Հրապարակումներ

Հրապարակումներ

Քաղաքապետարանն այդպես էլ ամբողջական տեղեկատվություն չտրամադրեց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Քաղաքապետարանն այդպես էլ ամբողջական տեղեկատվություն չտրամադրեց

Արման Ղարիբյան

2004 թվականին ՀՀ կառավարության թիվ 909 որոշմամբ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների սեփականությունն օտարեցին եւ տարածքը հանձնեցին տարբեր կառուցապատող ընկերությունների, որոնցից մի քանիսը նույնիսկ Հայաստանում գրանցված չեն:

«Մենք այդ ժամանակ դիմեցինք կառավարությանը եւ ասացինք` թույլ տվեք մեր տան տարածքում մենք կառուցապատում անենք, բայց իրենք նախօրոք գիտեին, թե ում հետ պիտի աշխատեն, որպեսզի գերշահույթներ ստանան»,- ասում է Բուզանդ փողոցի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը:

Նա հիմնել է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը, որի անունից բազմաթիվ գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ կառավարությանն ու քաղաքապետարանին, որոնց մեծ մասն անպատասխան է մնացել:

2006 թվականին, օգտվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից, Սեդրակ Բաղդասարյանը Երեւանի քաղաքապետին գրավոր հարցում էր ուղարկել, որով ցանկանում էր տեղեկատվություն ստանալ ՀՀ կառավարության 17.06.2004 թ. թիվ 909 որոշմամբ` «պետական կարիքների» համար վերցված տարածքներում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ: 
Քաղաքապետարանի գրավոր պատասխանը չէր բավարարել հ/կ-ի նախագահին եւ այն հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան:

«Դատարան դիմելը ինքնանպատակ չէր, դեռ 2004 թականին, երբ Կառավարությունը Հյուսիսային պողոտան կառուցապատելու վերաբերյալ որոշում ընդունեց, ինձ մոտ հարցեր եւ անվստահություն առաջացավ, թե ինչո՞ւ կառուցապատողները պետք է ընտրվեին առանց մրցույթի: Կառավարությունը քաղաքապետին թույլատրում էր ուղիղ բանակցությունների միջոցով անձամբ ընտրել կառուցապատող ընկերություններին: Երվանդ Զախարյանն է ընտրել այդ կազմակերպություններին, մենք ուզում ենք իմանալ` ի՞նչ հիմքով: Շատ հնարավոր է, որ այստեղ կոռուպցիա է եղել»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:

Դատարանը 2008 թվականին սկսված գործի վերաբերյալ վճիռ կայացրեց այս տարվա հունիսի 23-ին, որով բավարարեց հայցն ամբողջությամբ եւ քաղաքապետարանին պարտավորեցրեց տրամադրել հայցվորի պահանջած հետեւյալ տեղեկությունները.

1. ՀՀ կառավարության 17.06.2004 թ. թիվ 909 որոշմամբ` «պետական կարիքների» համար վերցված տարածքներում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ի՞նչ կարգով եւ ի՞նչ սկզբունքներից ելնելով են ընտրվել, եւ արդյոք այդ կազմակերպությունները քաղաքաշինական ծրագրերի իրականացման բավարար երաշխիքներ տվե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսի՞ երաշխիքներ:

2. Գլխավոր պողոտայի կառուցապատումն իրականացնող կազմակերպությունները ՀՀ կառավարության ո՞ր որոշման հիման վրա են ստացել կառուցապատում իրականացնելու իրավունք:

Քաղաքապետարանը չէր բողոքարկել դատարանի վճիռը, սակայն ոչ էլ կամովին  կատարել էր այն: Հայցվորը դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարողներին, որոնց միջոցով էլ ստացել էր պահանջված տեղեկատվության միայն մի մասը:

«Ես ստացել եմ քաղաքապետարանի պատասխանը, որը միայն 2-րդ հարցին է պատասխանում: Գրված է, որ կառուցապատող կազմակերպություններն ընտրվել են քաղաքապետի որոշումների հիման վրա, սակայն այդ որոշումների պատճենները չեն ուղարկել,- ասում է «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահը:- իսկ 2-րդ հարցին ընդհանրապես չեն պատասխանել»:

Սեդրակ Բաղդասարյանը դժգոհ է նաեւ դատական ակտերի հարկադիր կատարողների աշխատանքից. «Այսպիսի կիսատ պատասխան տրամադրելով` ԴԱՀԿ-ն գտել է, որ կատարողական թերթի պահանջները փաստացի կատարված են եւ կարճել է դրանք, այսինքն` տեղեկությունը կիսատ տրամադրեցին եւ հարցը փակեցին»,- ասում է հ/կ-ի նախագահը:

Սեդրակ Բաղդասարյանը արդյունավետ չի համարում յուրաքանչյուր տեղեկատվության համար դատարան դիմելը: «Մենք, իհարկե, իրավունք ունենք դատարանի միջոցով ստանալ մեզ անհրաժեշտ տեղեկությունները, բայց որքանո՞վ է ճիշտ մեկ տարի սպասել դատարանի վճռին, որը հետագայում չպետք է կատարվի: Քաղաքապետարանը հաճախ չի պատասխանում մեր գրավոր հարցումներին` խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը»,- ասում է Բաղդասարյանը:

Skip to content