2003 թվականի նոյեմբերի 15-ին ուժի մտավ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը։ 15 հոդվածից բաղկացած օրենքն անփոփոխ է արդեն 16 տարի։ Օրենքի շնորհիվ՝ լրատվամիջոցները, լրագրողներն ու քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց հարցումներն ուղարկել պետական մարմիններին ու ստանալ իրենց հուզող տեղեկատվությունը։ Նախորդ տարի գործարկվեց նաև e-request միասնական հարթակը, որի միջոցով հնարավոր է հարցումն էլեկտրոնային տարբերակով ուղարկել։
Իսկ ի՞նչ բարդություններ են ի հայտ գալիս «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը կիրառելիս։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ սա այն եզակի օրենքներից է, որի դեպքում շուտափույթ բարեփոխումների կարիք կա։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ու Արդարադատության նախարարությունն այդ բարեփոխումներին հասնելու նպատակով նախագիծ են մշակել։ «Նպատակը մեկն է․ հարցման վավերապայմաններից հանել կոնկրետ երկուսը։ Մեկը վերաբերում է քաղաքացիության պահանջին, երբ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ներկայացնել նաև իր քաղաքացիությունը։ Առաջարկում ենք նաև հանել ստորագրության պահանջը, որովհետև դա որևէ խնդիր չի լուծում։ Հարցմամբ դիմողները դիմում են բաց, հանրային տվյալներ ստանալու պահանջով։ Այդ տվյալները, այսպես թե այնպես, կարող էին հայտնվել տվյալ կառույցի պաշտոնական էջում։ Այսինքն՝ դրանք բաց տեղեկություններ են և որևէ վտանգ, որևէ գաղտնիք պարունակող տվյալ չկա դրանցում։ Հետևաբար, պետք է տրամադրվեն յուրաքանչյուր անձի, ով դրանով հետաքրքրված է»,- նշեց Շուշան Դոյդոյանը։
Հարցում ուղարկելիս ստորագրության ու քաղաքացիության վավերապայմանները, Շուշան Դոյդոյանի կարծիքով, միայն արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Ըստ նրա՝ պետական մարմինը անձի ստորագրությունը ստուգելու որևէ մեխանիզմ չունի, հետևաբար՝ այդ ստորագրությունը պահանջելը, հատկապես՝ էլեկտրոնային հարցումների դեպքում, ավելորդ ռեսուրսների վատնում է։
Շուշան Դոյդոյանը համոզված է․ պրակտիկան օրենքից առաջ է, և այժմ խնդիր է օրենքը համապատասխանեցնել արդեն եղած փորձին։ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետանի կարծիքով էլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը հարմարեցված չէ հարցումների էլեկտրոնային տարբերակներին։
«Դիմումների և բողոքների դեպքում ստորագրություն, իհարկե, պարտադիր է, որովհետև անձնական տվյալ է մշակվում, իսկ հարցումների ժամանակ, քանի որ ունենք տեղեկատվության ազատության պահանջ, որն այսօր իմպերատիվ պահանջ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, էլետրոնային ստորագրությունները, կարծես, լրացուցիչ խոչընդոտ են ստեղծում այն քաղաքացիների համար, որոնք չունեն այդ էլեկտրոնային ստորագրությունը, լրացուցիչ ֆինանսական բեռ են։ Ուստի՝ այս առումով օրենսդրությունը վերանայման կարիք ունի»,- նշեց արդարադատության փոխնախարարը։
Հարցում ուղարկելիս, վերոնշյալ խնդիրներից բացի, ևս մեկը կա․ պետական մարմինները տեղեկատվություն տրամադրելու համար հաճախ ավելի երկար ժամանակ են պահանջում, քան իրականում հարկավոր է։ Հարյուրավոր հարցումների վիճակագրությունը ցույց է տվել, որ հարցում ուղարկողների միայն 53%-ն է ժամանակին պատասխան ստանում։
Շուշան Դոյդոյանը նշում է, որ նախարարություններից մեկին դիմելիս մշտապես նման խնդրի են բախվել և որոշել են ստուգել՝ արդյոք հարցման պատասխանն ուշացնում են՝ անկախ դրա բովանդակույթունից։ «Մենք խորամանկություն արեցինք և այսպիսի հարցով դիմեցինք․ «Ո՞վ է եղել Ձեր կառույցի ղեկավարը, նախարարը 2012 թվականին»․ մի հարց, որին անմիջապես պետք է պատասխանել։ Դրա համար 5, էլ չեմ ասում՝ 30 օր մտածելու անհրաժեշտություն չկա։ Ցավոք, կրկին, հինգ օր անց, ստացանք ծանուցումը, որը փարատեց մեր կասկածները, որ այո՛, մենք գործ ունենք անբարեխիղճ վարքագծի հետ»,- ընդգծեց Շուշան Դոյդոյանը։
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նույնպես կողմ է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում բարեփոխումներ կատարելուն։ Ավելին՝ կարծում է, որ քաղաքացիության, էլեկտրոնային ստորագրության ու հարցման ժամկետներից բացի, հավելյալ փոփոխություններ էլ են պետք։ «Եթե հարցերի ավելի լայն շրջանակ ընդգրկվեր, կարծում եմ` ավելի ճիշտ կլիներ, որովհետև, մեծ հաշվով, օրենքը, որն ընդունվել է 16 տարի առաջ, բնականաբար, կետեր ունի, որոնք արդեն հնացել են։ Բացի այդ, տեխնոլոգիաներն են զարգացել, հասարակություն-կառավարություն հարաբերություններն են զարգացել և այդ ամենին օրենքը պետք է արձագանքի։ Կարծում եմ՝ սա կարող է լինել առաջին քայլը՝ նոր փոփոխություններ մտցնելու և օրենքն արդիականացնելու համար»,- ասաց Աշոտ Մելիքյանը։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» և Արդարադատության նախարարության համատեղ մշակած օրենսդրական փոփոխության նախագիծը դեռ քննարկման փուլում է։ Հաջորդ քայլն այն e-draft.am-ում հրապարակելն ու ավելի լայն քննարկման դնելն է։ Պետական մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների կարծիքներն ու դիտարկումները լսելուց հետո միայն, աշնանը նախագիծը Կառավարություն կներկայացվի։
Աղբյուրը՝ factor.am առցանց պարբերական։
Միայն տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=a_Nd5jLPdJg։