Հրապարակումներ

Հրապարակումներ

Էլեկտրոնային կառավարումն ապահովում է տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրականացումը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Էլեկտրոնային կառավարումն ապահովում է տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրականացումը

Գայանե Առաքելյան

Տեղեկատվության ազատությունը պետական կառավարման համակարգի հրապարակայնության ապահովման հիմնական բաղադրիչներից մեկն է: Դեռևս 2003 թվականինին ընդունված “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը սկսեց ապահովել, որ իշխանություններն սկսեն մտածել հրապարակային աշխատանքի մասին և հրապարակայնությունը ապահովելու ձևերի մասին։ Այդ ձևերից է հենց էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը և կիրառումը թե’ պետական մարմինների ներքին աշխատանքում, և թե’ իշխանություն-հանրություն փոխհարաբերություններում: էլեկտրոնային կառավարման համակարգի ներմուծումը գերատեսչությունների ամենօրյա աշխատանքում, նոր գործիքների և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումն այսօր արդեն կարող են ամենաարդյունավետ խթանը դառնալ իշխանությունների թափանցիկ և հրապարակային աշխատանքի համար:

Մեզանում այս գործընթացն այլևս սկսված է, և արդյունքները նկատելի են: Կառավարություն-հանրություն վստահելի կապի ապահովման առաջնային գործիքներից են պետական մարմինների կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայությունները, որոնց շնորհիվ կարող են նվազել կոռուպցիոն ռիսկերը, կխնայվի ժամանակ և նյութական ու մարդկային ռեսուրսներ:

2010 թվականի մայիսի 31-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը հանրության ուշադրությանը ներկայացրեց վերափոխված www.gov.am, մի փոքր անց նորաստեղծwww.e-gov.am կայքը: Վերջինս դարձյալ կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է լրացնելու ՀՀ կառավարության կայքին` ապահովելու առավելագույն թափանցիկություն: www.e-gov.am կայքի նպատակն է ոչ միայն պաշտպանել մարդկանց տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը, այլ նաև հեշտացնել և մեծացնել թե’ բնակչության և թե’ պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը: Կայքը մեկտեղում է ՀՀ պետական գերատեսչությունների կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայությունները: Տվյալ ծառայությունների մատուցման համար ստեղծված են ենթահամակարգեր, որոնք հնարավորինս պարզեցնում են ինտերնտետ օգտագործողների շփումը պետական մարմինների հետ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ստեղծման օրվանից վերահսկում է, որ կայքն անխափան աշխատի: Նա պատմում է, թե ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նպաստեց www.e-gov.am-ի ստեղծմանը. “Երբ Կենտրոնի հրավերքով, վարչապետի ներկայությամբ, մասնակցեցին Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությանը, ժանգոտ կողպեք` բացասական մրցանակ, հանձնվեց մի ՊՈԱԿ-ի, որը տեղեկատվություն չէր տրամադրել պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսերի վերաբերյալ: Վարչապետը, այդ դեպքը հիմք ընդունելով, հանձնարարեց, որ աշխատակազմը պատրաստի, և բոլոր ՊՈԱԿ-ների հետ կապված ինֆորմացիան տեղադրենք ինտերնետում: Դա սկիզբն էր, այդպես և ստեղծվեց “Ինտերակտիվ բյուջե” բաժինը”:

Իսկ ինչպես նշում է ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը` “Ինտերակտիվ բյուջե” բաժնի տեղեկատվությունը լրատվամիջոցները միշտ մոնիտորինգի տակ են պահում, ինչը նպաստում է պետական կառավարման թափանցիկությանը: Այս բաժնում 2010 և 2011 թվականների բյուջեն է տեղադրված: Նշված են ոլորտները և թե որի համար ինչքան գումար է նախատեսված եղել ու որքանն է ծախսվել: Բյուջետային հատկացումներից պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված գումարների չափերին, դրանց հետ կնքված պայմանագրերին կարելի է ծանոթանալ առանձին “ՊՈԱԿ-ների ֆինանսավորում” բաժնից: Սա իսկապես հրապարակայնության ապահովման լավագույն գործիքներից է, սակայն հարկ է, որ առկա տեղեկատվությունը վերլուծվի և մշտապես ներկայացվի հանրության լայն զանգվածներին: Չէ որ, ի վերջո, պետական բյուջեն գոյանում է բնակիչների վճարված հարկերից, և իշխանությունը պետք է հաշվետու լինի, թե այդ գումարներով ինչ է արել մարդկանց համար, իսկ քաղաքացին` պահանջատեր:

“Գրեք նամակ կառավարությանը, Հետևեք Ձեր նամակի ընթացքին, Էլեկտրոնային ստորագրություն, Կառավարության որոշումներ, Վարչապետի որոշումներ, Կառավարության նիստի օրակարգ, Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ, Մեկ անձից կատարվող գնումներ, ՊՈԱԿ-ների ֆինանսավորում, Ինտերակտիվ բյուջե, Ռեեստրներ և ցանկեր, Հարկային հաշվետվությունների ներկայացման էլ. համակարգ, Մտավոր սեփականության գործակալության էլ. հայտերի ընդունման համակարգ և Էլեկտրոնային վիզա (e-visa)”: Ահա այն բաժինները, որոնք ՀՀ քաղաքացիների համար ստեղծվել և գործում են կայքում:

Առաջին երկու բաժինները հաճախ օգտագործվողներից են: Դիմումատուն նամակը առձեռն հանձնելու ժամանակ ստանում է անհատական հսկիչ 12 նիշանոց համար, որի միջոցով կարող է հետևել իր նամակի ընթացքին: Այս նպատակով կառավարության շենքերում տեղադրված են հատուկ սարքեր: Իսկ մյուս կառույցներում քաղաքացին օգտվում է ընդունարանում տեղադրված համակարգչից: Պաշտոնյաները նշում են, որ կայքի այս նոր ծառայության շնորհիվ թղթի հետ աշխատանքը կրճատվել է 70-80 տոկոսով: Այս տարբերակից զատ, քաղաքացին կարող է նաև նամակ գրել կառավարությանը, հետևել դրա ընթացքին և էլ-փոստով պատասխան ստանալ: Քաղաքացիները, համաձայն “Տեղեկատվության ազատության մասին” օրենքի (10-րդ հոդված) կարող են իրենց հուզող տեղեկություններն ստանալ էլեկտրոնային ճանապարհով, ինչը նշանակում է ժամանակի կորստի և բյուրոկրատական քաշքշուկների կրճատում:

“Բոլոր բաժինները ստեղծված են օգտագործողների և գործադրի միջև տեղեկատվության փոխանցման ժամանակի կրճատման համար: Օրինակ` դրանցից են պետական մարմիններին դիմում-նամակներ ուղարկելու և դրանց ընթացքին հետևելու հնարավորություն ընձեռող բաժինները: Քաղաքացին այլևս կարող է իր դիմումի ընթացքին հետևել դուրս չգալով տնից,- նշում է կայքը մշակած և գործարկած “Հելիքս Կոնսալտինգ” ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանը:

Մինչ այս նորամուծությունը շատերն էին բողոքում, որ իրենք դիմում են ու իրենց չեն պատասխանում կամ ժամկետները շատ էին ուշանում: Այժմ կա այդ բոլոր քայլերի հերթականությունը ճշգրիտ արձանագրող մի համակարգ, որից կա’մ չեն ուզում, կա’մ չեն կարողանում օգտվել ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը: Ինչի համար իր մտահոգությունն է հայտնում կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը. “ինչքան շատ դիմեն, այնքան լավ, որովհետև ամեն դիմումից հետո մենք կհետևենք ու կտեսնենք, թե շարժն ինչպիսին է, արդյոք դիմումը մտավ, ինչ է կատարվել այդ դիմումի հետ և արդյոք բոլոր գործընթացները պահպանվել են”:

Վերջերս մշակված ենթահամակարգերից է լիցենզիաների տրամադրման օնլայն համակարգը: “Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ”-ը մշակված մի ձև է ներկայացնում, որի միջոցով քաղաքացին էլեկտրոնային պարզ ճանապարհով կարող է լիցենզիա ստանալ: Բաժնում առկա տեղեկությունները մատչելի են և, համաձայն “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, բավարար են, որպեսզի քաղաքացին, առանց համապատասխան կառույց այցելելու, կարողանա ինքնուրույն լիցենզիա ձեռք բերել: Արամ Մխիթարյանը պարզաբանեց, որ այս բաժինը իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցներին հնարավորություն է տալիս օնլայն ուղարկել լիցենզիայի ստացման հայտը` լրացնելով վավերապայմանները և կցելով տվյալ լիցենզիայի համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այսպիսով, հայտատուն բավականին ժամանակ կարող է խնայել, նաև ազատվում է ավելորդ քաշքշուկներից: Հայտատուի ներկայությունը միայն անհրաժեշտ կլինի լիցենզիան ստանալու պահին ստորագրելու համար: Իսկ ովքեր ունեն էլեկտրոնային ստորագրություն, որի ստացման կարգի մասին տեղեկատվություն ևս կարելի է գտնել www.e-gov.am կայքից, նրանք այս ամբողջ գործընթացը կարող են իրականացնել ինտերնետի միջոցով:

Կայքն առավելագույնս ապահովում է իր միջոցով փոխանցվող տեղեկատվության անվտանգությունը: “Կայքով ստացվող և ուղարկվող ցանկացած տեղեկություն պաշտպանված է SSL կրիտոգրաֆիկ պրոտոկոլի միջոցով,- նշում է “Հելիքս Կոնսալտինգ” ընկերության ղեկավարը: -Սա շատ կարևոր և առաջնային խնդիր է, քանի որ ոչ միայն պաշտոնական փաստաթղթերի հետ գործ ունենք, այլ նաև` կայքով փոխանցվող փաստաթղթղերը կարող են կոնֆիդենցիալ տեղեկատվություն լինել, որոնք օրենքով հրապարակման ենթակա չեն, ասենք, օրինակ` որդեգրման մասին դիմումին հետևելու ընթացքը և այլն”:

Այցելուների մեծ թվաքանակ ունեցող երկրորդ բաժինը կառավարության և վարչապետի որոշումների բաժիններն են: www.e-gov.am-ն ամսական ունենում է շուրջ 3.000 այցելու, օրվա մեջ` 100: “Կառավարության որոշումներ” և “Վարչապետի որոշումներ” բաժինները ներառում են ոչ միայն 2010 և 2011 թվականների որոշումները, այլ քաղաքացին այստեղ կարող է ծանոթանալ 2004 թվականից մինչ այսօր կայացրած ՀՀ վարչապետի և կառավարության բոլոր որոշումներին: “Կառավարության նիստի օրակարգ” բաժինը ներառում է տեղեկատվություն` սկսած 2010 հուլիսի 8-ից առ այսօր: ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը քաղաքացիների և հատկապես լրատվամիջոցների աշխատանքի համար կարևորում է այս բաժինը: “Սա շատ լավ գործիք է լրագրողների և ԶԼՄ-ների համար, նիստից առաջ ունենալ օրակարգը, որը մշտապես դառնում է բուռն քննարկումների թեմա, նաև օգտակար է, փորձարկման ձև ու միջոց է:

“Հարկային հաշվետվությունների ներկայացման էլ. համակարգ”, “Մտավոր սեփականության գործակալության էլ. հայտերի ընդունման համակարգ”-ից օգտվելու համար գործում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության եռալեզու կայքը, իսկ Էլեկտրոնային վիզա (e-visa) ցանկացողները պետք է այցելեն ՀՀ Արտաքին գործերի նախարարության http://www.mfa.am/ կայքի համապատասխան բաժինը: էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել http://www.ekeng.am, որտեղ մանրամասնորեն նկարագրված է, թե ինչ է հարկավոր անել:

www.e-gov.am կայքի բաժիններն առայժմ այսքանն են: Իսկ թե դրանք քանիսով կավելանան, դեռ հստակ չէ. “Բաժինները ավելանալու հարցը, կարծում եմ, դուք պիտի առաջարկեք: Այն բոլոր ծառայությունները, որ կան, մեծ պահանջարկ ունեն, դրել ենք, հա թարմացվելու է: Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց շատ շուտով կայքը նոր ծառայություններ կառաջարկի”,- հավաստիացնում է վարչապետի օգնական Արամ Անանյանը:

Պետական ծառայություններ մատուցող www.e-gov.am կայքն առաջիկայում` հավանաբար մինչև ապրիլ, ինչպես մեզ տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նոր բաժին կունենա` էլեկտրոնային ռեգիստր: ՀՀ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այցելել պետռեգիստր, այլ ցանկացած վայրում և ցանկացած ժամին կկարողանան օրինակ` մի քանի րոպեում ՍՊԸ գրանցել, ստանալ ֆիրմային անվանումը` վճարում անելով քարտերով: Կստանան նաև հարկային հաշվեհամարը, որ չգնան հարկային, և վիճակագրական ծառայությունից` անհրաժեշտ տեղեկատվություն: “Նոր բաժիններ շատ կլինեն, հիմա չեմ ուզում ինչ-որ բաներ հայտարարել, որովհետև սպասումներ է դա առաջացնում, բայց ասեմ, որ առնվազն յոթ նոր համակարգերի վրա այս պահին աշխատում ենք, մեծ համակարգերի մասին է խոսքը: Չեմ կարծում, որ 2011-ին ամբողջությամբ, բայց 2012-ին հաստատ 3-ը կթողարկենք”,- հավաստիացնում է Դավիթ Սարգսյանը:

Skip to content