Փաստերի ստուգումը արագ լրատվության դարաշրջանում դառնում է կարևոր ոչ միայն նորություն արտադրողների, այլև սպառողների համար։ Ճիշտ է, շատերը կարծում են, թե փաստերի ստուգումը ժամանակատար է։ Սակայն որոշ դեպքերում ընդամենը մի քանի րոպեում կարելի է պարզել արդյոք կասկածելի թվացող լուրը սու՞տ է, աղավաղվա՞ծ։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (PJC) կոալիցիայի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում (2019-2020) վերահրատարակվել է «Փաստերի ստուգմումը և լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը» ձեռնարկը։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:
Այս ձեռնարկը ներկայացնում է փաստերի ստուգման բոլոր արդյունավետ առցանց գործիքները, որոնք արդիական ու հեշտ կիրառելի են մեր օրերում, ինչպես նաև տրամադրում տեղեկատվության ազատությանն առնչվող օգտակար և կիրառելի նյութ։
Ձեռնարկը կօգնի լրագրողներին, խմբագիրներին, ուսանողներին, դասախոսներին, և համացանցի սպառողներին ընդլայնված որոնում կատարել, ստուգել տեղեկատվության, պատկերների և տեսանյութերի իսկությունը, օգտվել արբանյակային տվյալներից, դառնալ առավել իրազեկ ու մեդիագրագետ օգտատեր։