Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ ամենադժվարը հիերարխիկ բնույթ կրող կաշառակերության դեպքերի բացահայտումն է: Այդ մասին լրագրողների, քննիչների ու դատախազների մասնակցությամբ Ծաղկաձորում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը:
Նրա խոսքով, աշխարհում չկա այնպիսի մի մեթոդիկա, որի օգնությամբ հնարավոր կլիներ բացահայտել հիերարխիկ ձևով, այսինքն երբ կաշառքը բաժնի մասնագետից անցնում է բաժնի վարիչին, այնուհետև` վարչության պետին, հետո` նախարարի տեղակալին, այնուհետև նախարարին կատարված կոռուպցիոն դեպքը:
Գլխավոր դատախազության պաշտոնյայի գնահատմամբ, ավելի արժեքավոր կլիներ տարվա մեջ կոռուպցիայի մեկ կամ երկու դեպք բացահայտել նախարարի կամ փոխնախարարի մասնակցությամբ, քան հազարավոր դեպքեր, երբ կոռուպցիա իրականացրել են կառավարման ստորին օղակներում:
«Տարվա մեջ ավելի լավ է ունենանք նախարարի կամ նախարարի տեղակալի պաշտոնեական դիրքի չարաշահման քրեորեն հետապնդելի հովանավորչության կամ կաշառակերության երկու դեպք, քան երեսուն դեպք, որ համատիրություններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկանք տալու համար 1000 դրամ են վերցրել», -կարծիք հայտնեց Աշրաֆյանը:
Նա այդ դեպքերը չի նույնացնում, քանի որ որևէ հզոր պաշտոնյայի կողմից կատարված կոռուպցիոն արարքի բացահայտումը ուղղակիորեն արձագանք կգտնի իր ղեկավարած հիմնարկի բոլոր օղակներում:
«Եթե մի նախարար կոռուպցիոն հանցագործություն կատարելու մեջ բացահայտվի, ես կարծում եմ, որ համակարգում զգոն կլինեն, կվախենան, թույլ չեն տա իրենց այն, ինչ որ մինչ այդ եղել է թույլատրելի կամ անպատժելի», -նկատեց Աշրաֆյանը:
Միևնույն ժամանակ, դատախազության պաշտոնյան չի հավատում, որ բարձրաստիճան պաշտոնյաները առավոտից երեկո կոռուպցիոն բնույթի ապօրինություններով են զբաղվում: Փոխարենը, նրա համոզմամբ, կոռուպցիոն հանցագործություններով առավոտից մինչև երեկո զբաղված են ստորին և միջին օղակի ծառայողական համակարգի աշխատակիցները:
Այնուհետև Աշրաֆյանը թվարկեց կոռուպցիայով զբաղվողներին. դրանք բուժաշխատողներն են, «անխտիր բոլոր» ուսումնական հաստատությունները, համատիրությունները, նոտարական գրասենյակները, անշարժ գույքի գրանցման կադաստրի մարմինները, հարկային ոլորտի աշխատողները: «Մի խոսքով այն համակարգն է, որտեղ ամեն օր առավոտից իրիկուն մեր հասարակության լայն զանգվածները շփվում են: Նրանց ուղեղներում նստացրել են միտքը` առանց գումարի հարց չի լուծվի», -հայտարարեց Աշրաֆյանը` նկատելով, որ այդ մարդկանց դեմ իրենց պայքարը չի ստացվում, քանի որ նրանց մեջ ձևավորվել է կարծրատիպ` «առանց վճարի ցանկացած բան գլուխ բերել հնարավոր չէ»:
«Մարդկանց մեջ գիտակցական հեղափոխություն պետք է իրականացնել` ամեն ինչ չէ, որ վճարովի պետք է լինի, դա ձեր իրավունքն է և դուք պետք է ձեր օրինական շահերի պաշտպանությունն իրականացնեք օրինական ճանապարհով», -հավելեց դատախազության պաշտոնյան:
Նշենք, որ Ծաղկաձորում հունվարի 29-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկումը քրեական դատավարության ընթացքում տեղեկատվության և արտահայտման ազատությունների հարցի վերաբերյալ էր: Աշխատանքային քննարկումը կազմակերպել էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: