Հրապարակումներ

Հրապարակումներ

Մասնագետները հետադիմական են որակում կառավարության նախաձեռնությունը.(Տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մասնագետները հետադիմական են որակում կառավարության նախաձեռնությունը.(Տեսանյութ)

Մեդիափորձագետները անընդունելի են համարում ‹‹ԶԼՄ-ների մասին›› օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունները՝ թե բովանդակային եւ թե ձեւի առումով։

Ինչպես հայտնի է՝ օրերս կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության e-draft կայքում տեղադրել է մի օրինագիծ՝ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով նախատեսում են ԶԼՄ-ների հաշվառում իրականացնել՝ պետռեգիստրի տվյալներից օգտվելը թույլատրելու համար, ինչի մասին մասնագիտական հանրույթը նախապես տեղյակ չի եղել։

«Աններելի է առանց ԶԼՄ-ների, քաղհասարակության ներգրավման ոլորտի խնդիրները՝ մեծ կամ փոքր փորձ անել լուծել։ Սա շատ զգայուն խնդիր է եւ ցանկացած սխալ քայլ հարվածելու է հենց կառավարության հեղինակությանը։ Կառավարության լավ ռեֆորմները ստվերի տակ են մնալու նման մեկ երկու հետադիմական,անընդունելի նախագծերի պատճառով։ Սա պարզապես խորհուրդ է կառավարությանը»,- ասաց Շ.Դոյդոյանը։

Դառնալով բուն նախագծին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը կարծիք հայտնեց, որ տվյալ օրենքի նախագիծը ավելի է խորացնելու ‹‹Տեղեկատվության ազատության մասին››, Սահմանադրության և Պետական ռեգիստրի մասին օրենքներում առկա հակասությունները:

««Տեղեկատվության ազատության մասին›› օրենքն ասում է, որ մինչև 10 էջ տեղեկատվությունը դիմողին պետք է տրամադրվի անվճար, 11-րդ էջից սկսած պետք է պահանջվի գումար: Այս պարագայում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պետռեգիստրում առկա հանրային բաց տեղեկատվությունը վաճառվում է ՀՀ քաղաքացիներին և այլոց: Հիմա Արդարադատության նախարարությունը փոխանակ ներդաշնակեցնելու օրենսդրությունը, փոխանակ այս երկու իրավական ակտերի միջև առկա ակնհայտ հակասությունը վերացնելու ավելի է խորացնում խնդիրը՝ մեդիաներին տալիս է արտոնություն»,- ասաց Շ.Դոյդոյանը։

Նա ընդգծեց, որ և Սահմանադրությունը, և՛ «‹Տեղեկատվության ազատության մասին›› օրենքը որևէ արտոնություն հասարակության որևէ խմբի համար տեղեկատվություն ստանալու գործընթացում չեն նախատեսում: «Տեղեկատվություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրինն է և ընդհանրապես պետռեգիստրում առկա հանրային տեղեկատվությունը չպետք է վաճառվի հանրությանը: Այդ տեղեկատվության տերը մենք ենք»,- ասաց ԻԱԿ նախագահը։

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ օրենքն ունի լավ ու վատ կողմեր: «Լավ կողմերից մեկն այն է, որ իրավաբանական անձանց մասին տեղեկություններն ուզում են բացել ԶԼՄ-ների համար, իսկ վատն այն է, որ այն ուղեկցվում է ԶԼՄ-ներին հաշվառման ընթացակարգ մտցնելով, որի իմաստն ու նպատակահարմարությունը լուրջ կասկածներ են առաջացնում։ ‹‹Իմ կարծիքով այսօր այդ հաշվառումն իր իմաստը կորցրել է: Այնպես չէ, որ հաշվառում չկար, ուղղակի հաշվառումը պասիվ եղանակով էր լինում: ԱՆ աշխատակիցները, երբ տեսնում էին, որ նոր լրատվամիջոց է ի հայտ գալիս, գրանցում էին, որ այն կա››,-ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավարն ընդգծելով. «եթե բացում են այդ տեղեկատվությունը, ապա պետք չէ դա կապել հաշվառման հետ»։  Առավել եւս երբ այդ հաշվառման իմաստն ու նպատակահարմարությունը չկա։

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը խոսելով Արդարադատության նախարարության հայտարարության մասին, որ հաշվառումը պարտադիր բնույթ չի կրելու, նշում է, որ այս կերպ պառակտում է մտցվում լրատվականների միջև: ‹‹Լրատվամիջոցները երկու բանակի են բաժանվելու՝ հաշվառված և չհաշվառված: Սա իր հետ բացասկան հետևանքների կբերի: Հետագայում կարող են ասեն դու հաշվառված ես՝ կհավատարմագրենք, դու ոչ: Այսինքն ուղղակիորեն կիսում են և ամբողջ դաշտում առաջացնում առճակատումներ››,-ասաց Դոյդոյանը:

ԻԱԿ նախագահը շեշտեց՝ պատահական չէ, որ և՛ ՄԱԿ-ը, և՛ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության գործերով հատուկ հանձնակատարը նշել են, որ հաշվառման գաղափարը բոլոր հնարավոր դեպքերում պետք է անտեսվի, որովհետև դա միշտ կառավարություններին հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ, անհարկի միջամտություն գործել մամուլի ազատության ոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուրը՝ Pastinfo.am

Skip to content