Հրապարակումներ

Հրապարակումներ

ՏՎԽ-ն արձագանքել է Վերահսկիչ խորհրդի՝ հայ ռազմագերիներ պատկերող տեսանյութի վերաբերյալ հայտարարությանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏՎԽ-ն արձագանքել է Վերահսկիչ խորհրդի՝ հայ ռազմագերիներ պատկերող տեսանյութի վերաբերյալ հայտարարությանը

Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ) հրապարակել է փորձագիտական կարծիք՝ ի պատասխան «Մետա» ընկերության Վերահսկիչ խորհրդի տարածած հրապարակային հայտարարությանը

2023 թ․ մարտին «Մետա» ընկերության Վերահսկիչ խորհուրդը տարածել է հայտարարություն՝ հրավիրելով ներկայացնել կարծիքներ նոր ստացված բողոքի վերաբերյալ, որը ֆեյսբուք սոցիալական ցանցում ռազմագերիներ պատկերող տեսանյութի տարածմանն է առնչվում։

Տեսանյութը պատկերում էր պատերազմական հանցագործություն հայ ռազմագերիների նկատմամբ։ Տեսանյութն ուղեկցվում էր տեքստով՝ անգլերեն ու թուրքերեն, որում նշվում էր, որ պատկերված են Ադրբեջանի զինվորներ, որոնք խոշտանգում են հայ ռազմագերիներին։

«Մետա»-ի կանոնակարգերն արգելում են այնպիսի նյութերի հրապարակումը և տարածումը, որոնք բացահայտում են ռազմագերու ինքնությունը և գտնվելու վայրը։ «Մետա»-ն նշել է, որ, ըստ իր կանոնակարգի, այդ տեսանյութը պետք է հեռացվի, քանի որ զինվորների դեմքերը տեսանելի էին։ Սակայն «Մետա»-ն որոշել է չհեռացնել տեսանյութը՝ հիմնավորելով դրա լրատվական նշանակությամբ։ Ըստ «Մետա»-ի՝ «այդ բովանդակությունը դիտելու հանրային նշանակությունը գերակայում էր ռազմագերիների անվտանգության և արժանապատվության խախտման վտանգը»։ Միևնույն ժամանակ ընկերությունը ուղարկել է տեսանյութը Վերահսկիչ խորհուրդ՝ խնդրելով որոշել, թե արդյոք տեսանյութի հրապարակումը թույլատրելու՝ «Մետա»-ի որոշումը առաջացնում է այնպիսի արժեքների հավասարակշռման անհրաժեշտություն, ինչպիսիք են «անվտանգությունը», «արժանապատվությունը» և «բարձրաձայնելը», և արդյոք դա համապատասխանում է մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Վերահսկիչ խորհուրդը խնդրել է ֆիզիկական անձանց ու կազմակերպություններին ներկայացնել նկատառումներ մի խումբ հարցերի վերաբերյալ։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը պատասխանել է հայտարարությանը՝ ներկայացնելով իր փորձագիտական կարծիքը, որում մանրակրկիտ անդրադառնում է ներկայացված հարցերին։

ՏՎԽ-ն եզրակացրել է, որ «առհասարակ և, մասնավորապես, տվյալ դեպքում ռազմագերիների վերաբերյալ տեսանյութի հրապարակումը՝ նրանց ինքնության բացահայտմամբ անհրաժեշտ է, քանի որ հետապնդում է այդ անձանց իրավունքների պաշտպանության, պատերազմական հանցագործությունների բացահայտման իրավաչափ նպատակներ»։

Հիշեցնենք, որ Վերահսկիչ խորհուրդը (Oversight Board) ստեղծվել է «Մետա» ընկերության նախաձեռնությամբ 2020 թ․ հոկտեմբերին։ Այն կիսադատական մարմին է և կոչված է քննելու հասարակությունից ստացված բողոքներն ընդդեմ Ֆեյսբուքի և Ինստագրամի՝ այդ սոցիալական ցանցերում հրապարակված բովանդակության իրավաչափության վերաբերյալ։ Վերահսկիչ խորհուրդը անկախ մարմին է, գործառնական կամ ֆինանսական որևէ կախվածություն չունի Ֆեյսբուքից, բաղկացած է աշխարհի տարբեր երկրներից ընտրված մասնագետներից։ Վերահսկիչ խորհուրդն իրավասու է Ֆեյսբուքի և Ինստագրամի կողմից կայացրած որոշումները բեկանել։ Խորհրդի որոշումները պարտադիր բնույթ ունեն և ենթակա են կատարման Ֆեյսբուքի և Ինստագրամի կողմից։

Skip to content