Հրապարակումներ

Հրապարակումներ

Տարածքային կառավարում էլեկտրոնային միջավայրում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տարածքային կառավարում էլեկտրոնային միջավայրում

ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը մեկն է այն 5 պետական կառավարման մարմիններից, որտեղ ներկայումս գործում է էլեկտրոնային կառավարման ՙMulberry՚ համակարգը: Ծրագրի կիրառման նպատակների, դրա ընձեռած հնարավորությունների, շահագործման դժվարությունների եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք նախարարության Ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների եւ կապի վարչության պետ Սուրեն Կոշեցյանի հետ:

ԻԱԿ-Որքա՞ն ժամանակ է, որ  Տարածքային կառավարման նախարարությունում գործում է փաստաթղթաշրջանառության “Mulberry” էլեկտրոնային համակարգը:

Ս.Կ.-Համակարգը նախարարությունում ամբողջությամբ գործում է 2008թ.-ի օգոստոսի 19-ից: Մինչ այդ 2007թ.-ի հուլիսի 1-ից այն փորձնական շահագործում էր անցնում: Այդ ընթացքում աշխատել է նաեւ հին համակարգը, եւ թուղթը չի բացառվել: Բայց օգոստոսի 19-ից հետո նախարարության ներսում բոլոր աշխատանքները կատարվում են բացառապես էլեկտրոնային ձեւով:

ԻԱԿ-Մինչ “Mulberry” ծրագիրը ներդրվելը նախարարությունում երբեւէ էլեկտրոնային կառավարման այլ համակարգ գործե՞լ է:

Ս.Կ.-Նախկինում նախարարությունում գործում էր կառավարման էլեկտրոնային այլ համակարգ. համակարգիչ տեղադրված էր միայն ընդհանուր բաժնում, որն էլ որ ֆիքսում էր փաստաթղթերի մուտքն ու ելքը: Դեռ առկա էր թղթի գործոնը. թուղթը գրանցում էին, տանում համապատասխան հասցեատիրոջը, ստանում նրա ստորագրությունը, ետ բերում, ֆիքսում համակարգում եւ այլն: Երբեմն այդ ընթացքը շատ ավելի ծավալուն գործողություններ էր պահանջում, ինչն էլ իր հերթին բավականին շատ ժամանակ էր խլում: Իսկ “Mulberry”-ին  ընդարձակեց գործունեության միջավայրը` ստեղծելով նախարարության համակարգիչների ցանց, որի միջոցով էլ հիմա այդ ամբողջ շարժը կատարվում է էլեկտրոնային ձեւով: Այժմ մեր բոլոր աշխատակիցները համակարգի օգտվողներ են, ունեն իրենց էլեկտրոնային հասցեները: Երբ թուղթը մտնում է նախարարություն, ֆիքսվում է ընդհանուր բաժնում, եւ ներսում մնացած ամբողջ շարժը կատարվում է համակարգի միջոցով: Սովորաբար ելքը նույնպես թղթային տարբերակով է կատարվում: Բացառությամբ այն դեպքերի, երբ այն տեղի է ունենում էլեկտրոնային ձեւով: Մասնավորապես կապն այն մարմինների հետ, որտեղ արդեն ներդրված է “Mulberry”-ի համակարգը, օրինակ` Կառավարության, Ֆինանսների, Էկոնոմիկայի եւ Սփյուռքի նախարարությունների հետ:
 
ԻԱԿ-Արդյոք այս համակարգը հնարավորություն տալի՞ս է քաղաքացիների հետ կապը եւս իրականացնել էլեկտրոնային ճանապարհով:

Ս.Կ.-Քաղաքացիների հետ շփումը եւս հնարավոր է իրականացնել էլեկտրոնային ձեւով` օգտագործելով նախարարության ինտերնետային կայքը: Օրինակ, քաղաքացին մեզ ինտերնետի միջոցով ուղարկում է իր հարցումը եւ մենք այն միացնում ենք “Mulberry”-ին: Նման դեպքեր դեռեւս չկան, քանի որ քաղաքացիների հետ անմիջական շփում մեր նախարարությունը գրեթե չունի: Դա հիմնականում Երեւանի քաղաքապետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է: Քաղաքացիների հետ մեր անմիջական շփումը կատարվում է ավանդական փոստի միջոցով: Նամակը ֆիքսվում է ընդհանուր բաժնում, ստանում ենք դրա էլեկտրոնային տարբերակը եւ հետո ընթացքը կատարվում է էլեկտրոնային ձեւով: Այդ նամակը թղթի տեսքով տեսնում է միայն ընդհանուր բաժնի աշխատակիցը:
 Քաղաքացին կարող է նամակ գրել նաեւ նախարարության էլեկտրոնային փոստի հասցեով (
mta@mta.gov.am), որին մուտք ունեն նախարարության բոլոր աշխատակիցները: Հարցում նախարարություն  կարելի է ուղարկել նաեւ ինտերնետային կայքի “Դիմեք մեզ” բաժից:
“Mulberry” համակարգ, այստեղ ընթացք տալ եւ պատասխանն ուղարկել նորից էլեկտրոնային ճանապարհով:

ԻԱԿ-Կարո՞ղ ենք ասել, որ, փաստորեն, համակարգի հիմնական նպատակը նախարարության ներսում թղթատարության կրճատումն է:

Ս.Կ.-Ոչ թե կրճատումը, այլ` բացառումն է: Բացի ընդհանուր բաժնից, մյուս աշխատակիցները թուղթ ընդհանրապես չեն տեսնում: Համակարգը նաեւ էլեկտրոնային կապ է ապահովում “Mulberry”-ով աշխատող մյուս մարմինների հետ: Նրանց հարցումների պատասխանն ուղարկում ենք էլեկտրոնային տարբերակով: Չնայած այժմ դեռ զուգահեռ գնում է նաեւ թուղթը, բայց այդ պետական մարմիններում թղթին չեն էլ նայում, քանի որ այդ նույն փաստաթուղթն իրենք պատրաստի ստանում են էլեկտրոնային ձեւով:

ԻԱԿ-Համակարգի ներդրման ժամանակ ի՞նչ խնդիրներ են առաջանում:

Ս.Կ.-Խնդիրները հիմնականում կապված են աշխատակիցների պատրաստվածության, տեխնիկական ապահովվածության եւ համակարգի անխափան աշխատանքի հետ: Տեխնիկական ապահովվածության առումով մեր նախարարությունում ամեն ինչ նորմալ էր, բավարարվեցինք մեր ռեսուրսներով: Բայց մարզպետարաններում հավելյալ տեխնիկա է պահանջվում համակարգի ներդրման համար: Անհրաժեշտ են արագագործ սկաներներ::

ԻԱԿ-Իսկ ե՞րբ է նախատեսվում, որ մարզպետարանները եւս կաշխատեն այս համակարգով:

Ս.Կ.-Կառավարության առաջարկի հիման վրա մինչ այս տարվա վերջ բոլոր մարզերում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման “Mulberry” համակարգ:  Նախատեսվում է, որ բոլոր նախարարություններն էլ անցնեն այդ համակարգին: Հետագայում, երբ “Mulberry”-ին հաջողությամբ գործի Կառավարությունում, նախարարություններում եւ մարզպետարաններում, հնարավոր է, որ  տեղական ինքնակառավարման մարմինները եւս անցնեն այս համակարգին եւ լինի կառավարման մեկ ընդհանուր ձեւ ու միջավայր: Եվ այդ ժամանակ արդեն Կառավարությունից մինչեւ ամենախուլ գյուղն աշխատանքները կկատարվեն էլեկտրոնային ձեւով եւ վայրկյանների ընթացքում, եթե իհարկե կապը նորմալ աշխատի:

Skip to content