Մարտի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիա ոլորտում» խորագրով աշխատանքային քննարկում լրագրողների և մեդիա ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ներկայացրեց մեդիա դաշտում իրական սեփականատերերին առնչվող հայաստանյան իրավիճակը, գործընթացին առնչվող հիմնական խնդիրներն ու հնարավոր ռիսկերը։ «Իրական սեփականատերերի բացահայտման խնդրի լուծումը ԶԼՄ-ների ֆինանսական թափանցիկության ապահովմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկն է։ Այս հարցը վաղ թե ուշ կանգնելու է հայաստանյան մեդիա դաշտի առջև և կարևոր է որ ԶԼՄ դաշտի ներկայացուցիչներս միասին քննարկենք գործընթացի առանձնահատկություններն ու առաջնահերթությունները»,- իր ելույթում նշեց Շուշան Դոյդոյանը։
Բաց կառավարման գործընկերության շրջանակում 2018 թ․ նոյեմբերին ընդունած ՀՀ կառավարության գործողությունների 4-րդ ծրագիրը ներառում է հատուկ հանձնառություն, որով կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով։ Արդեն իսկ 2019 թ. ապրիլին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունեց իրական սեփականատերերի ռեեստրի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը։ Շատ կարևոր է, որ և՛ հանձնառությունը, և՛ օրենսդրական կարգավորումները վերաբերելի են բիզնեսի բոլոր ճյուղերին՝ առանց բացառության։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Open Ownership կազմակերպության ներկայացուցիչ Պիտեր Լոուն, ով ներկայացրեց իրական սեփականատերերի թափանցիկության գործընթացի միջազգային միտումները՝ որպես լավագույն փորձ առանձնացնելով Մեծ Բրիտանիայի օրինակը։
Քննարկմանը մասնակցում էին հայաստանյան ԶԼՄ-ների խմբագիրներ, լրագրողներ, լրագրողական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Վերջիններս կարևորելով խնդրի քննարկումը՝ մտավախություն հայտնեցին, որ առաջարկվող նախաձեռնությունը ոչ ճիշտ կիրառման դեպքում կարող է վտանգել խոսքի ազատությունն ու դառնալ ԶԼՄ-ներին ճնշելու գործիք։
«Այս գործընթացը կարևոր է մի քանի պատճառներով: Նախ և առաջ լրատվամիջոցը պետք է իր լսարանի հետ լինի ազնիվ և գործի խաղի արդար ու բաց կանոններով: Մյուս կողմից իրական սեփականատերերի հրապարակայնությունը արդյունավետ գործիք է վերահսկելու, թե ԶԼՄ-ի հիմնադրման ժամանակ որքանով են պահպանվել օրենքի պահանջները, մասնավորապես հեռարձակվող ԶԼՄ-ների դեպքում պետական մարմիններին և կուսակցություններին ԶԼՄ հիմնադրել արգելվում է »,- իր ելույթում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ոլորտում կառավարության հանձնառություններն ու արդեն իսկ իրականացրած աշխատանքները ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ներքո գործող արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը։ Կառավարության ներկայացուցիչը կարևորեց մասնագիտական նմանօրինակ հանդիպումները՝ նշելով, որ յուրաքանչյուր ոլորտ ունի իր առանձնահատկությունները և հնարավորինս արդյունավետ աշխատանքի համար կարևոր է օր առաջ ոլորտին առնչվող խնդիրները քննարկել տվյալ համայնքի ներկայացուցիչների հետ։
Միջոցառումն իրականացվում էր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: