Մեզանից շատերին է հավանաբար հայտնի, որ Հայաստանում համակարգիչների եւ համակարգչային սարքավորումների գները, որպես կանոն, ավելի բարձր են, քան այլ երկրներում: Սրանում համոզվելու համար բավական է մտնել որեւէ էլեկտրոնային խանութ, կամ հարցնել մեր ծանոթներին եւ ազգականներին, ովքեր նոր են վերադարձել արտասահմանից` իրենց հետ բերելով որեւէ համակարգչային տեխնիկա: Գների տարբերությունները տեսնելիս անմիջապես սկսում ես մեղադրել համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող հայկական ընկերություններին: Խնդրին համակողմանիորեն ծանոթանալուց հետո, սակայն, հասկանում ես, որ նրանց մեղքն այստեղ այնքան էլ մեծ չէ: Հայաստանում համակարգչային տեխնիկայի եւ սարքավորումների գները բարձր են նախ եւ առաջ այն պատճառով, որ բարձր են մաքսային վճարումները:
Մաքսային մարմինների կողմից օրենքների կանոնակարգերի ՙյուրովի՚ մեկնաբանությունների իմաստով բավականին խնդրահարույց է ավելացված արժեքի հարկի գանձման ժամանակ կողմնորոշիչ գներ կիրառելու գործելակերպը: Դա տեղի է ունենում, երբ ապրանքի մաքսազերծման համար տարբեր սուբյեկտիվ պատճառներով թերի է համարվում ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը (invoice-ը): Հենց այստեղ էլ սկսվում է մաքսային մարմինների կամայականությունների շղթան: Այլեւս հիմք չունենալով հաշիվ-ապրանքագիրը` մաքսային մարմիններն ավելացված արժեքի հարկը (ապրանքի ինքնարժեքի 20 տոկոսը) գանձում են` հաշվի առնելով ապրանքի շուկայական գինը: “Ավելացված արժեքի հարկ մենք մուծում ենք մաքսատանը` անմիջապես ներկրելիս, եւ մուծում ենք ոչ թե ապրանքի իրական գնից, այլ` ինչ-որ հնարովի արժեքից: Եթե, օրինակ, ներկրող ընկերությունը LCD մոնիտոր գնել է 120 դոլարով, ապա դրա մաքսային արժեքը մաքսատանը սահմանվում է է 270-300 դոլար: Սրա համար 25 դոլար մաքասատուրքի փոխարեն մենք վճարում ենք 60 դոլար: Ստացվում է, որ ինքնարժեքն արհեստականորեն, սուբեկտիվ պատճառով բարձրանում է”,- ասում է “Յունիքոմփ” ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը: Փաստորեն, մաքսային մարմինները համակարգչային տեխնիկայի մաքսազերծման ժամանակ մաքսային արժեքը որոշելիս հիմք են ընդունում շուկայական մի գին, որը գրեթե միշտ շատ ավելի բարձր է, քան այն արժեքը, որով ընկերությունները դրանք ձեռք են բերել: Ուստի, այնպես է ստացվում, որ մաքսային մարմիններն իրենք են անուղղակի ձեւով ազդում համակարգչային սարքավորումների գնագոյացման վրա եւ ստեղծում շուկայական բարձր գին, ինչի շնորհիվ էլ այդ սարքավորումների համար հետագայում գանձում են ավելի բարձր մասատուրք:
Մյուս կողմից էլ ներմուծողների համար պարզ չէ, թե ինչպե±ս են որոշվում շուկայական կողմնորոշիչ գները, ո±ր շուկայում, ի±նչ պարբերականությամբ եւ կա±ն արդյոք դրանք որոշելու հստակ եւ օբյեկտիվ մեխանիզմներ` սահմանված ՀՀ իրավական ակտերով: “Մաքասատունը միաժամանակ տարբեր ընկերությունների համար նույն ապրանքի դիմաց անհասկանալի հիմնավորումներով կարող է առաջարկել տարբեր գներ”,- պարզաբանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը` ավելացնելով.- “Ես չէի ասի, որ մեզ մոտ մաքսային օրենքը շատ լիբերալ է, այլ ընդհակառակը` աշխարհում ամենավատերից մեկն է: Սա չի նպաստում ՏՀՏ ոլորտի զարգացմանը”: Այս պարագայում եւս գործում է ԽԾԲ (Խնամի, ծանոթ, բարեկամ) հայկական սկզբունքը, որի շնորհիվ էլ հնարավոր է լինում մաքսատանն ապրանքը ցածր ինքնարժեքով ձեւակերպել եւ շուկայում վաճառքի ավելի ցածր գին ունենալ: Սրանով էլ կարելի է բացատրել նույն համակարգչային տեխնիկայի տարբեր արժեքները հենց Հայաստանի ներսում:
Շուկայական “կողմնորոշիչ գների” մեխանիզմի կիրառումը խոչընդոտում է ՏՀՏ ձեռնարկությունների զարգացմանը նաեւ այն պատճառով, որ այն բավականին ճկուն չէ, որպեսզի կարողանա հետեւել ոլորտի շուկայում տեղի ունեցող հաճախակի փոփոխություններին: Միջազգային շուկայում համակարգչային տեխնիկայի եւ սարքավորումների գները շատ արագ փոխվում են եւ մեկ ամսվա ընթացքում դրանք կարող են նվազել մինչեւ 70 տոկոս: ՀՀ մաքսային ծառայությունը, սակայն, դեռեւս երկար ժամանակ շարունակում է “նախկին կողմնորոշիչ” գներով որոշել ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը` անուղղակի ձեւով ընկերություններին ստիպելով, որ, օրինակ` SONY VAIO VGN-SR11MR նոութբուքը Հայաստանում վաճառվի մոտ մեկ միլիոն դրամով, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այն կարելի է ձեռք բերել առավելագույնը 800 դոլարով (մոտ 300000 դրամ):
Համակարգչային տեխնիկայի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների համար բաց է մնում նաեւ այն հարցը, թե ինչ աղբյուրից իրենք կարող են նախապես ստանալ տեղեկատվություն մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման դեպքում ներմուծվող ապրանքների համար սահմանված շուկայական կողմնորոշիչ գների վերաբերյալ:
Կանխատեսվող գների որոշման թափանցիկությունն ապահովելու տեսանկյունից այսօր հասարակության համար ավելի հասանելի ճանապարհ է համարվում այդ գները Պետական Եկամուտների Կոմիտեի կայքում հրապարակելը եւ փոփոխելը: “Հաշվի առնելով ոլորտի առաձնահատկությունը` թարմացումները պետք է ավելի հաճախ կատարվեն ՏՀՏ ոլորտի ապրանքների համար` առնվազն 30 օրը մեկ”,- հավաստիացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Մաքսային մարմինների կողմից համակարգչային տեխնիկայի գնագոյացման վրա անմիջական ազդեցություններից է նաեւ այն, որ համակարգչային տեխնիկա արտադրող խոշոր կազմակերպությունները, ինչպիսինն օրինակ` HP-ն է (Հյուլեթ Պակկարդ), իրենց ապրանքները մատակարարում են միայն CIF պայմանով (սա այն դեպքն է, երբ ապրանքի մատակարարումը ներառում է նաեւ ճանապարհածախսը), սակայն ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն CIF պայմանով մատակարարված ապրանքների համար պահանջում է ճանապարհածախսի առանձին հաշվարկ, որի արդյունքում էլ ՏՀՏ կազմակերպությունները ստիպված են լինում մաքսազերծումն իրականացնել կողմնորոշիչ /շուկայական/ գնով` կրկին վճարելով ճանապարհածախսի համար: “Այս եւ նման մի շարք հարցեր էլ իրենց հերթին առաջացնում է ՏՀՏ ապրանքների գների արհեստական աճ ներքին շուկայում, որի հետեւանքով խաթարվում է ՏՀՏ ապրանքների զանգվածային կիրառումը, ինչը լուրջ խոչընդոտ է ինֆորմացիոն հասարակություն ձեւավորելու համար”,- ասում է Կարեն Վարդանյանը:
“Հայաստանում համակարգչային սարքավորումների գինն իրականում բարձր է ոչ այն պատճառով, որ մենք բարձր շահույթներ ենք նախատեսում, այլ որ դրա համար կան մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ”,- նշում է “Յունիքոմփ” ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը: Օբյեկտիվ պատճառները երեքն են` ռեգիոնալ գները, ճանապարհածախսը եւ ներկրվող ապրանքի ծավալները: Համակարգչային տեխնիկա արտադրող ընկերությունը յուրաքանչյուր ռեգիոնի իր գործընկերների համար նախատեսում է վաճառքի համապատասխան գին, որի հիման վրա էլ ձեւավորվում է տվյալ ռեգիոնի ինքնարժեքը: Երկրորդ օբյեկտիվ պատճառը ճանապարհածախսն է: “Ցավոք սրտի մենք ծով չունենք, որ ապրանք բերենք ամենաէժան փոխադրամիջոցով` նավով: Օրինակ` հենց մեր հարեւան Վրաստանում գներն ավելի ցածր են, որովհետեվ նրանք շատ քիչ գումար ծախսելով ապրանք են ներկրում ծովով: Բացի այդ, նրանց մոտ մաքսային կանոնները շատ ավելի լիբերալ են, ուստի, կարող են էժան վաճառել”,-ասում է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հայաստան համակարգչային սարքավորումներ ներկրվում է հիմնականում Եվրոպայից, Դուբայից, Թայվանից եւ Չինաստանից: Առաջատար ընկերությունների պահեստները մեծամասամբ տեղակայված են Եվրոպայում: Եվրոպայից Հայաստան ինքնաթիռով տեղափոխելու դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարվում է մոտ 4-5 եվրո ճանապարհածախս, մեքենայով` 1-2 եվրո: Դուբայից ճանապարհածախսը նույնն է, բայց դոլարով: Թայվանից ու Չինաստանից տեղափոխելիս ճանապարհածախսն ավելի բարձր է, սակայն, այս երկրներում էլ տեխնիկայի արժեքն է ավելի ցածր: Նշված գները վերաբերում են միայն մեծ ծավալների տեղափոխումներին, փոքր ծավալների դեպքում դրանք ավելի բարձր են:
Օբյեկտիվ պատճառներից հաջորդը ներկրվող ապրանքի ծավալն է: Այսօր Հայաստանում համակարգչային տեխնիկայի սպառումը փոքրածավալ է, հետեւաբար ներկրվող ապրանքների ծավալն էլ` փոքր: Այս պարագայում ներկրման ծախսերն ազդում են փոքր ծավալների վրա եւ վաճառքի գինն էլ հետեւաբար ավելի բարձր է ստացվում: “Օրինակ, նույն ռեգիոնալ գները տարբերվում են Հայաստանի եւ Ռուսաստանի համար` կապված սպառման ծավալների հետ: Որքան ներմուծման ծավալները փոքր են, այնքան գները ավելի թանկ են: Եթե մենք գնում ենք 50 համակարգիչ, արտադրող ընկերության հետ չենք կարող հատուկ գին պայմանավորվել, իսկ եթե ռուսական մի ընկերություն գնում է 50000 համակարգիչ, արդեն հնարավորություն ունի սակարկելու”,- պարզաբանում է “Յունիքոմփ” ընկերության տնօրենը:
Մաքսային ոլորտում առաջացող նման մի շարք խնդիրների լուծման նպատակով էլ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի եւ Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների ընկերությունների առաջարկությունների հիման վրա մշակվել եւ 2009թ.-ի ապրիլի 20-ին ՀՀ վարչապետին է ներկայցվել “Մաքսային օրենսդրության եւ վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթ”: Այն ընդգրկում է մաքսային ոլորտում առաջացող խնդիրների հիմնական 4 ուղղությունները` կապված ներմուծման ժամանակ “կողմնորոշիչ գների” կիրառման, արտադրանքի կամ սարքավորումների արտահանման (վերաարտահանման) դժվարությունների, ավելացված արժեքի հարկի սահմանին չգանձելու, ԱԱՀ-ի գերավճարները ետ ստանալու, երաշխիքային սպասարկման ներքո գտնվող ապրանքների փոխանակաման հետ:
Առաջարկությունների փաթեթին տրված պատասխանում միակ հուսադրող եւ դրական հատվածն այն է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն իր պատրաստակամությունն է հայտնել աշխատանքային կարգով քննարկելու եւ պարզաբանելու բարեփոխումների փաթեթում բարձրացված բոլոր հարցերը: “Եթե մենք համագործակցենք պետության հետ, այդ բոլոր խնդիրները կարող են լուծվել, սա էլ իր հերթին կանդրադառնա սպասարկման որակի եւ գնի վրա, որն էլ կարող է բերել ծավալների ավելացման: Ծավալների ավելացումն էլ իր հերթին կբերի մյուս օբյեկտիվ ծախսերի կրճատմանը, որն էլ կհանգի շուկայում համակարգչային տեխնիկայի գների իջեցմանը: Իսկ հիմա մենք հայտնվել ենք հոտած ճահճում ու աստղերի մասին ենք երազում”,- պարզաբանում է “Յունիքոմփ” ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը: