Հրապարակումներ

Հրապարակումներ

Տեղեկատվություն բանակից. ո՞ւմ դիմել, ո՞ւր գնալ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվություն բանակից. ո՞ւմ դիմել, ո՞ւր գնալ

Գեւորգ Հայրապետյան

Վալենտինա Թորոսյանի որդուն` Արամին այս ամառ են զորակոչել բանակ: “Հավաքակայանից իմացա, որ Ղարաբաղ են տարել: Ամուսինս Ստեփանակերտում ծանոթ ուներ, նա էլ ասաց, թե Արամին որ զորամաս են տարել: Եթե ծանոթը չլիներ, ոչ մի բան էլ չէի իմանալու: Ստիպված լարված սպասելու էինք, մինչեւ Արամը զանգեր ու իր տեղն ասեր”:

“Ո՞ւր տարան էրեխուս”, “տեսնես` ո՞ր զորամաս գնաց, ո՞նց ա ծառայությունը”, “ո՞նց կարող ենք էրեխուն տեսնել” ու նմանատիպ շատ հարցեր են առաջանում նորակոչիկների ընտանիքների անդամների մոտ:

Ինչպե՞ս կամ ումի՞ց կարելի է ստանալ այս հարցերի պատասխանները:

Նորակոչիկների ծառայության վայրի եւ զինվորական ծառայության մասին տեղեկություններ ստանալու հնարավորությունները եւ կարգը պարզելու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցում ուղարկեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը: ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ գնդապետ Ս. Սեդրակյանը պատասխան գրությամբ հայտնեց. “Նորակոչիկների` հանրապետական հավաքակայանից մեկնելուց հետո բարձրախոսով հայտարարվում են նրանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանունը, տարածքային զինկոմիսարիատը) եւ ծառայության անցկացման վայրը:

Բացի այդ, նորակոչիկների հարազատները ծառայության վայրի վերաբերյալ տեղեկություններ կարող են ստանալ ինչպես տարածքային զինկոմիսարիատներից, այնպես էլ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմզորհավաքային վարչությունից:

“Զինվորական կոմիսարիատը հաշվառման մարմին է եւ ըստ էության չի տիրապետում զինծառայողների մասին շատ տեղեկատվության: Երբ նորակոչիկին հավաքակայանից տեղափոխում են հիմնական ծառայության վայր, տվյալ զորամասի հրամանատարը նորակոչիկին ստանալու կապակցությամբ փաստաթուղթ է ստորագրում: Զինվորական կոմիսարիատը ստանում է զորամասի համարով փաստաթուղթ: Նորակոչիկի ընտանիքի անդամները կարող են զինկոմիսարիատից տեղեկանալ, թե որ զորամասում է նա ծառայում”,-նշեց Արաբկիրի զինվորական կոմիսարիատի Զորակոչային բաժանմունքի պետ փոխգնդապետ Արմեն Հակոբյանը:

Պարոն Հակոբյանն ասաց նաեւ, որ նորակոչիկների ընտանիքների անդամներն առանձնապես շատ չեն դիմում զինկոմիսարիատ: “Տասից մեկն է դիմում զինկոմիսարիատ նման տեղեկություն ստանալու համար, քանի որ հավաքակայանից դուրս բերելիս տեղեկացնում են, թե որ նորակոչիկը որ զորամաս է մեկնում, բացի այդ կապի միջոցներն այնքան տարածված են, որ նորակոչիկները միանգամից տեղյակ են պահում իրենց գտնվելու վայրի մասին”:

Զինծառայողի ծառայության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու ամենահեշտ միջոցներից մեկն էլ ծառայության վայր այցելելն է:

“Նորակոչիկներին այցելելու, տեսակցելու եւ զինվորական ծառայության վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված հարցերը կանոնակարգված են ՀՀ պաշտպանության նախարարի 31.07.1995թ.-ի թիվ 240 հրամանով, իսկ ծառայության հետ կապված ցանկացած բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են հերթագրվել ՀՀ զինկոմիսարիատում (նախկին ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական շենք, ք. Երեւան, Բաբայան 6), որտեղ կատարվում է քաղաքացիների ընդունելություն”:-նշեց պարոն Սեդրակյանը:

Վերոնշյալ հրամանի համաձայն` զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը սահմանված է “բաց դռների օր”: Նույն հրամանով զորամասերի (հիմնարկների) հրամանատարները պարտավոր են զինծառայողների եւ ՀՀ քաղաքացիների համար ստեղծել բոլոր այն անհրաժեշտ պայմանները, որոնք հնարավորություն են ընձեռում նրանց դիմելու գրավոր եւ բանավոր առաջարկություններով, դիմումներով եւ բողոքներով: Զորամասերի հրամանատարները նաեւ պարտավոր են դիմորդներին գրավոր կամ բանավոր տեղեկացնել նրանց ներկայացրած առաջարկների, դիմումների, բողոքների մասին ընդունված որոշումների մասին, իսկ մերժման դեպքում` նշել պատճառները, դիմողների խնդրանքով պարզաբանել բողոքարկման կարգը:

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 21.07.2008թ.-ի թիվ 917 հրամանի` ընդունելության ժամանակ հանձնված գրավոր դիմումը քննարկվում է սեղմ ժամկետում, որը չի կարող գերազանցել օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը (30 օր): Սահմանված ժամկետի սկիզբը դիմումն ընդունելու օրն է:

Ըստ նույն հրամանի` դիմումի պատասխանը պետք է լինի հստակ, հասկանալի եւ ունենա իրավական հիմնավորում:

Այսինքն, զինծառայողի եւ նրա ծառայության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար ստեղծված են օրենսդրական հիմքեր: Մնում է միայն օգտվել դրանցից:

Skip to content