Հրապարակումներ

Հրապարակումներ

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը Կոտայքի մարզպետարանում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը Կոտայքի մարզպետարանում

Հայաստանի 10 մարզերից Կոտայքի մարզը հրապարակայնության եւ թափանցիկության տեսանկյունից շահեկանորեն միշտ էլ առանձնանում է մյուս մարզերից: Ոմանք դա բացատրում են մայրաքաղաքին մոտ գտնվելու գործոնով, ոմանք էլ` մարզպետի առաջադիմական հայացքներով: Եվ նշվածի համատեքստում այնքան էլ անակնկալ չէր այն փաստը, որ Կոտայքի մարզում արդեն ներդրվել է “Mulberry” էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը: Այս համակարգի, ինչպես եւ քաղաքացիների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման մասին էլ ծավալվեց մեր զրույցը Կոտայքի մարզպետ պարոն Կովալենկո Շահգալդյանի հետ:– Հայաստանի առաջին մարզը, որտեղ ներդրվել է “Mulberry” էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, Կոտայքի մարզն է: Ձեր մարզի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

Կ. Շ.- Փաստաթղթաշրջանառության “Mulberry” համակարգի ներդրումը բացառապես մեր ցանկությունն էր, որին անցնելու մտադրությունը կար դեռեւս տարիներ առաջ: Այս ասպարեզում ունեցանք մի շարք փորձնական մոդելներ, հանգամանորեն ուսումնասիրվեցին մարզպետարանում առկա մասնագիտական, կադրային, ինչպես նաեւ տեխնիկական հնարավորությունները, որի արդյունքում կյանքի կոչվեց նախաձեռնությունն ու այս տարվա ապրիլի մեկից դարձավ իրականություն:
Շնորհակալությամբ պետք է նշեմ, որ այս հարցում ունեցանք նաեւ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության մասնագետների խորհրդատվական ու մեթոդական աջակցությունը: Համոզված եմ, որ հիշյալ ծրագիրն ամբողջությամբ կներդրվի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման ու բազմաթիվ այլ հաստատություններում, սակայն պետք է փաստեմ նաեւ, որ լինելով այդ նորարարությունն առաջինը կիրառող մարզը` Կոտայքն այս պահին ունի վերջինս առավելագույն արդյունավետությամբ գործածելու պատասխանատվություն, որի գիտակցումն էլ նպաստում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը լիարժեքորեն կազմակերպելուն:– Մյուս համայնքների ղեկավարների հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը ինչպե՞ս է ապահովվում:

Կ. Շ.- “Mulberry” համակարգի ներդրումից անմիջապես հետո մարզի բոլոր այն համայնքներին, կրթական ու առողջապահական հիմնարկներին, որոնք ունեն ինտերնետային կապ, առաջարկվեց մարզպետարան ներկայացվող բոլոր փաստաթղթերն այլեւս առաքել kotayk-region@mail.ru էլեկտրոնային հասցեով: Այս քայլը հնարավորություն ընձեռեց զերծ մնալ ավելորդ վարչարարությունից եւ ապահովել գործընթացի ժամկետայնության բոլոր մանրամասները: Տվյալ պահին մեզ հաջողվում է ամբողջությամբ կազմակերպել այս աշխատանքը, բացառել ամենատարբեր թղթերն առձեռն տեղափոխելու արարողակարգային բարդությունները, որն էլ բնականաբար հանգեցրել է աշխատանքների որակի բարձրացմանը: Ի դեպ պետք է նշեմ, որ մարզի շուրջ երկու տասնյակ համայնքներ ցանկություն են հայտնել տեղերում ներդնել “Mulberry” համակարգը. այդ հարցին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով մենք դիմել ենք ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը եւ ակնկալվում է, որ մոտ ապագայում հնարավոր կդառնա մարզի համայնքներից շատերում եւս կիրառել այս ծրագիրը:

– Արդեն մի քանի ամիս է, ինչ Ձեր մարզում գործում է “Mulberry” համակարգը: Այսօր արդեն կարո՞ղ ենք խոսել այդ համակարգի առավելությունների ու թերությունների մասին:

Կ. Շ.- Միանշանակ կարելի է ընդգծել, որ այս մի քանի ամիսների ընթացքում Կոտայքի մարզպետարանում միմիայն իրենց արտահայտությունն են գտնում այդ համակարգի առավելությունները, որոնք մեծապես նպաստում են գործավարական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու հնարավորությունների ընդլայնմանը: Մարզպետարանի աշխատակիցների աշխատանքային առօրյայից այլեւս դուրս են մնում ավելորդ թղթաբանությանը հատուկ ձանձրույթներն, ու նրանք կարողանում են առավել ընդգրկուն իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները: Այս ամենով հանդերձ մեր դիտարկումներն ու վերլուծությունները հերթական անգամ հավաստիացնում են, որ առավել ցանկալի կլիներ այս համակարգի ներդրումը մեծաթիվ գերատեսչություններում, որն ավելի շատ դրական զարգացումներ կհաղորդեր ժամանակի հրամայական դարձած այս ծրագրին:

– “Mulberry” համակարգի ներդրումը ենթադրում է նաեւ նամակ-դիմումներին արագ պատասխանելու հնարավորություն: Կա՞ սրա վերաբերյալ որեւէ վիճակագրություն կամ տվյալ:

Կ. Շ.- Ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային շրջանառության ժամանակահատվածներում մարզպետարանի աշխատակազմում մուտք եղած որեւէ փաստաթղթի, դիմումի կամ նամակի պատասխան չի ուղեկցվել ուշացումներով: “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջներին ու մարզպետարանի գործավարության կարգին համապատասխան այդ աշխատանքներն ընթացել են սահմանված ժամկետներում: Միայն պետք է նկատել, որ մինչ էլեկտրոնային տարբերակին անցնելը եթե համապատասխան ժամկետները վերահսկվում էին բազմաթիվ հատորյակներ հիշեցնող մատյանների շարունակական թերթումներով, ապա այժմ այդ ամենին փոխարինելու են եկել համակարգչի մեկ-երկու ստեղները, որոնք ակնհայտորեն փոխել են ընթացակարգի ողջ տրամաբանությունը:

– Էլեկտրոնային փսաստաթղթաշրջանառության ժամանակ հստակ տարանջատվու՞մ է նամակ-դիմումը տեղեկատվություն ստանալու հարցումից:

Կ. Շ.- Այս պարագայում եւս պետք է նշել, որ այդ տարանջատումը մենք իրականացրել ենք փաստաթղթաշրջանառության երկու տարբերակների պարագաներում էլ, պարզապես անժխտելի են էլեկտրոնային ձեւաչափի հստակությունն ու այն բոլոր ժամանակակից առանձնահատկությունները, որոնք ակնհայտորեն ուրվագծում են տարատեսակ փաստաթղթերի գործավարական դասակարգումներն ու շարունակաբար պարզեցնում այդ ամենին ներկայացվող պահանջները:

– Ուրիշ ի՞նչ քայլեր եք անում Ձեր մարզում հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման ուղղությամբ:

Կ. Շ.- Հրապարակայնության ու թափանցիկության կարեւորագույն բաղադրիչ կարելի է համարել մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքի գործունեությունը, որի համապատասխան ենթահամակարգերը հանրությանը ներկայացնում են մարզպետարանի գործունեության գրեթե բոլոր ուղղությունները, անդրադարձ կատարում մարզում տեղի ունեցող բազմաբնույթ իրադարաձություններին: Հավելեմ նաեւ, որ կայքի այցելուները կարող են ծանոնթանալ Կոտայքի մարզպետի բոլոր որոշումներին ու կարգադրություններին, մարզպետարանի ու վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերին, ամենամսյա աշխատանքային ժամանակացույցերին, համայնքների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի գործունեությանը վերաբերող տեղեկություններին, ավագանիների կազմերին ու համայնքների բյուջեներին, ինչպես նաեւ այնտեղ ծանուցվում են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով ամրագրված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները: Կայքի աշխատանքը շարունակաբար ենթարկվում է բարելավումների, որոնց արդյունքում հնարավոր է դառնում այդ ամենը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին ու արդիական մտածողությանը:
Այս ասպարեզում առանցքային դերակատարում ունեն մարզում գործող զանգվածային լրատվամիջոցները, որոնց թողարկումներում եւս պարբերաբար լուսաբանվում են մարզային անցուդարձն ու մարզպետարանի աշխատանքի հիմնական ուղղությունները. Հաճախակի կազմակերպվող ուղիղ եթերներում անընդհատ քննարկվում են հասարակական հնչեղություն ունեցող բազում խնդիրներն ու նախանշվում հանրային իրազեկման գործընթացների հիմնական մեթոդաբանությունը: Համակողմանիորեն լուսաբանվում է ՀՀ Կառավարություն ներկայացվող ամենամյա հաշվետվության վերլուծությունները: Մարզպետարանի նախաձեռնությամբ հաճախ են կազմակերպվում տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներին վերաբեող կլոր-սեղաններ, թոք-շոուներ ու քննարկումներ:
Մեծ տեղ է հատկացվում հասարակայնության հետ կապերի շրջանակներում իրականացվող ձեռնարկումներին, որոնց հիմքը քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելություններն են ու մարզի ազգաբնակչության կողմից բարձրացված հարցերի բովանդակությունը: Արդեն իսկ մեկնարկել է եւ կարճ ժամանակամիջոցում նոր որակ կհաղորդվի համայնքների ղեկավարների կողմից հանրությանը ներկայացվող հաշվետվությունների մատուցմանը, որի շրջանակներում կկազմակերպվեն նաեւ մամուլի ասուլիսներ, հեռուստահաղորդումներ ու հրապարակումներ: Հրապարակայնության ու թափանցիկության ուրույն դրսեւորումներ հանդիսացան “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության կողմից մարզի համայնքներին տրամադրված տեղեկատվական ցուցատախտակները: Ընդամենը վերջերս մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեց ու համակողմանիորեն վերլուծության ենթարկվեց մարզի համայնքներում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջների կիրառման ու հանրային իրազեկման մասին հարցը, որի շրջանակներում համայնքների ղեկավարներին առաջարկվեց նաեւ աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում կատարել համապատասխան փոփոխություններ` մեկ համայնքային ծառայողի վերապահելով տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուի գործառույթներ` տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը եւս պատշաճ կերպով ապահովելու նկատառումով: Եվ սա դեռ ամենը չէ. այս տիրույթում շատ են անելիքներն ու նախաձեռնությունները, որոնց կանդրադառնանք նաեւ այսուհետ` ամենայն մանրամասնություններով այդ մասին տեղեկացնելով հանրությանը:

Skip to content