Հրապարակումներ

Հրապարակումներ

report.am.«Լրագրողի համար ամենահզոր լծակը իր իրավունքների իմացությունն է»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

report.am.«Լրագրողի համար ամենահզոր լծակը իր իրավունքների իմացությունն է»

Հարցազրույց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ

-Հայտնի է, որ մեր իրականությունում մեծ թիվ են կազմում լրագրողների համար, այսպես ասած, «անհասանելի» պաշտոնյաներն ու պատգամավորները: Ի՞նչ անի լրագրողը, երբ իր նյութի համար պարզապես անհրաժեշտ է վերոնշյալ մարդկանցից խոսք վերցնելը կամ նրանց հետ խոսելը, մինչդեռ նրանք խուսափում են:

-Իմ կարծիքով առաջին հերթին լրագրողը պետք է շատ լավ իմանա օրենքով իրեն տրված իրավունքները, որպեսզի կարողանա դրանիցի լիարժեք օգտվել: Երբ լրագրողը լավ կպատկերացնի, կիմանա, կտիրապետի ողջ այդ գիտելիքներին եւ հմտություններին` այն ողջ հնարավորությունները, որ պետությունն օրենքով իրեն տալիս է, կարծում եմ` խնդիրների մեծ մասը այս միջոցով այս փուլում լուծում կստանան: Օրինակ` եթե լրագրողը դիմում է պաշտոնյանին տեղեկատվություն ստանալու խնդրանքով եւ անցնում է 10 օր կամ 1 ամիս, բայց պաշտոնյանից որեւէ պատասխան չի ստանում, ի հայտ է գալիս օրենքի խախտում: Լրագրողը կարող է համապատասխան միջոցներ ձեռնարեկել տվյալ պաշտոնյանի գործողությունները վիճարկելու կամ բողոքարկելու համար: Սա հետաքննող լրագրողների մասով, ովքեր որոշակի ժամանակ ունեն իրենց աշխատանքը կատարելու համար: Ինչ վերաբերում է on-line պարբերականներին, լրատվական գործակալություններին, հեռուստաընկերություններին, ապա այս դեպքում լավագույն միջոցն այդ մասին գրելն է` հրապարակելը, որ տվյալ պաշտոնյան խուսափում է հանրության առջեւ հաշվետու լինելուց, հանրությանը տեղեկատվություն տալուց: Եթե պաշտոնյան ԱԺ պատգամավոր է` հանրության կողմից ընտրված անձնավորույուն, եւ խուսափում է հանրությունից, դա արդեն որոշակի բացասական իմիջ է ստեղծում այդ պաշտոնյայի համար: Չէ՞ որ յուրաքանչյուր մեկը` անկախ նրանից պաշտոնյա՞ է, թե՞ ոչ, պետք է մտահոգվի, թե ինչ են իր մասին խոսում, ինչ է մտածում հասարակությունը: Հասարակական քննադատությունը, խստապահանջությունը պաշտոնյաներից ամենահզոր գործիքներն են, որ կարելի է նրանց բերել ավելի թափանցիկ դաշտ:
Լրագրողի համար ամենահզոր լծակը դա իր իրավունքների իմացությունն է:

-Կարիք չկա՞ արդյոք օրենքի, որը կսահմանի պաշտոնյա-լրագրող փոխհարաբերություններում առաջինի՝ ինֆորմացիա տրամադրելու պարտավորությունները:

-Ոչ, ինչքան փորձենք մտնել իրավական դաշտ այդ մանրամասները կարգավորելու մտադրությամբ, այնքան ավելի շատ կտուժեն լրագրողները: Գոյություն ունեցող իրավական դաշտը լիարժեք բավարար է, որ լրագրողների տեղեկատվություն ստանալու իրավունքը հարգվի եւ պաշտպանվի` նրանց տեղեկատվություն տան: Այլ բան է, թե լրագրողները որքանով են կարողանում օգտվել դրանից: Ամենակարեւորը` հասարակական քննադատության ենթարկել այն պաշտոնյային, ով խուսափում է հանրության առջեւ հաշվետու եւ թափանցիկ գործելուց:

-Որո՞նք են այն պաշտոնները, որ ենթադրում են հրապարակային աշխատանք եւ ըստ այդմ մշտական «հասանելիություն»:

– Բոլոր պաշտոնյաների գործունեությունը ենթադրում է հրապարակային աշխատանք, որովհետեւ իրենք իրականացնում են մեր իշխանությունը: Մենք տվել ենք իրենց, որ իրենք կառավարեն մեզ: Բնականաբար նրանք պետք է հաշվետու լինեն եւ թափանցիկ գործեն հանրության առջեւ: Բայց հատկապես հասարակայնության եւ լրատվության բաժինների, վարչությունների խնդիրն է ապահովել կապը պետական կամ տեղեկան ինքնակառավարման մարմնի եւ հանրության, այս պարագայում` լրատվամիջոցների միջեւ, այսինքն` նրանք կապող օղակ են դառնում, եւ նրանց ամենօրյա պարտականությունների մեջ է մտնում ժամանակին եւ ամբողջական տեղեկատվություն ապահովել լրատվամիջոցներին: Դա կլինի հարցազրույցներ տալու միջոցով, իրենց ինտերնետային պաշտոնական կայքէջերում տեղեկատվական հոսքի ապահովմամբ, անմիջական հանդիպումների, շփումների տեսքով: Իրենք պետք է շահագրգռված լինեն, որ ինչքան հնարվոր է ժամանակին, արագ, հրատապ, ամբողջական տեղեկատվություն տան իրենց կառույցի մասին: Որովհետեւ ինչքան փորձում են թաքնվել վարագույրի ետեւում, այնքան կասկածները շատ են լինում, այնքան լրագրողները սկսում են ավելի շատ անհանգստացնել իրենց, եւ հետեւաբար սկսում են խնդիրներ ծագել: Ինչքան սկսեն ավելի բաց եւ ավելի ամբողջական ինֆորմացիա տալ, այնքան խնդիրները կնվազեն:

-Հաճախ լրագրողներին ինֆորմացիա տրամադրելուց խուսափում են հենց մամուլի քարտուղարները: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Նախ պետք է բացատրել նրանց, որ ինչքան իրենք խուսափեն տեղեկատվություն տալուց, այնքան տվյալ խնդիրը մեծանալու է եւ վաղը նրանց համար ավելի մեծ խնդիր է դառնալու: Ինչքան շուտ տան այդ տեղեկատվությունը, այդքան նրանց համար հեշտ է լինելու վաղը: Նրանք վարում են ջայլամի քաղաքականություն` չեն երեւում. շառ ու փորձանքից հեռու: Մինչդեռ այսօրվա չպատասխանած հարցը վաղը ծնելու է 1000-ավոր հարցեր եւ իրենք արդեն չեն կարողանալու խուսափել պատասխաններ տալու պատասխանատվությունից: Որոշ պարագաներում, եթե գործ ունենք խիստ մասնագիտական պատասխանի հետ, օրինակ` բնապահպանության, քաղաքաշինության ոլորտների, շատ հնարավոր է, որ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն բավարար, պատշաճ մակարդակի գիտելիք չունենա այդ ոլորտում: Նա պարզապես պետք է լինի համակարգող եւ կապող օղակ: Կան որոշ կառույցներ, որտեղ ամեն ինչ անում է հասարակայնության հետ կապերի բաժինը, ոչ մի պաշտոնյա այդ կառույցում չի խոսում: Սա արատավոր երեւույթ է: Տվյալ կառույցը տուժում է այն առումով, որ նա ամեն ինչ չի կարող իմանալ, դա պարզապես հնարավոր չէ եւ չպետք է իմանա, քանի որ իր գործառույթը դա չէ:

-Անդրադառնանք հարցի մյուս կողմին: Որքան էլ որ գործիչը կամ պաշտոնյան «բաց» լինի մամուլի համար, գաղտնիք չէ, որ լրագրողները հաճախ նրանց պարզապես «զզվացնում են»:

-Ամենալուրջ խնդիրը, որ բարձրացվում է պաշտոնյաների կողմից դա լրագրողների` էթիկական չափանիշերին չհետեւելն է: Եվ դա, ցավոք, մասսայական բնույթ է կրում: Այսօր լրագրողներն ամեն օր ոտնահարում են իրենց ամենակարեւոր մասնագիտական վարքականոնները, որոնք պետք է, որ ընկած լինեն իրենց աշխատանքի հիմքում: Ուղղակի անտեսում են վիրավորանք չհրապարակելը, մարդկանց անձնական կյանք չներխուժելը, ամենաաններելին՝ կեղծ կամ պատվերով տեղեկատվություն չհրապարակելը: Եկեք խոստովանենք, որ նաեւ լրագրողական դաշտն է «կեղտոտ»: Եվ որոշ դեպքերում պաշտոնյաների դժգոհություններն արդարացված են: Այն փաստը, որ նրանցից շատերն այսօր խուսափում են հանդիպել լրագրողների հետ, շատ անգամ դրա հիմքում ընկած է այն, որ ժամանակին տհաճ իրադրության մեջ են ընկել. լրագրողին մի բան են ասել, բոլորովին այլ բան տեսել հրապարակված, լրագրողը խեղաթյուրել է, համատեքստից հանել է նրա խոսքը: Սրանք էթիկական աններելի մեղքեր են, որոնք, ցավոք, թույլ են տալիս լրագրողները` դրանով վարկաբեկելով թե՛ իրենց մասնագիտությունը, թե՛ լրատվամիջոցի հեղինակությունը: Արդյունքում պարտաճանաչ եւ մասնագիտության մեջ առաքինի լրագրողն է տուժում, քանի որ պաշտոնյան բոլորին հավասարապես դիտում է բացասական տեսանկյունից: Ինչպես լրագրողների մոտ է կարծիք ստեղծվել, որ բոլոր պաշտոնյաները փախչում են լրագրողներից, չեն ուզում տեղեկատվություն ստանալ, նույնպիսի բացասկան կարծիք էլ պաշտոնյաների կողմից է ձեւավորվել, որ լրագրողները խախտում են էթիկայի կանոնները եւ չեն գործում մասնագիտական վարքականոնների համաձայն:
Ի դեպ, եթե համեմատության մեջ դիտենք իրականությունը, ապա ներկայում դաշտն այնքան էլ վատ վիճակում չէ, որքան նախկինում էր: Իհարկե բավարար չէ: Վերջնականապես գոնե պետական կառավարման մակարդակում ստեղծվեցին տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունները: Առաջ բոլորովին խառնաշփոթ էր:

-Եվ վերջում` ձեր կազմակերպության գործունեության մասին: Ձեր հայտարարություններում նշում եք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» պատրաստ է պաշտպանել անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը: Խնդրում եմ ներկայացրեք՝ ինչպե՞ս եք ապահովում այդ իրավունքի պաշտպանությունը:

-Կազմակերպության առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը եւ այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» գործունեության հիմնական ուղղություններն են.
Իրավական խորհրդատվություն եւ ռազմավարական դատավարություն: ԻԱԿ-ը քաղաքացիներին, ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին, լրագրողներին եւ իրավաբանական անձանց իրավական խորհրդատվություն է տրամադրում տեղեկատվություն ստանալու իրավունքի վերաբերյալ` միաժամանակ օգնելով բողոքարկել տեղեկատվություն ստանալու հարցումների անօրինական մերժումները` ներառյալ դատարական կարգով: 2001-2010թթ. ընթացքում կենտրոնը իրավական խորհրդատվություն եւ աջակցություն է տրամադրել 6000 անձի: 2006-2010թթ ընթացքում ԻԱԿ-ը տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 28 դատական գործ է հարուցել, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը:
ԻԱԿ-ն իրականացնում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենսդրության կիրառման պրակտիկայի դիտարկում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կենտրոնը տարեկան 500-600 տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ` այսպիսով լինելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող կազմակերպություններից մեկը:

Կենտրոնը ՀՀ ողջ տարածքում ուսուցումների միջոցով օգնում է քաղաքացիներին, ՀԿ, ԶԼՄ եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներին՝ ավելացնել իրենց գիտելիքները տեղեկատվության ազատության ոլորտում: 2003-2010 թթ. ընթացքում 5000 մարդ՝ այդ թվում 2200 պաշտոնյա, ստացել է գիտելիք եւ հմտություն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։
2001թ.-ից մինչ օրս կենտրոնը հրապարակում է «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում: Տեղեկագրի յուրաքանչյուր համարում հրապարակվում է այն պաշտոնյաների «սեւ ցուցակը», որոնք ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ը ԶԼՄ-ներով լայնորեն հրապարակայնացնում է տեղեկություն ստանալու իրավունքի խախտումները:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ակտիվ դերակատարում է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մշակման եւ ընդունման գործում: Ներկայումս ԻԱԿ-ը նախաձեռնել է ՏԱ ենթաօրենսդրական ակտերի մշակման եւ ընդունման գործը: Արդեն մշակվել եւ ՀՀ կառավարություն ու ՀՀ Ազգային Ժողով է ներկայացվել 2 ենթաօրենսդրական ակտի եւ ՀՀ օրենքներում 7 փոփոխությունների նախագծեր:

ԻԱԿ-ն իրականացնում է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն, որի ժամանակ «Ոսկե բանալի» է շնորհվում ՏԱ օրենքը լավագույնս կիրառած քաղաքացիներին, ՀԿ-ներին, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ լրագրողներին: Տրվում են նաեւ բացասական մրցանակներ` կողպեքներ, ՏԱ օրենքը խախտող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:
Եթե նման նախաձեռնությունները շատանան եւ դառնան ավանդական, կարծում եմ, որ վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ ավելի շատ կփոխվի դեպի դրականը:

Զրուցեց
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Աղբյուրը` report.am

Skip to content