Հրապարակումներ

Հրապարակումներ

Մատչելի՞ է Հայաստանում վիճակագրությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մատչելի՞ է Հայաստանում վիճակագրությունը

Մարիետա Խաչատրյան
Տեղեկագիր 8
Հայաստանի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից վերջին ժամանակներս օգտված մոտ 2 տասնյակ տարբեր մասնագետների հետ մեր զրույցների արդյունքում ձեւավորված կարծիքը թերեւս այսպիսի տեսք ունի. վիճակագրությունը մատչելի է ֆիզիկապես, բայց բովանդակության առումով այն հասկանալու դժվարություն կա: Վիճակագրական տվյալներն այնքան էլ արժանահավատ չեն:

Այստեղ իր կանխակալ դերն է խաղում պաշտոնական վիճակագրության հանդեպ ավանդաբար իներցիայով մեզ փոխանցվող անվստահությունը: Նկատենք, որ մեր զրուցակիցներից հատկապես նրանք չէին վստահում վիճակագրությանը, ովքեր առավել սակավ, ոչ պարբերաբար էին օգտվում դրանից, իսկ մշտապես գործ ունեցողները նշում էին վերջին երկու տարում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) աննախադեպ բարելավման միտումները, միջազգային ընդունված չափորոշիչների ներդրումը, անարժանահավատության` օյբյեկտիվ, ծառայությունից չկախված պատճառներով պայմանավորված լինելը: Տասնյակ տարիներով պետության ձեռքին որպես գործիք ծառայած վիճակագրության հանդեպ ձեւավորված խորհրդային անվստահությունն, իհարկե, մի քանի տարում դժվար է հաղթահարել: Վիճակագրության հանդեպ երկկողմանի (իշխանության եւ ընդդիմության կողմից) բռնի գործողություններ իրականացնելու սովորույթը կամաց-կամաց երեւի պիտի դուրս մղվի այն պատճառով, որ իրական վիճակագրական պատկերն ունենալու դեպքում միայն հնարավոր կլինի ստվերային տնտեսություն կրճատել, կոռուպցիայի դեմ պայքարել, աղքատություն հաղթահարել, հարկային եւ մաքսային չթաքցվող մուտքերով նորմալ բյուջե ձեւավորել եւ նորմալ պետություն ունենալ:
Իսկ այդպիսի վիճակագրության պարտադիր պայմանը հրապարակայնությունն է, վիճակագրական տեղեկատվության (գաղտնիք պարունակողից բացի) մատչելիությունն ու հասանելիությունը սպառողին, լայն հասարակությանը, որն իրավունք ունի իրազեկ լինելու, թե ինչպե՞ս է ապրում ինքը, ո՞րն է աղքատության շեմը, ո՞րն է նվազագույն սպառողական զամբյուղի ցուցիչը, որքա՞ն է իրական ստվերայնության տոկոսը, քանի՞ աշխատատեղ կա, որին կարող է հավակնել գործազուրկը, տնտեսական աճն ինչպե՞ս է ազդելու իր ապրելակերպի վրա, արժեզրկման ծավալներն անդրադառնալու՞ են իր գրպանին եւ այլն:
Ինչպե՞ս անել, որ վիճակագրությունը առավել մատչելի դառնա հասարակության լայն խավերին:
Վիճակագրությունն ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում, նախ հանրային ծառայություն է, հասարակությանը պետք է ծառայի. այդպես ամրագրված է օրենքով: ԱՎԾ-ն գործադիր մարմնի կազմում չէ, եւ ինքն է շահագրգռված տեղեկատվությունը մատչելի ներկայացնելու հանրությանը: ԱՎԾ-ն վերջերս նույնիսկ 1000 մարդու շրջանում հարցումներ է արել` պարզելու, թե մատչելի՞ է արդյոք վիճակագրական տեղեկատվությունը սպառողին, օգտվու՞մ է առհասարակ լայն սպառողը վիճակագրական տեղեկատվությունից, չօգտվելու պատճառները որոնք են: Պատկերը կնարկայացնենք մեր նյութի ավարտին:
Նույն բանն արել ենք նաեւ մենք` զրուցելով վիճակագրության հետ այս կամ այն կերպ առնչված գիտնականների, տարբեր մասնագետների հետ: Նրանք փաստորեն դարձել են մեր այս ուսումնասիրության համար փորձագետներ: Իսկ զրույցին մասնակից լրագրողները նաեւ անդրադարձել են վիճակագրության մատչելությունն ապահովող կարեւոր օղակներից մեկի` ԶԼՄ-ների խնդիրներին:
Վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը, որպես մատչելիության եւ հասանելիության ցուցանիշ, մատնացույց արեց «ՀՀ սոցիալ տնտեսական պատկերը» ամենամյա վիճակագրական ժողովածուն, առանձին վիճակագրական տարեգրքեր եւ տեղեկագրեր, վերլուծական եւ մեթոդաբանական ժողովածուներ, որոնք պարբերաբար տպագրվում եւ ուղարկվում են սպառողներին` գերատեսչություններին, ԶԼՄ-ներին, այլեւայլ հիմնարկներին, տրամադրվում մամուլի ասուլիսների ժամանակ` վիճակագրական տարին ամփոփելիս:
Տարբեր կարգի վիճակագրական հետազոտությունների մասին մամուլն իրազեկվում է. այստեղ մատչելիության առումով, նրա կարծիքով, երկկողմանի մոտեցում կա.
ա) ինչպես է մատուցվում,
բ) սպառողն ինչպես է օգտվում դրանից, որից կախված է տեղեկատվության հասանելիությունը՝ բովանդակային առումով:

Առաջինը լրատվամիջոցների խնդիրն է, երկրորդը` ԱՎԾ-ինը: ԱՎԾ-ն իր առջեւ դրված խնդիրը լուծելու համար տարեվերջին սպառողներին ուղարկում է իր տարեկան ծրագիրը` նշելով, թե որտեղ, որ ժողովածուներում են ներկայացված այս կամ այն ցուցանիշները, այս կամ այն աշխատանքի արդյունքները: Սպառողները պետք է նամակով արձագանքեն` իրենց դիտողություններով եւ առաջարկներով, որոնց հիման վրա ճշգրտումներ են արվում տարեկան ծրագրում: Սպառողների պահանջների ուսումնասիրության մյուս ձեւը հարցումներն են: Յու. Պողոսյանը բողոքեց լրագրողների պատրաստվածության մակարդակից, որոնք հաճախ չեն կարողանում ճիշտ ներկայացնել թվերի բուն էությունն ու միտումները:

Վիճակագրական տեղեկատվություն լրագրողները կարող են ստանալ ԱՎԾ գրադարանից, ինտերնետային էջից եւ ԱՎԾ ուզած պաշտոնյայից: Ամփոփ վիճակագրությունը սեղմագիր վիճակում ԱՎԾ-ն տրամադրում է բոլոր ԶԼՄ-ներին եւ գործակալություններն. նրանք կարող են հրապարակել դրանք, բայց չեն հրապարակում, դրա համար գումարներ են պահանջում: Իսկ ԱՎԾ ամենամյա «Լրատուն» տեղեկացնում է, թե ինչ հրապարակումներ, ելույթներ եւ տեղեկատվություն է եղել այդ ամիս, որտեղ գտնել դրանք:
Վիճակագրության մատչելության թեմայով մեր զրուցակիցները, սակայն, մատչելության խնդիրը շատ դեպքերում կապում էին արժանահավատության հետ. եթե արժանահավատ չէ, ուրեմն բուն թվերն անհայտ եւ անմատչելի են:
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հեղինե Մանասյանը, որ վիճակագրության շատ ակտիվ օգտագործող է, պաշտոնական վիճակագրությունը համարում է միակ աղբյուրը, անկախ նրանից հավատում ես դրան, թե ոչ. նոր վիճակագրություն հնարել չես կարող: Այլ բան է, որ կարելի է վերլուծությամբ եւ տարբեր ցուցանիշների համադրմամբ բացահայտել անհամապատասխանությունները: Մատչելիության առումով, ըստ Հ. Մանասյանի, սարերի ու ձորերի տարբերություն կա ներկայիս եւ մի քանի տարի առաջվա Հայաստանի վիճակագրության միջեւ: Այն ժամանակ շատ դժվար էր նյութ ձեռք բերելը, եւ վիճակագիրներն իրենք էլ լուրջ պրոբլեմներ ունեին սկզբնաղբյուրներից նյութերը, ձեռնարկություններից հաշվետվությունները ստանալու հետ կապված: Աստիճանաբար ամեն ինչ տեղն ընկավ, հիմա անհամեմատ մատչելի է: Իսկ պաշտոնական տվյալների անարժանահավատության մասին տեսակետները, ըստ Մանասյանի, չափազանցված են եւ հաճախ քաղաքական շահարկումների արդյունք: Արժանահավատության գործոններից մեկն էլ տկն Մանասյանը համարեց այն, որ վիճ. մարմիններն օրենսդրությամբ պետք է հնարավորություն ունենան սխալ, միտումնավոր տեղեկություն տրամադրողին պատասխանատվության ենթարկելու. մարդիկ, ամեն մեկն իր տեղում, պետք է պատասխանատվություն կրեն իրենց երկրի համար, տվյալ դեպքում իրենց տրամադրած տեղեկությունների համար` ձեռներեցներից սկսած մինչեւ վարչական ռեգիստրներ: Մեկնաբանությունների տրամադրումը վիճակագրական տեղեկատուներում, Հ. Մանասյանի կարծիքով, մատչելիության ապահովման ձեւ չէ. վիճակագիրները պետք է տվյալներ տրամադրեն առանց մեկնաբանելու: Ինտերնետային էջի մասին ասվեց, որ լավ կլիներ այդ էջը աշխատող պահվեր, մշտապես թարմացվեր, դիզայնը բարելավվեր` ակնառու չէ` ինչը կա, ինչը` ոչ, արագ չես գտնում: Բնակչության լայն խավերի տեղեկացված լինելու խնդիրը ֆինանսական է եւ ավելի շատ հասցեագրված է կառավարությանն ու բյուջեին: «Ես վստահում եմ նրանց աշխատանքին, որովհետեւ ավելի վստահելի աղբյուր չունեմ պարզապես»,- ասում է Հ. Մանասյանը:
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Մանասյանը վիճակագրությանն առնչվել է առիթից առիթ (այս անգամ` աղքատության ռազմավարական ծրագրի հետ կապված), եւ կարծում է, որ մեր վիճակագրության տվյալների մեջ հակասություններ կան, եւ նրանց որոշ մասն արժանահավատ չէ. «Պատճառն այն է, որ մեր վիճակագրությունը քաղաքականացված է: Օրինակ Հայաստանում ապրող մարդկանց թիվը ոչ միայն վիճակագրության, այլեւ պետական քաղաքականության հարց է»: Ազգային շահին առնչվող օբյեկտիվ չբացահայտումների հանգամանքի հետ հաշվի նստելով՝ Ալ. Մանասյանը վիճակագրության պարտավորությունը համարեց մեր սոցիալական ապրելակերպի, աշխատատեղերի, աղքատությանը վերաբերող ճշգրիտ ինֆորմացիայի հրապարակումը, այդ ցուցանիշները հաշվարկելիս ոչ կամայական մեթոդաբանության կիրառումը: Ըստ նրա՝ մեզ մոտ քաղաքականացվում է նաեւ ստվերային տնտեսության տոկոսի խնդիրը. բնական է, ստվերն առնչվում է իշխանությանը եւ նրան ձեռնտու չէ ստվերի իրական տոկոսի ցուցադրումը: Ցանկության դեպքում ստվերի իրական չափը կարելի է հայտնաբերել եւ ցույց տալ: Այսպես` վստահելի չեն այն թվերը, թե որքան ապրանք է ներմուծվում, խոսքը ոչ թե արձանագրված թվերի մասին է, այլ մաքսակետերը շրջանցող ծավալների: Որքա՞ն կաշառք է տրվում շուկա մտնելու համար: Դե եթե այդ թվերն արժանահավատ չեն, ուրեմն իսկական թվերն անմատչելի են: Երկրի տնտեսության մասին ամփոփ տեղեկատվությունը պետք է լինի ամեն տեղ, ուր հնարավոր է: Պետության խնդիրը պետք է լինի մատչելի տարածել իր տնտեսության քաղաքականությամ մասին ողջ տեղեկատվությունը, օրենսդրությունը հասցնել լայն խավերին, մինչդեռ ԱԺ տեղեկագրերը բավական թանկ են:
Իր գնահատականներում ավելի քան խիստ էր սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը. «ԱՎԾ դիմել ենք եւ դիսկետով ստացել ենք տեղեկատվությունը, բայց մեզ հետաքրքրող թվերն այնտեղ չեն եղել. սոցիալական, թոշակավորման, զբաղվածության հետ կապված, սպառողական զամբյուղին վերաբերող հարցեր»: Միանգամից ասենք` սպառողական զամբյուղին վերաբերող մեր համարյա թե բոլոր հարցվողների դժգոհությունը պետք է ուղղել կառավարությանը, որովհետեւ ըստ վիճակագրական պետական խորհրդի անդամ Յու. Պողոսյանի` այդ զամբյուղն ԱՎԾ-ն հաշվում է, բայց լիազորություն չունի հրապարակելու, այդ լիազորությունը գործադիր իշխանությանն է: Սպառողների միության նախագահին զարմացնում է, որ կառավարության 1997թ. ընդունած որոշումը նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկելու մասին` հրապարակման դրույթ չի պարունակում: Մինչդեռ բնակչությունը սահմանադրական իրավունք ունի իմանալ իր մասին ողջ տեղեկատվությունը: Ի դեպ, ըստ Ա.Պողոսյանի՝ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 27000 դրամ, իսկ ֆիզիոլոգիականը` 24000 դրամ: «Օգտվում ենք տվյալներից, բայց թերահավատ ենք վերաբերվում դրանց: Միտում ենք տեսնում՝ ստանալու այն պատկերը, ինչ նպաստավոր է իշխանությունների համար»,- նկատեց Ա.Պողոսյանը: Նա հատկապես արժանահավատ չհամարեց մարդահամարի նախնական թվերը` գտնելով, որ մեծ ռեզերվ է թողնված ընտրակեղծիքների համար: Եթե բացակա բնակչի մասին հարցնում ես հարեւանից` էլ ի՞նչ արժանահավատություն:
Վիճակագրության հետ առավել մասնագիտորեն առնչված մարդիկ խնդիրը դիտարկում են մի փոքր այլ հայացքով: Նախկինում վիճ. վարչությունում պատասխանատու պաշտոն զբաղեցրած, այժմ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մոնիտորինգի ղեկավար Աստղիկ Միրզախանյանի կարծիքով՝ վիճակագրությունը վերջին տարիներին բավական վերելք է ապրել, եւ բովանդակային մատչելիության առումով էլ տեղաշարժ կա: Վիճակագրական տեղեկագրերում փորձ է արվում բացատրել, թե ինչ է նշանակում այս կամ այն ցուցանիշը, ինչպես է հաշվարկվում, բայց ֆիզիկական մատչելիության խնդիր կա` տպագիր հավաքածուների տպաքանակներն են փոքր, իրավունք չունեն ցանկացողներին վաճառելու դրանք` շուկայացված չէ, գրադարանն էլ ամեն պատահական մարդ հազիվ թե մտնի, չեն էլ թողնի` պետական հիմնարկ է, անվտանգության հարց կա: Ըստ նոր օրենքի՝ եթե այս կամ այն ոլորտի նեղ վիճակագրություն ես ուզում, պետք է դիմում գրես ԱՎԾ-ի ղեկավարի անունով, մակագրված դիմումը գնում-պտտվում է բաժիններով. ժամանակի ու նյարդերի խնդիր է: Բացի այդ էլ դիմումը գրում է այն մարդը, ով գիտի, թե ինչ է ուզում, բայց վիճակագրական տեղեկագիրը թերթելիս էլ մարդու մոտ կարող է գաղափար ծնվել` այն պետք է հասանելի լինի բոլորին: Մատչելիության համար պետությունը պետք է վճարի: Ըստ էության վիճակագրական ընդհանուր գրագիտություն է պետք: «Մյուս կողմից էլ վիճակագրական արտադրանքի լայն պահանջարկ չկա, դրա համար շուկա չի մտնում: Վիճակագիրն էլ դժվար է հասկանում` ինչ է պետք հասարակությանը, որովհետեւ երբեք չի աշխատել հասարակության համար, միշտ աշխատել է կառավարության համար»,- նկատեց Ա. Միրզախանյանը:
Վիճակագրության մեկ այլ նախկին պատասխանատու` Էդվարդ Աղաջանովը, վիճակագրական ուզած թիվ մատչելի է համարում մասնագետի համար, որովհետեւ տնտեսագիտությունն այնպիսի բան է, որ մի թիվ կեղծելու դեպքում անպայման մյուս թվի միջոցով հնարավոր է պարզել կեղծիքը: Օրինակ, հենց պաշտոնական թվերի առկայությամբ հնարավոր է պարզել ստվերային տնտեսության չափը. մեր երկրում յուրաքանչյուր մեկ տոկոս ՀՆԱ-ի աճին համապատասխանում է 0.13 տոկոս հարկային մուտքերի աճ, 10 տոկոսի դեպքում` 1.3 տոկոս: Այսինքն՝ մեծ հաշվով կեղծել հնարավոր չէ, Հայաստանում հարկային մուտքերը պետք է կազմեն ՀՆԱ-ի 24 տոկոսը: 2001թ. այն կազմել է 13.1 տոկոս, իսկ 2002թ. առաջին 9 ամիսներին ավելի բարձր էր՝ 15 տոկոս, ինչի դեպքում շատ հեշտ է պարզել, որ Հայաստանում առնվազն 40 տոկոս ստվերայնություն կա, դրա բացահայտումն արդեն քաղաքական կամքից է կախված: Աղաջանովը նույնպես կարծում է, որ վիճակագրությունն առաջվա նման Հայաստանում ծառայում է պետությանը եւ քաղաքական պատվեր կարող է լինել: Շատ խոսակցությունների տեղիք տվող մարդահամարի թվերի մասին Աղաջանովը միանշանակ կարծիք չասաց. մարդահամարի սխալ թիվ ցույց տալն էլ բարդ գործ է, սխալները հեշտ է գտնել: Երբ լրիվ տվյալները լինեն` սեռատարիքային կառուցվածքի, այլ տվյալների մասին` համադրությամբ կարելի է հայտբնաբերել շեղումը: Բայց սովորական մարդուն թվերն այնքան էլ մատչելի չեն: Օրինակ բնակչությունը նայում է տնտեսական աճին, աճ իրոք կա, եւ չի հասկանում` ինչու՞ այն չի ազդում իր գրպանի պարունակության վրա, որովհետեւ նրան չի բացատրվում այդ աճի որակը: Մեկ թիվ միայն, 2002թ. արտահանման ծավալների 46 տոկոս աճ ենք տվել ինն ամսում, 115 մլն դոլար, ոչ մի երկիր այդպիսի աճ չի տվել: Բայց պարզվում է 100 մլն դոլարը թանկարժեք քարերով իրերի արտահանումն է, որն ազատված է ակցիզից եւ ավելացված արժեքի հարկից: Մինչդեռ հենց այդ հարկերն են կազմում բյուջեի հարկային մուտքերի 71 տոկոսը: Ուրեմն բյուջե չի լցվել: Այսինքն՝ աճի մասին թիվ ասվում է, բայց բուն բովանդակությունն անհասկանալի է: Դրա համար պետք է տպել փոքր դայջեստներ, որոնցում մատչելի լեզվով բնակչությանը կբացատրեն, թե որ թիվն ինչ է նշանակում: Դա ֆինանս է պահանջում. ոչ միայն միջազգային կազմակերպությունները, այլեւ Հայաստանի իշխանություններն էլ պետք է հասկանան, որ ինֆորմացիայի համար պետք է գումար ծախսել:
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սվետա Հարոսյանը, որ մի քանի տարի մասնագիտական աշխատանքում օգտվում է պաշտոնական վիճակագրությունից, համեմատում է հինգ տարի առաջվա եւ ներկա վիճակագրությունից օգտվելու կարգը եւ նշում, որ հիմա շատ ավելի հեշտ է որեւէ թիվ ձեռք բերելը: Բացի այդ վիճակագրական տեղեկատվական ժողովածուներն են պարբերական դարձել, բովանդակությամբ համալրված են եւ լավ ձեւավորված: Բայց կան թվեր, որոնք առաջվա նման էլի ճշգրիտ չեն, օբյեկտիվ պատճառներով գուցե, քանի որ տեղեկատվություն տվողները հիմնականում թաքցնում են տվյալները կամ պարզապես ի վիճակի չեն ճիշտ թիվ ասել:
Վիճակագրության մատչելիության մասին մեր հարցն ուղղելով գործարարության շրջանակը սպասարկող երկու կազմակերպության` վիճակագրական գործառնական կիրառման եւ մատչելիության միջեւ կապ էինք ուզում տեսնել: «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նախ շեշտեց, որ Հայաստանում, ինչպես բոլոր ոլորտները, այնպես էլ վիճակագրությունը, անցումային շրջանում գտնվող երկրի վիճակագրություն է: Եվ քանի որ Ջրբաշյանը վերջերս մասնակցել էր անցումային շրջանների երկրներին վերաբերող հետազոտութունների աշխատանքին, տեսել է, որ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանի վիճակագրությունը որակով, ծավալով եւ մատչելիությամբ ամենալավ վիճակում է: Ուրիշ բան, որ որպես տնտեսական դաշտ վերլուծող մասնագետի` այդ թվերը չեն բավարարում: Այդ դեպքում ինքն օգտվում է փորձագիտական գնահատականներից, բայց քանի որ Հայաստանում փորձագետների գնահատականները եւ ծայրահեղ քաղաքականացված են` նա ստիպված է լինում մեծ թվով փորձագետների կարծիքներ վերցնել, եւ իր արտադրանքն էլ առայժմ թանկ է ստացվում: Պետական վիճակագրության մեջ պատվերի գործոնը Տ. Ջրբաշյանը նվազագույնը համարեց. ոչ կատարյալ ցուցանիշների իրական պատճառը հավաքագրման գործընթացն է: Այսինքն` տվյալների անարժանահավատության օբյեկտիվ պատճառներ կան` 40-60 տոկոս ստվերային տնտեսություն՝ մի կողմից՝ մյուս կողմից մենթալիտետի, մշակույթի պրոբլեմ բնակչության մոտ: Եկամուտների մասին ուզած հարցաթերթիկում, անանունները ներառյալ, եկամուտների մասին տեղեկատվությունը մենք թաքցնում ենք: Սա էլ անցումային երկրներին բնորոշ վիճակ է: Արտաքին առեւտրի, ներմուծման ծավալների, մասնավոր տրանսֆերների, արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի թվերը պարզապես չեն կարող ճիշտ լինել` շրջանցումների, հարկերից խուսափելու, եկամուտները թաքցնելու պատճառով: «Այնպես որ մենք ներդրողին ասում ենք, որ պրոբլեմներ կան, վիճակագրութունը լավը չէ»: – Տ. Ջրբաշյանը մեր վիճակագրական վերջին տեղեկագիրքը համեմատեց վրացականի հետ. հայկականը պարզապես աչք շոյող է, իսկ բովանդակային տարբերությունը պարզապես համեմատելի չէ: Սեդ Մարսեդը ֆիզիկական մատչելիության պրոբլեմ չունի` ինտերնետից օգտվում է, ԱՎԾ-ի բոլոր հրապարակումները ստանում է, իսկ եթե նեղ վիճակագրություն է պետք լինում` վճարում եւ ստանում է այդ վիճակագրությունը: Գրանտ Տորնտոն Ամոուտ միջազգային աուդիտորական ֆիրմայի աշխատակից Արթուր Հակոբյանը նշում է, որ վիճակագրական ծառայությունից ստացած ցուցանիշում չի եղել իրենց հարկավորը. «Ինձ ուղարկեցին արխիվ` ես արխիվում պիտի փնտրեի անհրաժեշտ տվյալները»: Վիճ. ծառայությունից օգտվելը բավական բարդ եւ չկանոնակարգված է թվում Ա.Հակոբյանին: Մինչդեռ աշխարհի 109 երկրներում մասնաճյուղեր ունեցող ֆիրման ինտերնետով պատվիրում եւ ստանում է ուզած տեղեկատվությունը ցանկացած երկրից: Սակայն Հայաստանի վիճակագրական տեղեկագրքերը երբեւէ չի ստացել: Ըստ Ա. Հակոբյանի` ինֆորմացիան լավագույն ապրանքն է, եթե ԱՎԾ-ն լուրջ պրոդուկտ ունի` անպայման գնորդ կունենա, վաճառքի մեխանիզմի մասին պետք է մտածել, մատչելի դարձնել վճարունակ գնորդին: Երկու դեպքում էլ, առանց միտումի, մեր երկու զրուցակիցներն էլ նշում էին վճարների մասին, մինչդեռ վիճ. պետխորհրդի անդամ Յու. Պողոսյանը հատկապես շեշտում էր, որ իրենց մոտ վճարովի ծառայություն չկա, այդպիսի նախագիծ ներկայացվել է կառավարությանը, բայց հայտնի չէ` ինչ ելք է ունենալու:
Մեր բոլոր զրուցակիցները վիճակագրության մատչելիության առումով կարեւորում էին ԶԼՄ-ների, լրագրողների պրոֆեսիոնալիզմի դերը` երկրի սոցիալ-տնտեսական վիճակի իրական պատկերը լրատվամիջոցներում վեր հանելու գործում: Ընդհանուր դժգոհություն կար մակերեսայնությունից, թվերի տակ թաքնվածը բացահայտելու անկարողությունից, ասուլիսային արձանագրային մատուցումից:
Վիճակագրությունից օգտվելու հմտության ընդհանուր պակասի պայմաններում լրագրողի դերը պարզապես շատ է մեծանում:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին դիմել էինք` ստանալու վիճակագրության մասին ՀԲ-ում առկա կարծիքները: Ըստ նրա` ԱՎԾ-ն իր ունակությամբ բավական լուրջ կառույց է, եւ վիճակագրության պատկերը գնալով ավելի է բարելավվում. «Այս պահին մենք որեւէ վիճակագրական թիվ ստանալու խնդիր չունենք, իսկ վիճակագրության այլ աղբյուր գոյություն չունի: Անկախ փորձագիտական թվերը հաճախ կասկածելի են, քանի որ ոչ ոք չի կարող ունենալ թվային այն բազան եւ պատկերը երկրում, ինչ ԱՎԾ-ն: Այլ բան է, որ տնտեսվարող սուբյեկտները երկակի հաշվապահություն են վարում, իսկ դա թույլ չի տալիս 100 տոկոսանոց թվեր ունենալ: Եթե ՀԲ-ն որեւէ վարկային ծրագիր է պատրաստում, ապա այն հիմնվում է ինստիտուցիոնալ հետազոտությունների եւ եղած թվերի վրա»: Ըստ Վ. Սարգսյանի` պետական ծախսումների միջազգային ուսումնասիրությունների արդյունքում տեսանելի եղավ, որ մեր վիճակագրության բոլոր թվերը ներկայացված էին գրեթե մաքսիմալ տեսքով, ինչը մեր հարեւանների մոտ գրեթե բացակայում է: Վ. Սարգսյանը նկատեց, որ մեր մամուլը հազվադեպ է օգտվում առկա թվերից: Եվ պետք չէ տպավորություն ստեղծել, որ երկրում միայն վիճակագրության ոլորտը պետք է աշխատի: «Պետք է կառավարությանը, գերատեսչություններին քննադատել ոչ ճիշտ տվյալների համար»,- վիճակագիրների փոխարեն նեղացավ Վ. Սարգսյանը:
«Ազատություն» ռադիոկայանի տնտեսական մեկնաբան Ատոմ Մարգարյանը վիճակագրության մասին 2000թ. ընդունված օրենքը բավականին առաջադիմական համարեց: Օրենսդրության առումով մատչելիության պրոբլեմ չտեսավ, եւ տպագրվող տարեգրքերն ու տեղեկագրքերն էլ բավական հասանելի համարեց: Թերությունները կազմակերպական են, օրինակ համակարգը կարող էր պարբերական մամուլ ունենալ. էլեկտրոնայինը լավ է, բայց ոչ բոլորին մատչելի, բնակչության 2 տոկոսն է օգտվում ինտերնետ համակարգից: Ըստ Ա. Մարգարյանի՝ միայն վիճակագրական ծառայությունից հավաստիություն պահանջելը ճիշտ չէ, երբ երկրի 120 հազար տնտեսավարող սուբյեկտներից միայն 10 հազարն /8-9տոկոս/ է հաշվապահություն ներկայացնում: Իսկ վիճակագրության խորհրդի մասնագետներն ու պատասխանատուները բարձր պրոֆեսիոնալներ են: Որոշ լրատվամիջոցներ պատվեր են կատարում` փորձելով սեւ գույներով ներկայացնել վիճակագրությունը, ինչը բոլորովին էլ այդպես չէ:
«Նոյյան տապան» գործակալության մեկնաբան Դավիթ Պետրոսյանը եւս ոչ մի պրոբլեմ չունի պաշտոնական վիճակագրություն ստանալու գործընթացում, օգտվում է ԱՎԾ-ի ուղարկած տեղեկագրերից, ասուլիսներին բաժանված նյութերից, այսինքն` ֆիզիկակապես մատչելիությունը ապահոված է համարում, սակայն նրան չի բավարարում մանրամասն տվյալների պակասը. ասենք` շաքարի ներմուծման ծավալների մասին տեղեկությունը հեշտ է ստանալ, իսկ թե որ ընկերությունը որքա՞ն է ներմուծում, թվեր չկան: Այսինքն եթե ուզենաս բաղդատել թվերը` պրոբլեմի առաջ կկանգնես: Դ. Պետրոսյանին չի բավարարում նաեւ մարդահամարի ընթացքի հրապարակայնությունը, եւ վերջնական թվերի ուշացման մեջ նա միտումի նշաններ է տեսնում. «Օրինակ, ինձ վիճակագիրները թող բացատրեն, թե սեպտեմբերից հոկտեմբեր` 2 ամսում ո՞նց Գյումրիի ընտրողների թիվը ավելացավ 20 հազարով. 90-ական թվականներից սկսած ընտրողների թիվը 95-97 հազար է եղել, արտագաղթը չի դադարել, մինչդեռ այժմ այդ ընտրողների թիվը 117 հազար է»: Հարցը երեւի պետք է վերաուղղել ԿԸՀ-ին:
Ազգի մեկնաբան Արա Մարտիրոսյանը ԱՎԾ-ի տեղեկատվությունը մատչելի է համարում, բայց թվերին վստահում է որոշակի վերապահումով, որովհետեւ պատահել է` ճշտել է այդ թվերը եւ բոլորովին ուրիշ թվեր եւ ծավալներ գտել: Մանրածախ առեւտրի վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքում թաքցվող շրջանառության մեծ ծավալներ է մատնացույց արել, որին, ի դեպ, պետական մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել:
Ամփոփելով կարելի ասել, որ վիճակագրություն սպառողների մեծ մասը մասնագիտորեն կարողանում է օգտվել դրանից, բովանդակային առումով մասամբ է մատչելի համարում նեղ-ոլորտային վիճակագրությունը, վիճակագրական հրատարակությունների տպաքանակները շատ փոքր է դիտում, բավարար չի համարում ԶԼՄ-ների աշխատանքը վիճակագրությունը հանրության լայն շերտերին հասանելի դարձնելու գործում, իսկ ԱՎԾ ներդրվող մեթոդների աոկայությունը համարում է լավ մեկնարկ` մոտակա տարիներին առավել մատչելի եւ արժանահավատ վիճակագրություն ունենալու հեռանկարում:
Իրենք` վիճակագիրներն էլ մտահոգված են վիճակագրությունը ֆիզիկապես եւ բովանդակային առումով առավել մատչելի դարձնլու ուղղությամբ: Անցած տարի ԱՎԾ-ն 1000 սպառողի շրջանում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում հարցումներ է անցկացրել այդ ուղղությամբ եւ հետաքրքիր պատկեր ստացել: Հարցվողների կեսը /49,9տոկոս/ պատասխանել է, որ օգտվում է վիճակագրական տեղեկատվությունից, մյուս կեսը` ոչ: Վիճակագրությունից օգտվողների եւ հավանական լրացուցիչ օգտվողների 53,4 տոկոսը վիճակագրական տեղեկատվությունը մատչելի է համարել, 11,2 տոկոսը` ոչ այնքան մատչելի, 2,7 տոկոսը` անմատչելի, իսկ 32,7 տոկոսը դժվարացել է կողմնորոշվել: 30,6 տոկոսի կարծիքով վիճակագրությունը հասանելի չէ, 25,9 տոկոսի կարծիքով դրա պատճառը հրապարակումների սահմանափակ քանակն է, 29,4 տոկոսի կարծիքով ԶԼՄ-ներում լավ չի լուսաբանվում, իսկ 14,1 տոկոսը համարում է, որ վիճակագրական հրապարակումները մասնագիտացված են եւ ոչ հասկանալի: Հետաքրքիր էր վիճակագրության արժանահավատության մասին հարցումների տոկոսային բաշխվածությունը. 36 տոկոսի կարծիքով այն արժանահավատ է, 18,2 տոկոսի կարծիքով` այնքան էլ չէ, 5,3 տոկոսը ընդհանրապես արժանահավատ չի համարել, 40,5 տոկոսը դժվարացել է գնահատել. դժվարացողների մեծ տոկոսի առկայությունը մեր կարծիքով հենց վիճակագրության անմատչելիության մասին է վկայում: Արժանահավատ չհամարողները հիմնականում մատնանշել են վիճակագրական եւ գերատեսչական եղած տեղեկությունների անհամապատասխանությունը, սկզբնական ոչ հավաստի տեղեկատվության չտրամադրումը, տեղեկատվության հավաքագրման եւ հաշվարկման մեթոդաբանությունների ոչ բավարար լուսաբանումը, ԱՎԾ ինտերնետային էջի` www.armstat.am, ԱՎԾ գրադարանի, սպառողին ցանկացած տեխնիկական ձեւով տեղեկատվության տրամադրելու հնարավորության մասին չիմանալը:
Այսպիսով պարզ է դառնում, որ վիճակագրական տեղեկատվությունից օգտվողների տոկոսը դեռ ցածր է /հարցվողների կեսը/: Մատչելության ապահովման խնդիրների մեջ վիճակագիրները նշում են տպաքանակների ավելացում, մեթոդաբանական պարզաբանումների ծավալների ընդլայնում, ԶԼՄ-ների ավելի լայն ներգրավում, առանձին ոլորտային գրքույկների հրապարակում, մարզային կտրվածքով հրապարակումների ծավալների ավելացում, ինտերնետային տեղեկատվության թարմացում, գրադարանի բարելավում:
Եզրակացությունն այն է, որ մեր հասարակության լայն շերտերը դեռ հմուտ չեն օգտվելու վիճակագրական թվերից, կանխակալ են տրամադրված դրանց արժանահավատության հանդեպ եւ հակված չեն օգտագործելու դրանք: ԱՎԾ արտադրանքից օգտվում են առավել մասնագիտական` տնտեսական եւ քաղաքական շրջանակները, որոնք էլ փաստորեն տեղեկացված են ԱՎԾ-ում ներդրվող նորույթներից, միջազգային չափանիշներով մեթոդաբանությունից: ԱՎԾ-ն օրենքով անկախ կառույց է, իսկ իրականում ամբողջովին ազա՞տ է անկողմնակալ թվեր հրապարակել (ԱՎԾ պետին, վիճակագրական պետական խորհրդի անդամներին նշանակում է ՀՀ նախագահ): «Այո»,- պնդում են ԱՎԾ պատասխանատուները: Հասարակության տարբեր շերտերում հակառակը պնդողները եւս կան: Ամեն դեպքում, շփվելով 15 հազար դրամ միջին աշխատավարձ ստացող, բավական պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ` նկատում ես, որ մեզ հետաքրքրող հարցի հետ կապված ցանկության եւ ջանքերի պակասի հարց չկա, լայն խավերին հասանելի ֆիզիկական եւ բովանդակային մատչելիությունը կախված է ֆինանսական հնարավորություններից, ընդհանուր առմամբ` մեր տնտեսության զարգացումից, մյուս ոլորտներում երկրի կայացումից: Եթե դիտելու լինենք համեմատական կարգով, ԱՎԾ արդեն կայացած է: Բայց դեռ տարիներ կպահանջվեն, մինչեւ վիճակագրական ծառայությունը հոգեբանորեն իրեն ազատ զգա ազդեցություններից, եւ հատկապես գործադիր իշխանությունները ազատագրվեն թվերի հետ խաղալու գայթակղությունից:
Skip to content