Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

110. ՏՎԽ կարծիք. Հայաստանում «Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP)» դատական գործընթացների մասին

Փաստերը

Տեղեկատվական վեճերի խորհուրդն իր նախկին փորձագիտական կարծիքներում բազմիցս անդրադարձել է իրավապաշտպաններին ու լրագրողներին լռեցնելու նպատակով հարուցված դատական գործերին` դրանք համարելով ժողովրդավարությունը վտանգող նախաձեռնություններ։ Օրինակ, թիվ 80, 87 և 107 կարծիքներում Խորհուրդը եզրահանգել է, որ հանքարդյունահանման ձեռնարկության կողմից բնապահպանի դեմ դատական հայցերի իրական նպատակը ոչ թե կազմակերպության գործարար համբավի պաշտպանությունն էր, այլ քննադատողին լռեցնելը, քաղաքացիական ակտիվիստի հանրային ու հրապարակային գործունեությունը ճնշելը։ Թիվ 79, 83, 96, 109 ու այլ փորձագիտական կարծիքներում Խորհուրդն անընդունելի է համարել քաղաքական կուսակցությունների, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների կողմից լրագրողների ու իրավապաշտպանների դեմ զրպարտության հիմքով դատական գործեր հարուցելը՝ նշելով, որ այդպիսի լրջորեն վնասում են կառավարման հանրային իրավունքը։ Խորհուրդը նաև հորդորել է նման դեպքերում հետ վերցնել դատական հայցերը և խնդիրները լուծել արդադատական կարգով՝ համարելով, որ դատական գործընթացները վնաս են հասցնում լրագրողների ու իրավապաշտպանների առաքելությանը՝ հանրային շահի պաշտպանությանն ուղղված նրանց գործունեությանը։

Դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Հայաստանում շեշտակի աճել է խոշոր մասնավոր ընկերությունների, ձեռնարկությունների, պետական մարմինների, քաղաքական գործիչների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ընդդեմ լրագրողների ու ԶԼՄ-ների ներկայացված դատական հայցերի քանակը։ Որպես կանոն` դրանք վիրավորանքի ու զրպարտության հիմքով են։ Մինչդեռ այդպիսի վեճերը օրենսդրությամբ դիտարկվում են քաղաքացիաիրավական բնույթի մասնավոր հարաբերությունների տիրույթում, և այս առումով անընդունելի է նման հայցերի առատությունը՝ պետական, քաղաքական և տնտեսական շրջանակներից։

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մշտադիտարկման արդյունքների՝ 2024թ․ ընթացքում ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվել է 41 դատական հայց, որոնցից 16-ը՝ պաշտոնատար անձանց, պետական մարմինների ու քաղաքական կուսակցության կողմից, 7-ը՝ գործարարների, 6-ը՝ գերիշխող դիրք զբաղեցնող հանքարդյունահանման ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից։ Այսինքն, դատական հայցերի 70 տոկոսը ներկայացվել է խոշոր քաղաքական և տնտեսական ռեսուրսների տիրապետող կազմակերպությունների և անձանց կողմից՝ ընդդեմ ԶԼՄ-ների, անհատ լրագրողների և իրավապաշտպանների։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեզանում ձևավորվում է «Ռազմավարական հայցեր՝ ընդդեմ հանրային մասնակցության» (անգլ.՝ Strategic Lawsuits Against Public Participation կամ համառոտ՝ SLAPP) պրակտիկա, որի մասին վերջին տարիներին ահազանգում են տարբերում երկրներում, և որի մասին Հայաստանում նույնպես առկա են մտահոգություններ։ Հաշվի առնելով դա՝ Խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է ներկայացնել կարծիք ժողովրդավարությունը վտանգող այս երևույթի վերաբերյալ։

 

Եզրահանգում

«Ռազմավարական հայցերն ընդդեմ հանրային մասնակցության» (այսուհետ նաև համառոտ՝ SLAPP-ներ), որպես կանոն, ուղղված են  իրավապաշտպանների, ազդարարների, լրագրողների, բնապահպանների, հանրային գործունեություն ծավալող այլ անձանց դեմ։ Այդպիսի հայցերը հաճախ ներկայացվում են պետական մարմինների, քաղաքական գործիչների, խոշոր մասնավոր ձեռնարկությունների կողմից։[1] Նման դատավարությունների ռազմավարական նպատակը, որը հաճախ քողարկվում է հայցի ձևական իրավական բովանդակությամբ, իրականում պատասխանողների նկատմամբ ճնշում գործադրելն է, նրանց հանրային գործունեությանը հակազդելն ու ակտիվությունը զսպելն է։ Դա դրսևորվում է նրանում, օրինակ, որ հայցվորները նախաձեռնում են անհարկի ու երկարատև դատական գործեր, որպեսզի պատասխանողները կրեն ֆինանսական ծախսեր, ներկայացնում են վնասի հատուցման հսկայական պահանջներ կամ դատական տարբեր արգելանքների մասին միջնորդություններ, որոնց բավարարման դեպքում պատասխանողները հաճախ հայտվում են ծանր վիճակում, իսկ որոշ դեպքերում ստիպված են լինում դադարեցնել իրենց գործունեությունը կամ էապես նվազեցնել քննադատության ծավալն ու սրությունը։ SLAPP դատական գործընթացները մեծամասամբ հարուցվում են զրպարտության, գործարար համբավն արատավորելու, հեղինակային իրավունքի խախտման, մասնավոր կյանքին միջամտության իրավական հիմքերով։

Անկասկած, այս ամենը մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանն ու մարդու հիմնարար ազատություններին։ Միջազգային իրավունքում աստիճանաբար ձևավորվում է կոնսենսուս, որ անհրաժեշտ է ստեղծել այդ երևույթին հակազդելու իրավական կառուցակարգեր պետությունների ներսում և միջազգային հարաբերություններում, քանի որ SLAPP դատական գործընթացները նաև անդրազգային մասշտաբներ ունեն: Որոշ երկրներում արդեն իսկ ընդունվել են օրենքներ այդ դատավարությունների կանխարգելման և դրանց թիրախների պաշտպանության նպատակով։ Այդպիսի օրենքներ կան Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ 33 նահանգներում, Բելգիայում։ Սակայն պետությունների մեծ մասում նման օրենքների ընդունմանը լրջորեն հակազդում են տարբեր շահագրգիռ շրջանակներ։ Այդուհանդերձ, Խորհուրդը գտնում է, որ Հայաստանում նույնպես անհրաժեշտ է հատուկ իրավական ակտերով հակազդել SLAPP գործընթացներին, հաշվի առնելով այդ երևույթի տարածումը և տվյալ ուղղությամբ մեծ ֆինանսական ու վարչական ռեսուրսների օգտագործումը։

SLAPP-երի դեմ պայքարելու նպատակով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2024 թվականի ապրիլի 5-ին ընդունեց ԵԽ անդամ պետություններին հասցեագրված «Հանրային մասնակցության դեմ ուղղված ստրատեգիական դատական հայցերին (SLAPPs) հակազդելու CM/Rec(2024)2 հանձնարարականը», որում նման դատավարությունները բնութագրվում են որպես «իրավական գործողություններ, որոնք սպառնում են, նախաձեռնվում կամ իրականացվում են որպես թիրախին հետապնդելու կամ վախեցնելու միջոց, և որոնք նպատակ են հետապնդում կանխել, արգելակել, սահմանափակել կամ պատժել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերում ազատ արտահայտվելու և հանրային մասնակցության հետ կապված իրավունքների իրացումը»: Հանձնարարականով ԵԽ անդամ պետություններին առաջարկվում է իրենց օրենսդրություններում նախատեսել SLAPP-երի կանխարգելման իրավական մեխանիզմներ։ Օրինակ՝ դատավորների համար սահմանել այդպիսի դատավարությունները հենց սկզբնական փուլում արագորեն կարճելու լիազորություններ, ինչպես նաև նախատեսել հայցի առարկան փոփոխելու արգելքներ, որպեսզի իրավունքի չարաշահման պահանջ ներկայացնող կողմը խուսանավելու հնարավորություն չունենա։ Հանձնարարականով նաև առաջարկվում է սահմանել պատասխանողների դատական ծախսերը հատուցելու, ապացուցման բեռը բացառապես հայցվորների վրա դնելու և այլ երաշխիքներ, որոնք կբարձրացնեն SLAPP հայցեր ներկայացնելու ռիսկերը և, հետևաբար, կնվազեցնեն նման դատական գործեր հարուցելու հնարավորությունները։ Նույնիսկ առաջարկվում է օրենքով սահմանել «SLAPP-ի զոհ»-ի հատուկ կարգավիճակ կոնկրետ անձանց համար՝ դրանից բխող իրավական բարենպաստ հետևանքներով։[2]

2024 թվականի ապրիլի 11-ին Եվրախորհրդարանը ընդունեց «Հանրային մասնակցության մեջ ներգրավված անձանց ակնհայտ անհիմն հայցերից կամ չարաշահվող դատական ​​գործընթացներից պաշտպանելու մասին» («Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության») (EU) 2024/1069 Հրահանգը, որով ԵՄ անդամ պետություններին առաջարկվեց ընդունել ներպետական օրենք կամ իրավական դրույթներ՝ ի պաշտպանություն այն անձանց, ում դեմ հարուցվում են քաղաքացիական հայցեր՝ նրանց ակտիվ հանրային գործունեության համար։ Այդ փաստաթղթում «հանրային մասնակցություն» հասկացությունը սահմանվել է լայնորեն՝ ներառելով ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ցանկացած հայտարարություն անելը կամ որևէ գործունեություն իրականացնելը՝ արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքների և միավորումների ազատության իրավունքների շրջանակներում, ինչպես նաև այդ իրավունքների իրացման հետ ուղղակիորեն կապված և հանրային շահին առնչվող ցանկացած նախապատրաստական, աջակցող կամ օժանդակ գործողություններ կատարելը։ Հրահանգում առաջարկվում է սահմանել բազմաթիվ դատավարական երաշխիքներ պատասխանողների համար, օրինակ՝ կարգավորումներ, համաձայն որոնց դատարանները իրավունք ունենան դատաքննության հենց սկզբում մերժել հանրային գործունեությամբ զբաղվող անձանց դեմ բերված հայցերը, եթե դատավորը գտնում է, որ հայցի իրական նպատակն այդպիսի անձանց լռեցնելն է ու նրանց գործունեությունը խաթարելը։ Այդպիսի երաշխիքներից է նաև նման դեպքերում հայցվոր անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ հօգուտ պատասխանողի փոխհատուցման պահանջներ սահմանելը։ Ավելին՝ Հրահանգով առաջարկվում է տուգանքներ նախատեսել անձանց կամ կազմակերպությունների դեմ՝ այսպես կոչված «չարաշահող»[3] հայցեր ներկայացնելու համար։ Կարելի է փաստել, որ այս Հրահանգով Եվրոպական միությունում սկսվել է SLAPP դատավարությունների կանխարգելման ընդհանուր իրավական գործընթաց, որը, սակայն, կարող է տևել տարիներ, քանի որ նկատելի է լուրջ դիմադրություն ազգային խորհրդարաններում նման օրենքների ընդունման հարցում։ Նույնիսկ բուն Հրահանգի ընդունումը Եվրախորհրդարանում հարթ չի ընթացել և պահանջել է փոխադարձ զիջումներ:

Հաշվի առնելով վերը նշված զարգացումները միջազգային իրավունքում, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամ է, այլև ստորագրել է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, մեր պետությունը նույնպես պարտավորություն ունի ապահովելու SLAPP դատավարությունների կանխարգելման իրավական հիմքեր։ Ներկայումս ՀՀ դատավարական օրենսդրությունը այդպիսի հնարավորություններ չի տալիս, ու դա է պատճառներից մեկը, որ SLAPP դատավարությունների թիվը Հայաստանում աճում է։

Տեղեկատվական վեճերի խորհրդի կողմից մատնանշված բոլոր գործերով դատարանները հայցերը քննել են ընդհանուր կարգով՝ առանց խորամուխ լինելու այն դեպքերի մեջ, երբ պատասխանողները պնդել են, որ ներկայացված պահանջերի իրական նպատակը ոչ թե իրավական պաշտպանություն հայցելն է, այլ իրենց հանրային գործունեությունը ճնշելը։ Այդ պնդումները, որպես կանոն, դատարանները համարել են հիմնազուրկ՝ մատնանշելով այդպիսի ճնշման ուղղակի փաստերի կամ ապացույցների բացակայությունը։ Փաստորեն, չունենալով այս խնդրի վերաբերյալ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներ՝ դատավորները ստիպված են լինում տուրք տալ դատավարական ձևականություններին։ Մինչդեռ, ըստ միջազգային կառույցների հանձնարարականների, ինչպես նշվեց, նրանք պետք է կարողանան բացահայտել դատավարությունների իրական նպատակը ու ի սկզբանե մերժել SLAPP-երը՝ թույլ չտալով, որ հայցվորը դատական մեխանիզմների միջոցով կաշկանդի պատասխանող լրատվամիջոցի, լրագրողի կամ իրավապաշտպանի հանրային նշանակության գործունեությունը, քանի որ շարունակվող դատաքննությունը, անկախ արդյունքից, արդեն իսկ բացասաբար է անդրադառնում հանրային խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորության վրա։ Իրականում, նույնիսկ, եթե դատավորը համոզված է, որ հայցն անհիմն է, օրենքի ուժով նա պարտադրված է ամբողջ ծավալով քննել գործը, և դա կարող է տևել մի քանի տարի, ինչին էլ հենց ձգտում են SLAPP-եր հարուցող անձինք կամ կազմակերպությունները։ Ավելին՝ ՀՀ օրենսդրությունում բացակայում են ակնհայտորեն անհիմն, իրավունքի չարաշահումով ու վնասելու մղումով շինծու դատական հայցեր ներկայացնելու համար հայցվորներին պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքեր։ Դրա արդյունքում ցանկացած դեպքում դատական հայցի միջոցով հնարավոր է տարիներ շարունակ լրագրողներին կամ իրավապաշտպաններին պահել ճնշման տակ, շեղել նրանց ուշադրությունը հանրային նշանակության խնդիրներ բարձրաձայնելուց, ստիպել դատական վարույթի վրա մտավոր, ֆինանսական ու աշխատանքային ռեսուրսներ վատնել, և հենց դա է SLAPP դատավարությունների հիմնական նպատակը։

Խորհուրդը շարունակելու է հետևել նմանատիպ իրավական զարգացումներին և հանրությանը ներկայացնել համապատասխան մասնագիտական կարծիքներ։ Մենք նաև հորդորում ենք ՀՀ իշխանություններին ձեռնամուխ լինել կատարելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2024 թվականի ապրիլի 5-ի «Հանրային մասնակցության դեմ ուղղված ստրատեգիական դատական հայցերին հակազդելու (SLAPPs)  CM/Rec(2024)2 հանձնարարականի» պահանջները։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան – Փաստաբան

[1] Տարածված օրինակ է Greenpiece միջազգային կազմակերպության դեմ ներկայացված բազմաթիվ հայցերը խոշոր մասնավոր ընկերությունների կողմից։

[2] Տե՛ս հանձնարարականի 41-րդ կետում։

[3] «Չարաշահող» (abusive) եզրը պետք է հասկանալ և՛ բառի ուղիղ իմաստով, և անուղղակիորեն՝ առ այն, որ հայցվորը չարաշահում է դատական հայց ներկայացնելու իր իրավունքը, քանի որ հայցի իրական նպատակը քողարկված է հայցի ձևական բովանդակության ներքո։

Skip to content