2017 թվականի հուլիսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի եւ Իջեւանի քաղաքապետարանների` նրանց անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով յուրաքանչյուր տարի մինչեւ սեպտեմբեր իր կողմից մշակված Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսի միջոցով գնահատում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մակարդակը: 2017 թվականին ԻԱԿ-ն անդրադարձել է նաեւ ՀՀ մարզկենտրոնների կողմից “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի ապահովմանը, որը պարտավորեցնում է տեղեկություն տնօրինողներին 13 խումբ տեղեկություններ հրապարակել սեփական նախաձեռնությամբ (առանց հարցման առկայության):
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փնտրել է Աշտարակի քաղաքապետարանի http://ashtarak.am/Pages/Home/default.aspx կայքում, Արմավիրի քաղաքապետարանի http://mer.armavir.am/Pages/Home/Default.aspx կայքում, Գավառի քաղաքապետարանի http://www.gavariqaghaqapetaran.am/ կայքում, Հրազդանի քաղաքապետարանի http://www.hrazdan.am/ կայքում, Կապանի քաղաքապետարանի http://www.kapan.am/Pages/Home/Default.aspx կայքում, Եղեգնաձորի քաղաքապետարանի www.yeghegnadzor.am կայքում եւ Իջեւանի քաղաքապետարանի http://www.ijevancity.am/Pages/Home/Default.aspx կայքում: Ուսումնասիրության արդյունքում ԻԱԿ-ը հաստատել է, որ մարզկենտրոնները չեն հրապարակել 2016 թվականին վերաբերող՝ օրենքով սահմանված 13 խումբ տեղեկությունները:
2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով դատարանը մերժեց ԻԱԿ-ի հայցը: Դատարանի որոշումն ԻԱԿ-ը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Վերաքննիչ դատարանում դատական առաջին նիստը պետք է տեղի ունենար 2020 թվականի ապրիլի 30-ին, որը, սակայն, նոր կորոնավիրուսային վարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պատճառով հետաձգվեց։ Նիստը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 6-ին, ժամը 11:40-ին:
Թիվ ՎԴ/10811/05/17 վարչական գործով 2022 թվականի ապրիլի 06-ին, ժամը 11:40-ին, դատավոր Կ. Ավետիսյանի նախագահությամբ նշանակված դատական նիստը չի կայացել՝ դատական կազմում ընդգրկված դատավոր Ա. Թովմասյանի բացակայության պատճառով։
Հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 10:50-ին։
2022 թվականի հուլիսի 1-ին, տեղի է ունեցել ԻԱԿ-ն ընդդեմ մարզկենտրոնների գործով դատաքննությունը։
Դատաքննությանը ներկայացել էին պատասխանող յոթ կողմերից միայն Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, որի լիազորագրի ժամկետը սպառվել էր, ուստի ըստ էության վերջինս չի կարողացել մասնակցել նիստին։ Դատաքննությունն անցկացվել է առանց մյուս պատասխանողների ներկայացուցիչների մասնակցության։
Դատարանը վճիռը կհրապարակի 2022 թ. հունիսի 22-ին` ժամը 14:04-ին։
Ընդգծենք՝ այս ռազմավարական դատավարության նպատակը ՏԻՄ մարմիններում պրոակտիվ հրապարակայնության խթանումն է և օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություների մատչելիության ապահովումը։
2022 թվականի հունիսի 22-ին Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական նշանակության հայցն ընդդեմ 7 քաղաքապետարանների (մարզկենտրոնների)՝ պարտավորեցնելով իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա բոլոր 13 խումբ տեղեկությունները։
Սա առաջին դատական նախադեպն է Հայաստանում, որը վերաբերում է պրոակտիվ հրապարակայնությանը և հանրային իշխանության մարմինը դատական ակտի հիման վրա պարտավորեցվում կատարել պրոակտիվ թափանցիկություն ապահովելու՝ օրենքով սահմաված պարտականությունը։
Շուրջ հինգ տարի ձգվող գործով վերջին նիստը կայացել էր 2022 թվականի հունիսի 1-ին, դատաքննությանը ներկայացել էին պատասխանող յոթ կողմերից միայն Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, որի լիազորագրի ժամկետը սպառվել էր, ուստի ըստ էության վերջինս չի կարողացել մասնակցել նիստին։ Դատաքննությունն անցկացվել է առանց մյուս պատասխանողների ներկայացուցիչների մասնակցության։
Դատարանն իր որոշումը հրապարակել է 2022 թվականի հունիսի 22-ին․
1․ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարել։ Թիվ ՎԴ/10811/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը բեկանել և փոփոխել․ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված պարտականությունները չկատարելու ձևով դրսևորված Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարանների անգործության ոչ իրավաչափ լինելու հիմքով պարտավորեցնել Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարաններին ինտերնետային կայքերում հրապարակելու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 13 խումբ տեղեկությունները:
2․ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարաններից համապարտությամբ հօգուտ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության բռնագանձել 14․000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
Հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ: