Հրապարակումներ

Հրապարակումներ

Դատավարություններ` այլեւս առանց ռեպլիկների

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դատավարություններ` այլեւս առանց ռեպլիկների

Անահիտ Ստեփանյան «Դատաիրավական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում  2005թ.-ին ՀՀ մի շարք դատարաններում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ներդրվեցին ձայնագրման (SRS-Femida) համակարգեր, որոնց միջոցով կատարվում են դատական նիստերի արձանագրություններ նախկին ձեռագիր արձանագրման փոխարեն: Դատավարությունների ձայնագրառման համակարգերի կիրառումը լայնորեն տարածված է Արեւմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ այլն: ՀՀ արդարադատության նախարարության ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանը ձայնագրման սարքերի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորում է նրանով, որ դատական նիստերի ընթացքը թե՛ ժամանակի, թե՛ դատական նիստի արձանագրման առումով երբեւիցե չի բավարարել դատավորներին եւ դատավարության մասնակիցներին: Նախկինում գրեթե միշտ բողոքներ էին ստացվում, որ դատական նիստը պատշաճ չի արձանագրվում, կատարվում են արձանագրության դիտավորյալ բացթողումներ: Չնայած հարկ է նշել, որ ֆիզիկապես հնարավոր էլ չէ ձեռքով արձանագրել դատավարության ողջ ընթացքը: Որպեսզի դատական նիստին մասնակցող քարտուղարը կարողանա արձանագրել դատավարության ընթացքը, դատավորը ստիպված էր լինում հաճախակի ընդհատել մեղադրյալի, տուժողի կամ դատապաշտպանի խոսքը: Իսկ այդ հաճախակի ընդհատումները մարդկանց մոտ դժգոհություն էին առաջացնում, որի հետեւանքով կարող էին նրանք կա՛մ չասել որեւէ էական փաստ, կա՛մ էլ ոչ պատշաճ, անհարգալից վերաբերմունք դրսեւորել դատարանի նկատմամբ: Ձայնագրառման համակարգի տեղադրմամբ. • համեմատաբար կրճատվում է քարտուղարների աշխատանքը, քանի որ դատավարության ողջ ընթացքը այսուհետ արձանագրվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով` անկախ քարտուղարի համակարգչային փորձառությունից: • Թույլ է տալիս ունենալու դատական նիստի ամբողջական եւ ճշգրիտ արձանագրումը` աուդիո եւ վիդեո ռեժիմով DVD/CD դիսկերի վրա: • Կատարում է դատավարության արձանագրություն վայրկյանի ճշգրտությամբ: • Դատական նիստի դահլիճում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն այսուհետ ֆւքսվում է թվային ձայնագրմամբ: • Քարտուղարները կարող են կազմել արձանագրություն ինչպես դատական նիստի ընթացքում, այնպես էլ դրանից հետո: • Դատական համակարգի համար մեկ այլ կարեւոր հարց է լուծում. ընձեռում է դատավարությունների էլեկտրոնային արխիվ ունենալու հնարավորություն: Դատական նիստերը տարբեր տեսակի կրիչների վրա ձայնագրվում են, որոնք հետագայում կցվում են դատական գործերին: Կենտրոն, Շենգավիթ համայնքների առաջին ատյանների դատարաններում է միայն, որ ձայնագրառման սարքերը չեն կիրառվում: Պատճառաբանությունը մեկն է. այդ դատարանների շենքերը գտնվում են ոչ բարվոք պայմաններում: Նման թանկ սարքերի տեղադրումը համարվում է ոչ նպատակային: Այնինչ, այդ դատարաններում շատ կարեւոր է ձայնագրառումներ անելը, քանի որ վերջին շրջանում նշյալ դատարաններում քննվում էին զանգվածային, մեծ հնչեղություն ունեցող գործեր: Ձայնագրման սարքերի օգնությամբ մեծանում է նաեւ դատարանների, այն է` արդարադատության նկատմամբ հասարակական վերահսկողությունը, որի արդյունքում էլ կմեծանա մարդկանց վստահությունը դատարանների եւ դատավորների նկատմամբ: Նախկին` ձեռագիր արձանագրման տարբերակով, այնուամենայնիվ, երբեմն հնարավոր էր այդ գրառումներին կողմնակի անձանց անհարկի միջամտությունը: Սղագրությունը դատարանի ձեռքում է եւ ինչքան էլ պաշտպանները կանխում էին, ապարդյուն, քանի որ դա երբեմն դատարանի կողմից դիտվում է իբրեւ դատական նիստը խանգարելու փորձ: Այս նոր համակարգի միջոցով նաեւ հնարավոր է դառնում ստիպել փաստաբաններին` ձեռնպահ մնալ ավելորդ գումարային գայթակղություններից, քանի որ երբեմն հանդիպում են այնպիսիք, ովքեր իրենց օգնությանը դիմող անձանց հաճախ իրավիճակը ներկայացնում են առավել մռայլ գույներով, վախի ու անհանգստության մթնոլորտ են ստեղծում, որպեսզի ավելացնեն իրենց «գինը»: SRS-Femida համակարգի կիրառումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով 2005թ. հուլիսի 7-ին ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարությունների օրենսգրքերում կատարվեցին համապատասխան փոփոխություններ: ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 146 հոդվածի 2-րդ կետը վերաշարադրվել է. «Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման եւ համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման եւ համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը»: Նույն օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Հատուկ համակարգչային ձանագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ: Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո»: Այնինչ, «դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը»: Դատավարության արձանագրման այս համակարգերն արդեն գործողության մեջ են մեկ տարուց ավելի: Այսինքն` օգտակարության, նաեւ թերությունների մասին կարելի է խոսել միայն պրակտիկ կիրառման պարագայում: Հայցվոր, ՀՀ քաղաքացի Ա. Կ., որն արդեն մի քանի տարի է, ինչ առնչվում է դատական տարբեր ատյանների աշխատանքի հետ, նշեց, որ «այս համակարգերի ներդրմանը զուգահեռ ավելացել է դատավորների աչալրջությունը: Դատական նիստի ընթացքում այլեւս դատավորները ավել-պակաս չեն խոսում, կողմերին թողնում են նորմալ խոսել, այլ ոչ թե առաջվա նման երբեմն դատավարությունն արհեստական արագացնում ու դատավճիռ են կայացնում: Գործում են օրենքի տառին համապատասխան` զերծ մնալով ավելորդ նկատողություններից եւ ռեպլիկներից»: 2006թ. մայիսին Չարենցավանի դատարանում, որտեղ դեռեւս տեղադրված չեն ձայնագրառման սարքեր, դատավոր Սիսակյանի նախագահությամբ Գեւորգ Մանուկյանի սպանության գործով ընթանում է դատավարություն: Գործը շատ խճճված է: Ըստ վարկածներից մեկի, տեղի է ունեցել սպանություն, որը հետագայում դարձրել են ավտովթար: Տուժողի իրավահաջորդը պատմում է, որ դատական գործի ընթացքը դատարանում անընդհատ փոփոխվում է: Դրա համար տուժողի իրավահաջորդը յուրաքանչյուր դատավարություն իր ձայնագրիչով ձայնագրում է: Բացի այդ, ձայնագրառման սարքերի բացակայությունից օգտվելով` մեղադրյալները շատ կոպիտ վերաբերմունք են դրսեւորում տուժողի ներկայացուցչի նկատմամբ: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը եւս համակարծիք է, որ «ձայնագրառման համակարգերի առկայությունը ազդում է ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատավորների կազմի վրա: Եթե նախկինում հնարավոր էր ավելորդ որեւէ բառ կամ նախադասություն հնչեր, ապա ներկայումս` յուրաքանչյուր տառի ու բառի ֆիքսման պարագայում, դատավորները ձեռնպահ են մնում ավելորդություններից»: Ըստ դատավոր Ս. Համբարձումյանի. «Ձայնագրող սարքերի կիրառումը որոշակիորեն հեշտացնում է արձանագրության հետ կապված հարցերը, այն իմաստով, որ նախկինում ամեն ինչ ձեռքող էր արվում, որն էլ արդեն պայմանավորված էր մի շարք սուբյեկտիվ գործոններից` նիստերի քարտուղարի արհեստավարժությունից, դատավարության մասնակիցների խոսքի արագությունից եւ այլն: Հնարավոր չէր լինում նիստի ընթացքն ամբողջական արտացոլել արձանագրության մեջ: Ձայնագրառման սարքերի օգտագործմամբ այս խնդիրները վերացել են»: «Առավոր» օրաթերթի թղթակից Ռուզան Մինասյանը կարծում է, որ «կողմերին պետք է թույլ տալ իրենց բոլոր փաստարկները ներկայացնել: Քանի որ երբ ընդհատում ես խոսքը, փոխվում է իրադարձությունը: Բացի այդ, մարդիկ ձայնագրառման սարքերի առկայությամբ պատասխանատվություն են զգում սեփական խոսքի նկատմամբ»: Դատարանի դահլիճում այս սարքերի ներդրումը մեծապես օգնում է լրագրողներին: Քանի որ ոչ միշտ է հաջողվում ներկա գտնվել դատավարության բոլոր նիստերին անխտիր, իսկ SRS-Femida սարքերը հնարավորություն են ընձեռում դատարանից վերցնել պատրաստի ձայնագրությունը եւ ծանոթանալ նիստի ամբողջ ընթացքին: Ձայնագրությունն ունի նաեւ թերություններ: Բացասական կողմերից են տեխնիկայի անսպասելի խափանումները: Պրն. Համբարձումյանը տեղեկացրեց, որ «ստիպված երբեմն նիստը ընդհատում ենք` կապված ձայնագրառման սարքերի խափանման հետ: Նաեւ դեպքեր են լինում, երբ առաջին ատյանի դատարանի ձայնագրառման որակի պատճառով դատավորների միջեւ տարաձայնություններ են առաջ գալիս: Լավագույն տարբերակը կլիներ, որ ձայնագրառվեր եւ միաժամանակ համակարգչային գրավոր ձեւով արձանագրվեր: Գրավոր տեքստն, այնուամենայնիվ, ավելի ակնառու է` զերծ երկիմաստությունից: Վերջիվերջո, հայերենում կան իրար շատ նման բառեր, որոնք իմաստային տեսանկյունից հակադիր նշանակություններ ունեն: Եվ մարդկանց արտաբերման եղանակից կարող են դժվարություններ ծագել: Վերաքննիչ դատարանի դատավորը կարող է լսել որեւէ ձայնագրառում եւ ընկալել մի կերպ, նույն գործը կարող է քննվել Վճռաբեկ դատարանի վարույթում, եւ այնտեղի դատավորն ընկալի բոլորովին այլ կերպ: Մի բառից կամ նախադասությունից կարող է փոխվել դատավարության ընթացքը` կախված դատավորի ընկալելու, լսելու առանձնահատկությունից»: Ձայնագրառման սարքերի առկայության ժամանակ մարդկանց կողմից նկատվում են ծայրահեղական դրսեւորումներ եւս: Պաշտպանական կողմը երբեմն մոռանում է իր խնդիրը եւ սկսում ավելի շուտ մարդկանց զգացմունքների` իրավական փաստարկները հիմնավորելու փոխարեն: Այսպիսի դեպքեր, ինչպես նկատեց լրագրող Ռ. Մինասյանը, գրանցվում են նաեւ, երբ դատավարության կողմերը դատարանի դահլիճում նկատում են լրագրողների: Այնուամենանիվ, դատական նիստերի արձանագրման այս համակարգը նպաստում է հասարակական վերահսկողության ուժեղացմանը: Վերջին շրջանում բողոքարկվող գործերի ավելացման միտում է նկատվում: Դժվար է կոնկրետացնել, թե ինչ տոկոսային հարաբերակցությամբ, բայց, այնուամենայնիվ, նկատելի է, որ ավելացել է դատարանների նկատմամբ մարդկանց վստահությունը: Դա կապված է նաեւ SRS-Femida համակարգերի ներդրմամբ: Ինչպես տեղեկացրեց դատավոր Ս. Համբարձումյանը, «առաջին ատյանի այն դատարաններից, որտեղ կիրառում են նշյալ համակարգերը, վերաքննությամբ բողոքարկվող գործերի քանակն ավելացել է»:

Skip to content