Լիանա Սայադյան Տեղեկագիր 5 Տեղեկագրի նախորդ համարներում արդեն քննարկել ենք պետական մարմիններից, գերատեսչություններից փաստաթղթեր ձեռք բերելու հետ կապված դժվարություններն ու խոչընդոտները: Հaնարավո՞ր է արդյոք ձեռք բերել տասնյակ տարիներ առաջ ստեղծված փաստաթղթերը, մատչելի՞ են արդյոք տարբեր գերատեսչությունների արխիվները, ուր պահվում են անձնական ու հասարակական հետաքրքրության ամենատարբեր փաստաթղթեր: ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի, ՀՀ կենտրոնական բանկի, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային մարմինների, դատական եւ դատախազական մարմինների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների եւ նոտարիատի, անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների, զորամասերի եւ զորամիավորումների, զինվորական կոմիսարիատների, ռազմաուսումնական հաստատությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների, գիտության, մշակույթի եւ կրթության պետական հաստատությունների, զանգվածային լրատվության պետական միջոցների եւ պետական հրատարակչությունների, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական, հյուպատոսական, առեւտրական եւ այլ ներկայացուցչությունների գործունեությամբ առաջացած փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ սահմանված կարգով պետությանը որպես սեփականություն հանձնված՝ ՀՀ ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը: ՀՀ ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականությունն են՝ կուսակցությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, հասարակական, կրոնական, մշակութային եւ այլ կազմակերպությունների, ոչ պետական ձեռնարկությունների ու հիմնարկների, անձնական ծագման եւ (կամ) ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող փաստաթղթերը: Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը տարածվում է միայն պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի վրա («Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենք, հոդ. 10): Ոչ պետական սեփականություն հանդիսացող արխիվները մատչելի են դառնում միայն պետությանը հանձնելու դեպքում: Ընդ որում, այդ արխիվների սեփականատերերը պարտավորված չեն իրենց պատկանող արխիվը պետությանը հանձնել: Իսկ հանձնելու դեպքում նրանք կարող են իրենց պայմաններն առաջադրել, այդ թվում՝ սահմանափակել այդ փաստաթղթերի մատչելիությունը: Ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերին հետազոտողները կարող են ծանոթանալ սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի համաձայնությամբ: Ի դեպ, արխիվային փաստաթղթերը կարող են նաեւ վաճառվել: Եթե սեփականատերը վաճառում է այնպիսի արխիվային փաստաթղթեր, որոնք ստեղծվել են Հայաստանում կամ հայի կողմից, ապա Հայաստանի հանրապետությունն այն գնելու առաջնահերթ իրավունք ունի: Այս տարի կառավարությունը մայիսի 14-ի թիվ 493 որոշմամբ անձնական արխիվ գնելու համար 2մլն 111 հազար դրամ է տրամադրել: Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (այսուհետ՝ ՀԱԱՖ) պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործումը մատչելի է դրանք ժամանակավոր կամ մշտական պահպանության հանձնելու օրվանից: Արխվների ժամանակավոր պահպանությունն իրականացնում են գերատեսչական արխիվները: Այսինքն՝ պետական կառավարման յուրաքանչյուր մարմին, գերատեսչություն ունի արխվային ստորաբաժանում, որն արխիվավորում եւ ժամանակավոր պահպանում է տվյալ գերատսչության գործունեության ընթացքում ստեղծված փաստաթղթերը: Այս փաստաթղթերին քաղաքացիները կարող են ծանոթանալ գերատեսչական արխիվներում համապատասխան գերատեսչության ղեկավարի թույլտվությամբ: ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը գերատեսչական արխիվներում ժամանակավոր պահպանելու առավելագույն ժամկետներն են` ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, սահմանադրական դատարանի, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` պետական արխիվների համալրման աղբյուր հանդիսացող փաստաթղթերի համար` 10 տարի, քաղաքացիական կացության գրանցման մարմինների, նոտարիատի, անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների, դատական եւ դատախազական մարմինների փաստաթղթերի համար` մինչեւ գործնական անհրաժեշտությունը կորցնելը, բայց 10 տարուց ոչ ավելի, գիտատեխնիկական բնույթի փաստաթղթերի համար` մինչեւ գործնական անհրաժեշտությունը կորցնելը, բայց 10 տարուց ոչ ավելի, ձայնագրությունների, տեսագրությունների, կինոժապավենների եւ դրանց տեքստային փաստաթղթերի, լուսանկարների, լուսանկարչական ժապավենների եւ էլեկտրոնային փաստաթղթերի համար` 3 տարի: Վերը նշված ժամկետները լրանալուց հետո փաստաթղթերն ուղարկվում են պետական արխիվ, որն իրականացնում է դրանց մշտական պահպանությունը: Պետական արխիվին հանձնելուց հետո քաղաքացիները փաստաթղթերին կարող են ծանոթանալ պետական արխիվի ընթերցասրահներւմ, կատարել պատճենահանում, նաեւ՝ գրավոր հարցումների միջոցով: Սահմանված կարգից բացառություն են պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, որոնք պահվում են գերատեսչական արխիվներում: Դրանք մատչելի են դառնում միայն գաղտնազերծումից հետո: Պետական գաղտնիքի պահպանման ժամկետը 30 տարի է, իսկ ծառայողական գաղտնիքինը՝ 10 տարի: Այս ժամկետները լրանալուց հետո պետական արխիվի եւ համապատասխան գերատեսչության մասնագետներից կազմված հանձնաժողովը գաղտնազերծման` կառավարության սահմանած կարգով (այդ կարգը գաղտնի է) քննում է յուրաքանչյուր գերատեսչությունում առկա գաղտնի փաստաթղթի պահպանման հարցը: Եթե պետական կամ ծառայողական գաղտնիքը պահպանելու անհրաժեշտություն այլեւս չի լինում, ապա այդ փաստաթղթերը գաղտնազերծվում են եւ երեքամսյա ժամկետում հանձնվում պետական արխիվ: Փաստաթղթի գաղտնիության ժամկետը այն ստեղծողի կողմից կարող է երկարացվել, բայց ոչ ավել, քան 5 տարի ժամկետով: Բոլորովին վերջերս կառավարական հանձնաժողովը քննարկել եւ գաղտնազերծել է 1972թ. պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը: Բոլորը, բացառությամբ մեկ փաստաթղթի, որի գաղտնիության ժամկետը երկարացվել է եւս 5 տարով, հանձնվել են պետական արխիվ: «ՀԱԱՖ-ի մասին» ՀՀ օրենքի համաձայն (հոդված 22) բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1987 թվականների ժամանակաշրջանի բոլոր փաստաթղթերի համար գործում է օգտագործման հատուկ կարգ, որը սահմանում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը 1999թ. թիվ 157 որոշմամբ այդ կարգը սահմանելու պարտավորությունը դրել է ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործերի վարչության վրա: Վարչությունը պետք է այն հաստատեր` համաձայնեցնելով ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարությունների հետ: Սակայն մինչ օրս, ինչպես տեղեկացանք նշված վարչության պետ Ա. Վիրաբյանից, այդ կարգը հաստատված չէ: Ուստի բռնադատվածներին վերաբերող փաստաթղթերի համար առայժմ գործում է ընդհանուր կարգը: Արխիվային փաստաթղթերի օգտագործումը հեշտացնելու նպատակով ՀՀ կառավարությունը 1998թ. ապրիլի 22-ի թիվ 246 որոշմամբ հաստատել է «ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման եւ հրապարակման ընդհանուր կարգ»: Դրա համաձայն՝ ՀԱԱՖ-ի փաստաթղթերը ենթակա են օգտագործման քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային, ստեղծագործական, ՀՀ եւ օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաեւ՝ օրենքով չարգելված այլ նպատակներով: Սա նշանակում է, որ ՀՀ արխիվները մատչելի են ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին: Նույն կարգի համաձայն ՀԱԱՖ-ի փաստաթղթերի օգտագործման ձեւերն են՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց արխիվային տեղեկատվության պահանջմունքի բավարարումը (սոցիալ-իրավական բնույթի հարցումներ, իրավաբանական անձանց տրամադրվող տեղեկատվություն, թեմատիկ ցանկերի կազմում, արխիվային տեղեկանքների, փաստաթղթերից քաղվածքների ու պատճենների տրամադրում), արխիվների ընթերցասրահներում ուսումնասիրողներին փաստաթղթերի տրամադրումը, ցուցահանդեսների եւ էքսկուրսիաների կազմակերպումը: ՀԱԱՖ-ի փաստաթղթերից իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կարող են օգտվել նաեւ գրավոր հարցումների միջոցով: Արխիվային փաստաթղթերի մասին հարցումներին պատասխանելու հատուկ ժամկետներ չկան: Արխիվների լիազորված պետական կառավարման մարմին՝ ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործերի վարչությունն առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այն է՝ 15 օրյա ժամկետ (30օր՝ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դեպքերում): Բայց ինչպես նշում է վարչության պետ Ամատունի Վիրաբյանը, իրենք բավական օպերատիվ են արձագանքում՝ առավելագույնը 5-օրյա ժամկետում պատասխանում են տեղեկություն պահանջող ցանկացած անձի՝ լինի ՀՀ քաղաքացի, թե օտարերկրացի: Արխիվների մատչելիությունն ապահովող կարեւորագույն գործոնը դրանցից անվճար օգտվելու հնարավորությունն է: «ՀԱԱՖ-ի մասին» օրենքը սահմանում է. «…պետական սեփականություն հանդիսացող պետական եւ գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերի օգտագործումն անվճար է»: Ինչպես հավաստում է արխիվային գործերի վարչության ղեկավար Ա. Վիրաբյանը, վճար գանձվում է միայն փաստաթղթերի պատճենահանման համար, որը չի գերազանցում 15-20 դրամը յուրաքանչյուր էջի համար: Շուտով, սակայն, կառավարության հաստատմանն է ներկայացվելու ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործերի վարչության նոր կանոնադրությունը, որով վերջինս վերածվելու է պետական ոչ առեւտրային կազմակերպության: Այս վերակազմակերպման արդյունքում արխիվային գործերի լիազոր մարմինը իրավասու կլինի վճարովի ծառայություններ մատուցել, բայց դրանք պետք է միտված լինեն միայն նրա կանոնադրական նպատակների իրագործմանը: Կառավարությունը հաստատելու է այն ծառայությունների ցանկը, որոնք կարող են վճարովի լինել: Ինչպես նշում է պրն Վիրաբյանը, վճարովի ծառայությունների ցանկում կարող են տեղ գտնել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են տոհմածառերի կազմումը, գիտական ուսումնասիրությունների համար ծավալուն փաստաթղթերի որոնումը եւ այլն: