Արդյոք ժամանակը չէ՞, տեղեկություններ ստանալու գործերով պատասխանատվության վարույթները վերցնել դատարաններից, թե չէ ստացվում է՝ դատարանները տարիներ հետո կարող են բավարարել այդ հայցապահանջները, երբ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունն այլեւս ժամանակին չէ, տեղեկություններն այլեւս որեւէ մեկին պետք չեն:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը դեռեւս նոյեմբերի 22-ին տեղեկացրեց, որ հանրագիր է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը, ինչպես նաեւ սահմանել պատասխանատվություն տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետները խախտելու համար։ Արդարադատության նախարարությունը դեռ չի պատասխանել, նրա պատասխանի օրենքով սահմանված ժամկետը մինչեւ դեկտեմբերի 22-ն է:
Հանրագրին կից ներկայացված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով կազմակերպությունը նախ առաջարկում է տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափն ավելացնել մինչեւ 200-ապատիկի չափով, ինչպես նաեւ առաջարկվում է լրացում կատարել օրենսգրքի 189.7-րդ հոդվածում՝ նախատեսելով վարչական պատասխանատվություն տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրամադրելու՝ օրենքով նախատեսված ժամկետները խախտելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով տուգանք։
Կազմակերպության գնահատմամբ՝ «Բավարար չեն տեղեկություն տնօրինողներին օրենքով սահմանված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու, այն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օերնսգրքի 22-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի նպատակներից մեկին (ինչպես իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարում կանխելու նպատակին) հասնելու համար»:
Ըստ ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրամադրելու՝ օրենքով նախատեսված ժամկետները խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չէ: Մասնավորապես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 189.7-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում միայն օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար:
«Մյուս կողմից՝ տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու պրակտիկան վկայում է, որ շարունակում է արդիական մնալ տեղեկություն ստանալու հարցումներին օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ պատասխանելու խնդիրը:
Օրինակ, տեղեկատվության ազատության ոլորտում գործունեություն իրականացնող «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից վարվող givmeinfo.am կայքում տեղադրված հարցումների եւ դրանց պատասխանների վիճակագրության համաձայն՝ 2009-2021 թվականների ընթացքում տեղեկություն տնօրինողներից ստացված միայն լիարժեք պատասխանների հաշվարկով տեղեկություն ստանալու հարցումների 19%-ին պատասխան տրամադրվել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ: Վերջին տարիներին տեղեկություն ստանալու հարցումներին օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ տրամադրվող պատասխանների քանակը կրճատվել է, սակայն շարունակում է մնալ տեղեկատվության ազատության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը:
Այսպես, givmeinfo.am կայքում տեղադրված հարցումների եւ դրանց պատասխանների վիճակագրության համաձայն՝ 2019 թվականից մինչ օրս ընկած ժամանակահատվածում տեղեկություն տնօրինողներից ստացված լիարժեք պատասխանների հաշվարկով տեղեկություն ստանալու հարցումների 10%-ին պատասխան տրամադրվել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, իսկ որեւէ պատասխան (ներառյալ՝ մերժում) ստացած հարցումների 13.5%-ին տրամադրված պատասխանն է եղել օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ»,-հիմնավորելով հանրագրում բարձրաձայնվածը՝ արձանագրել էր ԻԱ կազմակերպությունը:
Մեկ այլ «դրվագով» կազմակերպությունը փաստել էր հետեւյալը. Givmeinfo.am կայքում տեղադրված հարցումների եւ դրանց պատասխանների վիճակագրության համաձայն՝ 2019 թվականից մինչ օրս ընկած ժամանակահատվածում տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 18%-ի դեպքում տեղեկություն տնօրինողները օրենքի խախտմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն տրամադրում իրենցից պահանձված տեղեկությունները. «Նշված ժամանակահատվածում հարցումների 3%-ն առհասարակ որեւէ պատասխան չեն ստացել («լուռ մերժումներ»), 9%-ի պատասխանները թերի են եղել, այսինքն՝ հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3%-ի դեպքում ստացվել է անհիմն մերժում, այսինքն տեղեկությունը չի տրամադրվել, մերժվել է, սակայն օրենքի խախտմամբ՝ առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի, եւ եւս 3%-ի դեպքում ստացվել է անհիմն պատասխան, երբ ակնկալվող տեղեկության տրամադրումը թեեւ ձեւական իմաստով չի մերժվել, սակայն միեւնույն է՝ պահանջված տեղեկությունը չի տրամադրվել կրկին օրենքի խախտմամբ՝ խուսափողական, ընդհանուր ձեւակերպումներով, պահանջված տեղեկությունների հետ կապ չունեցող բովանդակությամբ կամ ոչ վերաբերելի հղումներով, կամ օրենքով չնախատեսված այլ հիմնավորմամբ պատասխան գրություններով»:
Հանրագրում մի այսպիսի խորագիր կա. «Ակնկալվող արդյունքը»: Ինչ է ակնկալում կազմակերպությունը. «Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու իրավախախտման հանրային վտանգավորությանը (տեղեկությունը չտրամադրելու արդյունքում հանրային շահին կամ անհատին հասցվող հնարավոր վնասին) համադրելի տուգանքներ, ինչն իր հերթին կանխարգելիչ նշանակություն կունենա՝ ստիպելով տեղեկություն տնօրինողներին ձեռնպահ մնալ օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելուց, այդ թվում՝ ստացված հարցումներն անտեսելուց, թերի կամ անհիմն պատասխաններ տրամադրելուց կամ տեղեկության տրամադրումն անհիմն մերժելուց»:
Բացի այդ, եթե նախագիծն արդարադատության նախարարության կողմից ընդունվի, ակնկալվում է, որ պատասխանատվություն կսահմանվի տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրամադրելու՝ օրենքով նախատեսված ժամկետները խախտելու համար, ինչը մի կողմից տեղեկություն ստանալու հարցմամբ տեղեկություն փնտրողին հնարավորություն կտա տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում պատշաճ իրականացնել իր այդ իրավունքի պաշտպանությունը, մյուս կողմից՝ կանխարգելիչ նշանակություն կունենա՝ ստիպելով տեղեկություն տնօրինողներին պատշաճ պահպանել տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետները: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Աղբյուրը՝ «Առավոտ» առցանց պարբերական
Հեղինակ՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ