Հրապարակումներ

Հրապարակումներ

Մեկ պատուհանով գարուն չի գա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մեկ պատուհանով գարուն չի գա

Պապին Մուրադյան

Երեւանի քաղաքապետարանում գործող «Մեկ պատուհան» համակարգը 2006թ. hունիսի 5-ից աշխատում է նոր՝ էլեկտրոնային սկզբունքով:  Քաղաքացու դիմումի ամբողջ փաթեթը պատկերամուտի (սկաների) միջոցով անցկացվում է համակարգիչ եւ ցանցով ուղարկվում քաղաքապետարանի համապատասխան հասցեատեր պաշտոնյային: Քաղաքացուն տրվում է ծանուցման թերթիկ, որտեղ նշված է, թե քանի օրից նա կարող է ստանալ իր դիմումի պատասխանը: Այդ ժամանակը հիմնականում տեւում է 30-ից 45 օր: «Օրենքների ու Կառավարության որոշումների հիման վրա ենք նշանակել, թե որ դիմումին քանի օրում է պատասխան տրվում»,- ասում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը: Օրինակ, էլեկտրամատակարարման կամ թոշակի հետ կապված հարցով դիմում ներկայացրած քաղաքացին պետք է սպասի մինչեւ 30 օր: Հողօգտագործման իրավունքի ճանաչման դեպքում հարկավոր է սպասել 45 օր: Փաստորեն, էլեկտրոնային համակարգի անցնելը չի նպաստել քաղաքացուն պատասխանելու ժամկետների կրճատմանը, հետեւաբար այն քաղաքացու համար առայժմ արդյունավետ համարվել չի կարող:

«Մեկ պատուհան»-ի աշխատակիցները վստահեցնում են, որ հաճախ պաշտոնյաները պատասխանում են մինչ ժամկետը լրանալը: Սահմանված ժամկետը երկարաձգելու իրավունք ու հնարավորություն չկա, քանի որ քաղաքապետն ու փոխքաղաքապետերը հսկում են կատարվող աշխատանքները,  հսկողությունն իրականացվում է ներքին ցանցի միջոցով: Մեր ուսումնասիրությունից պարզվեց, սակայն որ դիմումների պատասխանները տրվում են ժամկետը լրանալու վերջին օրը:

Պարոն Մելքումյանի հավաստմամբ` դիմումներն ու տեղեկատվություն ստանալու հարցումները տարանջատվում են, եւ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի` հարցումների պատասխանները տրվում են 5-օրյա ժամկետում: Սակայն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` հունիսի 26-ին ուղարկած հարցմանը 45 օրում պատասխանելը հակառակն է ապացուցում: Իսկ թե ինչու «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` դիմումների պատասխանները 15-օրյա ժամկետում չեն տրվում, պարոն Մելքումյանը պատասխանեց, որ քաղաքացիները հիմնականում դիմում են լրացուցիչ աշխատանքներ պահանջող հարցերով, հետեւաբար սահմանված 30-օրյա ժամկետին գումարվում է եւս 15 օր:

Պարզվում է, որ օրական ընդունված դիմումների մեկ երրորդին է «ժամկետի շրջանակում» պատասխան տրվում: Եթե մեկ օրում ընդունվում է մոտավորապես 150-200 դիմում, ապա պատասխան է տրվում 40-50-ին: Էլեկտրոնային համակարգի ներդրման օրվանից մինչ օգոստոսի 1-ը ընդունվել է 3744 դիմում, իսկ թե դրանցից քանիսին է պատասխան տրվել, այդպես էլ քաղաքապետարանում չկարողացան ճշտել, քանի որ պատասխանները տրվում են առանձին վարչությունների ու բաժինների կողմից: Քաղաքապետարանում մեզ հանդիպած դիմումատուներից գրեթե ոչ մեկը հասկանալի պատճառներով չէր դժգոհում «մեկ պատուհանի» աշխատանքից, սակայն 2006թ.-ի մայիս-հունիս ամիսներին «Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ «մեկ պատուհան» համակարգով քաղաքապետարան դիմած բնակիչների 60 տոկոսը կարծում է, որ նոր համակարգով որեւէ փոփոխություն չի կատարվել, 24 տոկոսի կարծիքով` քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը նշանակալիորեն բարձրացել է, իսկ 16 տոկոսը կարծում է, որ ընդհակառակը` աշխատանքն ավելի է վատացել:

Այն փաստը, որ քաղաքապետարանը շարունակում է քաղաքացիների դիմումներին պատասխանել 30-45 օրվա ընթացքում, հավաստում է, որ նոր համակարգը հասարակ քաղաքացուն օգուտ չի տվել: Մինչդեռ, այն հեշտացրել է պաշտոնյաների գործը. էլեկտրոնային համակարգի շնորհիվ նրանք այժմ ավելի երկար ժամանակ ունեն քաղաքացիներին պատասխանելու:

Skip to content