Տեսադարան

Տեսադարան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ինչպե՞ս դիմել տեղեկություն ստանալու համար

Ինչպե՞ս դիմել տեղեկություն ստանալու համար

Տեղեկություն ստանալու համար պետք է դիմել տեղեկություն տնօրինողին գրավոր, էլեկտրոնային կամ բանավոր հարցումով:
Բանավոր կամ գրավոր հարցումը պետք է ներկայացնել համապատասխան կազմակերպության ներքոնշյալ բաժիններից որևէ մեկին.

  • ընդհանուր բաժին,
  • տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին/վարչություն,
  • տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձին:

Էլեկտրոնային հարցում կարելի է ուղարկել.

  • տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքում առկա «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնի միջոցով,
  • էլեկտրոնային հասցեից՝ տեղեկություն տնօրինողի ընդհանուր պաշտոնական էլեկտրոնային հասցեին,
  • կառավարության կողմից գործարկված էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակի միջոցով:

Գրավոր և էլեկտրոնային հարցման մեջ դիմողը պարտավոր է նշել անուն-ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը):

Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի:

Ի լրումն վերոնշյալի` էլեկտրոնային հարցումը պետք է պարունակի.

  • էլեկտրոնային թվային ստորագրություն (նույնականացման քարտի միջոցով)։ Էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում կարելի է լուսապատճենել ստորագրված հարցման բնօրինակը և ուղարկել PDF ֆորմատով՝ կցորդ փաստաթուղթ։
  •  էլեկտրոնային փոստի հասցեն:

Տեղեկություն ստանալու հարցման մեջ պետք է հնարավորինս հստակ ձևակերպել անհրաժեշտ տեղեկությունը:

Որպեսզի տեղեկություն ստանալու հարցումը չմերժվի՝ հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու հիմքով, կարող եք կիրառել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» պատրաստած հարցման նմուշը:

Ուշադրություն

Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը, թե իրեն ինչու է անհրաժեշտ տվյալ տեղեկությունը կամ ինչպես է պատրաստվում օգտագործել այն:

Հնարավորության դեպքում պետք է դիմել գրավոր կամ էլեկտրոնային հարցմամբ: Պետք է պահանջել, որ գրավոր հարցումն անպայման գրանցվի և նշվի հարցման գրանցման համարը:

Էլեկտրոնային հարցման դեպքում անհրաժեշտ է պահպանել նամակն ուղարկելու փաստը հաստատող տեղեկությունները, e-request հարթակով ուղարկելու դեպքում՝ հսկիչ համարը:

Այս կերպ, եթե հետագայում հարցումը մերժվի կամ պատասխանը ուշանա, կարելի է բողոքարկել:

Տեսահոլովակը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագծի աջակցությամբ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի միջոցներից: Բովանդակության պատասխանատուն բացառապես Ինֆորմացիայի ազատության կենտրոնն է, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրամիության տեսակետները:

Skip to content