Գրիշա Բալասանյան
Ավաղ, այդ ծախսվող գումարները հարկատուներիս վճարած հարկերի հաշվին են:
Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Սակայն այսօր ոչ բոլոր քաղաքացիներն են օգտվում իրենց այս իրավունքից: Օրինակ, ՀՀ Սահմանադրության 27.1 հոդվածի համաձայն. “Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք”: Ցավոք, թվով քիչ քաղաքացիներ են տեղեկություն ստանալու համար դիմում պատասխանատու պաշտոններ զբաղեցնողներին, իսկ եթե նույնիսկ դիմում են, ապա մերժվելու դեպքում չեն պայքարում իրենց ոտնահարված իրավունքների համար:
“Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հ/կ-ն օգտվելով Սահմանադրության եւ “Տեղեկատվության ազատության մասին” օրենքի դրույթներից, հարցումով դիմել եւ տեղեկություններ է ստացել մի շարք մարզպետարաններից: Ներկայացնում ենք Արարատի եւ Գեղարքունիքի մարզպետների որոշումներից հետաքրքրաշարժ տեղեկություններ: Օրինակ, Արարատի մարզպետ Վ. Հովակիմյանը 21.10.2008 թվականին կայացրել է որոշում, որով 2 միլիոն դրամի ֆինանսական օգնություն է հատկացրել Արարատի մարզի սոցիալապես անապահով թվով 55 մարդու: Անշուշտ, մարզպետի արարքում որեւէ դատապարտելի արարք չկա, որ պետական բյուջեի միջոցներից ֆինանսական օգնություն է հատկացրել անապահով ընտանիքներին: Սակայն, աչքի տակով գումարների չափն անցկացնելիս կասկած է առաջանում, արդյոք մարզպետն իր սոուբյեկտիվ գործոնը չի± խառնել գումար հատկացնելու ժամանակ` մանավանդ, որ պարզ չէ, թե այդ գումարն ինչ նպատակով է հատկացվել: Այդ որոշումով մեկ քաղաքացու հատկացվել է 13 հազար դրամ, 23 մարդու` 10 հազարական, 11 հոգու` 20 հազարական, 1 հոգու` 25 հազար, 5 հոգու` 30 հազար, 1 մարդու մարզպետը հատկացրել է 40 հազար, 4 մարդու` 50 հազարական, 1 հոգու` 60 հազար, 1 հոգու` 72 հազար դրամ, 5 հոգու` 100 հազարական, 1 հոգու 240 հազար, մի մարդու էլ 250 հազար դրամ: Նույնքան գումար հատկացվել է 20 քաղաքացու` 12.11.2008 թվականին: “Կիսաթափանցիկության” սկզբունքով 1 միլիոն դրամ էլ հատկացվել է 28.11.2008 թվականի մարզպետի թիվ 125 որոշումով` այս անգամ արդեն 9 քաղաքացու: Մարզպետն առատաձեռն է եղել նաեւ նույն թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ` հատկացնելով 3 միլիոն դրամ:
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն էլ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին 500 հազար դրամ է հատկացրել “Ուսուցչի օրվա” տոնի կապակցությամբ, որից 400 հազար դրամը առանձնացվել է թվով 20 ուսուցիչներին խրախուսանք տալու համար, իսկ 100 հազար դրամն էլ` “Ուսուցչի օրվա” տոնի կապակցությամբ միջոցառման կազմակերպման ծախսերը հոգալու համար: Մարզպետը հոկտեմբերի 24-ին 400 հազար է հատկացրել “Հայ ասպետ” հաղորդաշարին Գավառի թիվ 3, Վարդենիկի թիվ 3, Սեւանի թիվ 7 միջնակարգ դպրոցների պատանի գիտակների խմբերի մասնակցությունն ապահովելու համար:
Դեկտեմբերի 3-ի համար 220-Ա որոշումով էլ Նվեր Պողոսյանը 82 հազար դրամ է հատկացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում տեղակայված զորամասին հեռուստացույց գնելու եւ նվիրելու համար: Տարբերություն չդնելով երկու հայկական հանրապետությունների ազգաբնակչության միջեւ, այնուամենայնիվ նշենք, որ Հայաստանի հանրապետությունը պետական բյուջեով ամեն տարի որոշակի օգնություն տալիս է Ղարաբաղին, իսկ մնացածն արդեն Արցախի կառավարության լուծելիք խնդիրն է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես աջակցում է Ղարաբաղի զինված ուժերին: Մարզպետի բարեհոգությունը տեղին չէ, այն իմաստով, որ իր մարզի շատ համայնքներում լուծելու շատ-շատ խնդիրներ կան, իսկ եթե մարզպետը այդքան ծանր է տարել, որ Արցախի զորամասերից մեկը հեռուստացույց չի ունեցել, լավ կլիներ, որ Նվեր Պողոսյանն իր աշխատավարձից հատկացներ հեռուստացույցի գումարը: Այդ դեպքում կմտածեինք, որ իրոք, մարզպետը բարեգործություն է արել: Ինչեւէ, դեկտեմբերի 11-ի որոշումով էլ Գեղարքունիքի մարզպետը 55 հազար դրամ է հատկացրել “Վիվասելի քարտերի կանխավճար տալու համար”: Այդպես էլ չի հատկացվում, թե խոսքն ինչ քարտերի մասին է եւ մարզպետն ինչ կապ ունի հեռախոսային այդ քարտերի հետ:
Նվեր Պողոսյանն է ապահովել նաեւ (իհարկե, ոչ իր անձնական միջոցների հաշվին) ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի, Մարտունու Ն. Ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխատակիցների եւ աշակերտների Գեղարքունիքի մարզ կատարվելիք այցելության ծախսերը: Այդ նպատակով մարզպետը դեկտեմբերի 11-ին հատկացրել է 150 հազար դրամ: Նվեր Պողոսյանի առատաձեռնությունը հասել է իր գագաթնակետին, երբ դեկտեմբերի 16-ին 320 հազար դրամ է հատկացրել Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական բացիկներ, շնորհավորական բացիկների միջուկներ ձեռք բերելու եւ տպագրելու համար: Այս որոշումից կարելի է եզրակացնել, որ մարզպետը ամբողջ մարզին հատուկ բացիկներ է նվիրել` այն էլ ոսկեզոծ տառերով գրված: Մի±թե հնարավոր չէր ձեռք բերել ավելի մատչելի բացիկներ, ինչն էլ կխնայեր պետբյուջեից հատկացված գումարները, թե± մարզպետի ստորագրությունը պիտի դրվեր բացառապես յուրօրինակ բացիկների վրա, այն էլ` հատուկ պատվիրված:
Մի բան նկատենք, տարբեր պաշտոնյաներից ստացված որոշումներից պարզել ենք, որ նրանցից շատերը եւ’ կնամեծար են, եւ‘ հատուկ ընդգծված ուշադրություն են դարձնում իրենց աշխատակիցների եւ տարածքի բնակիչների նկատմամբ: Արդեն անդրադարձել էինք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի “կնամեծար” որոշումներին, որոնց համաձայն նա իր աշխատակիցների համար ծաղկեփնջեր ձեռք բերելու համար մի քանի հազար դրամ էր դուրս գրել համայնքային բյուջեից: Հիմա էլ Գեղարքունիքի մարզպետն է առանձնանում իր յուրահատուկ բացիկներով: Ափսոս, որ մեր պաշտոնյաների մոտ այդ սիրալիրությունը ընդգծվում է, երբ խոսք է գնում համայնքային կամ պետական բյուջեից գումար ծախսելու ժամանակ: