Հրապարակումներ

Հրապարակումներ

Կրճատվեցի՞ն ի վերջո ծառայողական մեքենաները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կրճատվեցի՞ն ի վերջո ծառայողական մեքենաները

Պետական մարմինների ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ հայտարարությունները ճշտելու նպատակով 2016 թվականի հուլիսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումներով դիմեց ՀՀ կառավարությանը, առընթեր պետական մարմիններին, նախարարություններին և մարզպետարաններին։ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել կրճատված մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը, ինչպես նաև ներկայացնել կրճատված վարորդների ցանկը:
Հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ 2016 թ.-ի մայիսի 1-ից մինչ օրս ՀՀ 19 նախարարությունում 149 մեքենա ներկայացվել է կրճատման, 14-ը արդեն կրճատման գործընթացում է, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ կրճատվել է 186 մեքենա: ԱԺ-ում որևէ մեքենա չի կրճատվել։ ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված մեքենաներից կրճատվել է 15-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմիններում կրճատվել է 23 մեքենա, իսկ 10 մարզպետարանում կրճատվել է 9 ծառայողական մեքենա, 3-ը՝ներկայացվել կրճատման:

Ծառայողական մեքենաների կրճատման գործընթացը նախարարություններում

Մինչ օրս ամենից շատ ծառայողական մեքենա կրճատման է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը. նախարարության հաշվեկշռում հաշվառված 789 ավտոմեքենայից 142-ը ներկայացվել է կրճատման, որոնցից 73-ը եղել է չշահագործվող: Մյուս կողմից, սակայն, նախարարությունում որևէ վարորդ չի կրճատվել:
Հաջորդը ՀՀ առողջապահության նախարարությունն է. նախարարության և նրա առանձնացված ստորաբաժանումների ծառայողական մեքենաներից 2016թ.-ի մայիսի 1-ից մինչ օրս կրճատվել է 29-ը, որից 20-ը եղել են չշահագործվող: Այստեղ նույնպես որևէ վարորդ չի կրճատվել:
ՀՀ արդարադատության նախարարությունում նույնպես կրճատվել է 29 ծառայողական մեքենա: 2016թ.-ի սկզբին նախարարության աշխատակազմին սպասարկում էր 9 ծառայողական մեքենա, որից 2-ը 2016 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ կրճատվել է:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունն այս տարի հարցմանը պատասխանել էր, թե ծառայողական մեքենաների մասին տեղեկությունները համարվում են գաղտնիք, մինչդեռ անցյալ տարի նույնաբովանդակ հարցմանը պատասխանել էր, որ Քրեականատարողական ծառայությունն ունի 123 ծառայողական մեքենա, որոնցից 99 նախատեսված են որպես պետական մարմնին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ, մեկը՝ պետական մարմնի պաշտոնատար անձի սպասարկող ծառայողական ավտոմեքենա, իսկ 23-ը չի շահագործվում: Վերջին հարցման արդյունքում պարզվեց, որ Արդարադատության նախարարության կողմից կրճատված 29 մեքենայից 23-ը պատկանել է ՔԿ ծառայությանը, իսկ 4-ը՝ ԴԱՀԿ-ին:
ՀՀ բնապահպանության նախարարությունը կրճատած մեքենաների թվով 4-րդն է. նախարարության տրամադրության տակ կա 45 մեքենա (այդ թվում՝ Բնապահպանական պետական տեսչությունը՝ 20, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը՝ 8 և 2-ական մեքենա Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության և Կենսառեսուրսների կառավարման գործակալության հաշվեկշռում): 45 ծառայողական մեքենայից 22-ը կրճատվել է, որից 4-ը չի շահագործվել: Վարորդներ չեն կրճատվել, քանի որ մեքենաները շահագործվել են նախարարության պաշտոնատար անձանց կողմից:
Հաջորդը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է. այստեղ կրճատման գործընթացում է գտնվում 14 տրանսպորտային միջոց, որոնք չեն շահագործվել: Նախարարությունում որևէ վարորդ չի կրճատվել:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը 6-րդն է. նախարարության հաշվեկշռում եղած 13 մեքենայից 4-ը ներկայացվել է կրճատման: Մեքենաները եղել են շահագործվող և օրենքով սահմանված կարգով պետք է հանձնվեն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը: Արդյունքում համապատասխանաբար 4 վարորդ է կրճատվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը 188 ծառայողական մեքենայից կրճատել է 10-ը: Նաև կրճատվել է վարորդի նույնքան հաստիք:
Հաջորդը ՀՀ քաղաքաշինության նախարարությանն է. 2016 թ.-ի մայիսի 1-ից մինչև օրս շահագործվող 17 մեքենաներից 7-ը կրճատվել է: Վարորդներ չեն կրճատվել, քանի որ մեքենաները շահագործվել են նախարարության պաշտոնատար անձանց կողմից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում հաշվառված մեքենաների թիվը կրճատվել է 6-ով, որից 3-ը չի շահագործվել: Կրճատման արդյունքում որևէ վարորդ աշխատանքից չի ազատվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փրկարար ծառայության մեքենաների սահմանաքանակը կրճատվել է 70-ով: Նախարարությունը վարորդների կրճատման մասին տեղեկություն չի տրամադրել:
ՀՀ ֆինանսների նախարարությունը նշված ժամանակահատվածում 4 ծառայողական մեքենա է կրճատել, որից 1-ը եղել է չշահագործվող: Այս ընթացքում 11 վարորդ ազատվել է աշխատանքից աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու պատճառով: Նշենք, որ նախորդ տարի նախարարությունը 9 օր ուշացումով անհիմն մերժել էր ծառայողական մեքենաների վերաբերյալ հարցումը՝ տեղեկատվությունը համարելով գաղտնիք: Մինչդեռ այս տարի տրամադրել են անցյալ տարի գաղտնիք համարած տեղեկությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում հաշվառված 20 մեքենայից 4-ը կրճատվել է: Մեքենաների կրճատման արդյունքում կրճատվել է 1 վարորդ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում կրճատվել է 4 ծառայողական մեքենա: Նախարարությունը վարորդների կրճատման մասին տեղեկություն չի տրամադրել:
ՀՀ կրթության և գիտության նախարարության 9 մեքենայից 3-ը ենթակա են կրճատման: Դրանցից 2-ը գտնվում է նախարարության հաշվեկշռում, իսկ մյուսը՝ «Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ» ՊՀ-ի հաշվեկշռում:
Ամենից քիչ մեքենաներ կրճատած նախարարությունը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է .կրճատվել է 1 ծառայողական մեքենա, որը եղել է շահագործվող, իսկ որևէ վարորդի հաստիքի կրճատում չի եղել:
Ծառայողական մեքենա ընդհանրապես չի կրճատվել հետևյալ նախարարություններում՝ ՀՀ մշակույթի, սփյուռքի և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների: Այս նախարարություններում վարորդներ նույնպես չեն կրճատվել:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանի՝ ծառայողական մեքենաների մասին որոշումը չի վերաբերում ԱԳՆ-ին, ուստի որևէ վարորդ կամ մեքենա չի կրճատվել:
ՀՀ կառավարության աշխատակազմի պատասխանի համաձայն՝ կառավարությունում կրճատվել է 15 մեքենա և 5 վարորդի հաստիք: Կրճատված մեքենաներից 5-ը եղել է չշահագործվող:
ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններից անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում են եղել ամենից շատ կրճատումները. կրճատված մեքենաների թիվը 15 է, որոնցից 3-ը եղել է չշահագործվող: Վարորդի հաստիք չի կրճատվել:
Հետևյալ մարմիններում կրճատված ծառայողական մեքենաների քանակը 4-ական մեքենա է. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համակարգում վարորդի հաստիք չի կրճատվել: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պատասխանի համաձայն՝ վարչությանն ամրացված է 4 ծառայողական մեքենա:
Կրճատման ենթակա ծառայողական մեքենաներ չկան ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում. Կոմիտեն ունի 5 մեքենա, որից 4-ը սպասարկում է ղեկավարությանը, մյուսը նախատեսված է տեսչական ստուգումներ իրականացնելու համար: Վարորդների կրճատման մասին կոմիտեն որևէ տեղեկություն չի տրամադրել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարցմանը չի պատասխանել:
   ՀՀ ԱԺ-ում շահագործվող տրանսպորտային միջոց, ինչպես նաև վարորդների հաստիքներ չեն կրճատվել:

Ծառայողական մեքենաների կրճատման գործընթացը մարզպետարաններում

Ամենից շատ մեքենա կրճատվել է Տավուշի մարզպետարանում. 12 ծառայողական մեքենայից կրճատվել է 7-ը: Արարատի մարզպետարանին ՀՀ կառավարության կողմից առաջարկվել է կրճատել չշահագործվող 2 մեքենան, իսկ վարորդի հաստիքի կրճատման անհրաժեշտություն մարզպետարանում չի առաջացել:
Հաջորդը Արագածոտնի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզպատարաններն են. Արագածոտնի մարզպետարանի տրամադրության տակ գտնվող 1 մեքենա ներկայացվել է կրճատման: Մեքենան եղել է շահագործվող, ամրագրված մարզպատարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչությանը: Վարորդների կրճատման մասին մարզպատարանը որևէ տեղեկություն չի տրամադրել: Գեղարքունիքի մարզպետարանում կրճատվել է 1 մեքենա, բայց որևէ վարորդ չի կրճատվել: Արմավիրի մարզպետարանի հաշվեկշռում հաշվառված մեքենաներից միայն 1 չշահագործվող մեքենա է կրճատվել, ինչպես նաև 1 վարորդ:
Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարաններում նշված ժամանակահատվածում որևէ մեքենա չի կրճատվել, քանի որ բոլոր մեքենաները շահագործման ենթակա են: Այս մարզպետարաններում վարորդի հաստիք չի կրճատվել:
Կոտայքի մարզպետարանում ծառայողական մեքենաների և վարորդների հաստիքների կրճատում չի եղել, քանի որ դեռևս 2015 թ.-ի ընթացքում հենց մարզպետարանի նախաձեռնությամբ սահմանված կարգով դուրս է գրվել չշահագործվող 2 մեքենա:

Այսպիսով, 2016թ.-ի մայիսի 1-ից մինչև օրս 19 նախարարությունից 4-ում, կառավարությանն առընթեր մարմիններից 1-ում, մարզպետարաններից 5-ում և ՀՀ Ազգային ժողովում մեքենաների կրճատում չի եղել: Իսկ ԻԱԿ-ի հարցումն անպատասխան է թողել միայն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

Պաշտոնական պատասխանները մշակվել և տեղադրվել են ԻԱԿ-ի հարցումների էլեկտրոնային շտեմարանում՝ www.givemeinfo.am: ԻԱԿ-ի կողմից նմանօրինակ հարցումներ ուղարկվել են նաև 2015թ.-ին, որոնց պատասխանները ևս տեղադրված են www.givemeinfo.am կայքի համապատասխան մարմնի էջում:

Skip to content