցակագրման աշխատանքները, այս ուղղությամբ նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմն է աշխատանքներ կատարում: Խոսելով Արցախում մնացած մշակութային շարժական նմուշների հետագա ճակատագրի մասին՝ Հովհաննիսյանը ցավով նշում է՝ ոչ մի տեղեկություն չկա:
«Եթե օրինակ եկեղեցիների, հուշակոթողների և նմանատիպ մշակութային ժառանգության մոնիտորինգ, մշտադիտարկում անելը համեմատաբար ավելի հեշտ է, որովհետև այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանում և արբանյակային տեսադիտարկման միջոցով կարելի է իմանալ, թե այս կամ հուշարձանին ինչ վնաս է հասցվել, թանգարանային ցուցանմուշների դեպքում ցավոք սրտի նույն մեթոդը կիրառել չենք կարող»,- ընդգծում է նա:
Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Արցախի մշակութային կորստի այս հատվածի մասին քիչ է խոսվում։ Շահվերդյանն Արցախում մնացած նյութական ժառանգության պաշտպանության մի քանի տարբերակ է տեսնում:
«Առաջին հերթին զանգվածային լրատվամիջոցներում, տարբեր միջազգային ֆորումներում թեման մշտապես պետք է արծարծել: Հարցի հրապարակայնությունն այդ ժառանգության պարզունակ պաշտպանության գործոն է հանդիսանում: Նաև Հայաստանի հանրապետությունը պետք է իրավական գործընթացներ սկսի Արցախում նյութական մշակութային ժառանգության պահպանության համար»,– նշում է նա:
Նա նաև հույս ունի, որ Ադրբեջանը կատարում է պատմամշակութային ժառանգության և արխիվների պաշտպանության, անձանց սեփականության իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին միջազգային ատյանների վճիռները:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղղված մեր հարցման Արցախի թանգարաններին վերաբերող կետի մասին տեղեկություն չստացանք: 2024թ.-ի հունվարի 24-ին ստացված պատասխանում նախարարությունը միայն նշում է, որ դեռ նախաձեռնել են Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի կազմման, տեղադիրքերի հնարավոր ճշտման, լուսանկարների ձեռքբերման և համադրման աշխատանքները: Թանգարանների ցուցանմուշների վերաբերյալ հարցին նախարարությունը չի պատասխանել:
Բռնի տեղահանությունից և Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումից հետո բռնազավթված մշակութային ժառանգության մասին տեղեկությունների ամբողջացման աշխատանքները փորձում են իրականացնել տարբեր նախաձեռնություններ ու անհատներ, սակայն դեռևս ամբողջական տեղեկատվություն չկա, պարզ չէ նաև, թե ինչպես է հնարավոր պաշտպանել Արցախում մնացած մշակութային արժեքները:
Լեռնիկ Հովհաննիսյանը թերահավատորեն է տրամադրված Արցախում մնացած նմուշների արդյունավետ պաշտպանության առումով:
«Ճիշտ է՝ դիմում ենք տարբեր միջազգային կառույցների, շահագրգիռ կազմակերպությունների հետ հանդիպումներ են կայացել, բայց ինչպես 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ հիմա այդ ամենը հնչում է որպես ձայն բարբառո հանապատի»,– ասում է նա:
Միաժամանակ, ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն այս կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝
արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝
արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։
Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։
Սկիզբը՝ Բռնազավթված մշակույթ. մաս I-ում: