Հրապարակումներ

Հրապարակումներ

Օրենք են գրել` ձեռքը կրակն ընկել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Օրենք են գրել` ձեռքը կրակն ընկել

2007թ. ապրիլին ԱԺ-ն ընդունել է մի օրենք` “Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին”, որի համաձայն պետք է ստեղծվեր www.lraber.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որտեղ պետք է տեղադրվեին օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված հրապարակային ծանուցում պահանջող հայտարարությունները:

Օրենքի համաձայն “Հրապարակային ծանուցումների պաշտոնական խնտերնետային կայքի վարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են “Գնումների մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթի հաղթող ճանաչված անձի կողմից: Որպես պատվիրատու հանդես է գալիս ՀՀ արդարադատության նախարարը”:

Օրենքն ընդունվում է, կայքի անունը` ֆիքսվում, սակայն նշյալ դոմեյնի ձեռքբերման հարցում ՀՀ արդարադատության նախարարությունը դեռ չի շտապում: Օրենքի ընդունումից 8 ամիս անց, սակայն,  www.lraber.am  ենթատիրույթը գնում է Վարդան Տոնոյան անունով մի մարդ, ով բոլորովին էլ կապ չունի ՀՀ արդարադատության նախարարության հետ: Արդյունքում, օրենքի կիրառումը դառնում է անհնարին:

Իրավիճակը շտկելու համար 2008թ. հոկտեմբերին ԱԺ-ը “Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենք է ընդունում, որով www.lraber.am-ը փոփոխվում է www.azdarar.am-ի, իսկ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցումը վերապահվում է ՀՀ կառավարության աշխատակազմին:

Այս անգամ նախարարությունը www.azdarar.am ենթատիրույթը նախապես` մինչ օրենքի փոփոխությունների ընդունումը, գրանցում է իր գերատեսչության անունով:

Կրկին անցնում է 6-7 ամիս, օրենքը մնում է զուտ թղթի վրա:
Երբ փորձեցինք Կառավարության աշխատակազմից ճշտել, թե հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքի վարումն ու տեխնիկական սպասարկումը ով է իրականացնում, շատ հետաքրքիր իրավիճակի բախվեցինք: Նախ լրատվական ծառայության աշխատակիցները զարմանք արտահայտեցին ու անկեղծորեն խոստովանեցին, որ անգամ տեղյակ չեն, որ նման օրենք գոյություն ունի, ավելին` որ Կառավարության աշխատակազմը պետք է զբաղվի դրանով, որից հետո էլ խորհուրդ տվեցին դիմել աշխատակազմի ղեկավարին:

Իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն էլ օրենքի պահանջն իրենց կողմից չկատարելն այսպես մեկնաբանեց. “Քանի որ ՀՀ կառավարության աշխատակազմը չունի տարածքային ստորաբաժանումներ, եւ դա խոչընդոտ է նշված ծառայությունների դյուրին մատուցման համար, ուստի եւ արժեզրկում է օրենքի ողջ գաղափարախոսությունը”:

Նաեւ Դ. Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ կառավարությունը քննարկում է “Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, համաձայն որի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքի վարումն ու տեխնիկական սպասարկումը վերապահվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը:

Արդյունքում ստացվում է, որ օրենք են ընդունել` ձեռքը կրակն ընկել, ՀՀ կառավարության աշխատակազմն ու ՀՀ արդարադատության նախարարությունն իրար “պաս” են տալիս օրենքի կիրառման լիազորությունները, իսկ  հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքն այդպես էլ չի գործում:

Skip to content