Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ ապրիլի 30, 2021թ.
Գործի հանգամանքները
Պաշտոնական e-draft.am հարթակում քննարկման է դրվել ՀՀ Գլխավոր դատախազության մշակած «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել հասարակական վայրերում, ԶԼՄ-ներում և առցանց տիրույթում (այդ թվում՝ սոցիալական ցանցերում) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքի կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքի համար։ Վարչական պատասխանատվության չափը սահմանված է 100,000-150,000 դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 150,000-300,000 դրամ։
Հեղինակները նախագծի նպատակը հիմնավորել են նրանով, որ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածվում է հայհոյանք, որն իր բնույթով հրապարակային է, և դրանով խաթարվում է սոցիալական բնական հարաբերությունը, հասարակական համերաշխությունն ու կարգը, ուստի առաջանում է պետության կողմից կարգավորելու խնդիր։
Այսպիսով, նախագծի հեղինակների կարծիքով, հրապարակային արտահայտության զուտ հայհոյանք, անպարկեշտ բնույթի լինելու հանգամանքը ինքնին բավարար է տվյալ խոսքն արգելելու համար։ Մինչդեռ, արտահայտվելու ազատությանը վերաբերող ժամանակակից սկզբունքների համաձայն՝ խոսքի վուլգար բնույթը բավարար չէ այն անօրինական համարելու համար, քանի որ «ոճը հաղորդակցման՝ որպես արտահայտության ձևի բաղկացուցիչ մաս է, և որպես այդպիսին պաշտպանված է արտահայտության բովանդակության հետ միասին»(MAGYAR TARTALOMSZOLGÁLTATÓK EGYESÜLETE AND INDEX.HU ZRT-ն ընդդեմ Հունգարիայի, 22947/13, 02/02/2016, կետ 76: Տե՛ս նաև ՏՎԽ-ի թիվ 50 որոշումը, որում անդրադարձ կա սույն որոշմանը)։ Դա նշանակում է, որ որոշ դեպքերում կարևոր տեղեկությունը, հանրային նշանակության բովանդակությունը կարող է զուգորդվել հայհոյանքով կամ վուլգար խոսքով, ուստի այդ նպատակով հարկ է, որ նման խոսքը կարողանա գոյություն ունենալ։ Վիրավորանքը միայն այն դեպքում կարող է դուրս մնալ ազատ խոսքի պաշտպանությունից, երբ «վիրավորական արտահայտության միակ նպատակը վիրավորելն է» (Նույն տեղում)։
Մինչդեռ, միշտ չէ, որ վուլգար խոսքը, հայհոյանքը կատարվում է չարամիտ դիտավորությամբ, և որքան էլ որ դրանք իրենց բովանդակությամբ տհաճ են, լինում են դեպքեր, երբ դրանց հրապարակային տարածմամբ «խաթարվում են սոցիալական բնական հարաբերությունը, հասարակական համերաշխությունը»՝ ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Խնդիրը իրավամբ կարիք ունի օրենսդրական կարգավորման, քանի որ դրա համար առկա է հասարակական անհրաժեշտություն։ Այդուհանդերձ, Խորհուրդը վիճահարույց է համարում այն, որ օրինագծում փորձ է արվում որպես զանցանքի օբյեկտիվ հատկանիշ սահմանել ոչ թե զանցառուի չարամիտ դիտավորությունը, այլ հրապարակային արտահայտության «հայհոյանք» կամ «անպարկեշտ» բնույթի լինելը։ Սա, ըստ Խորհրդի, խոսքի ազատության սահմանափակման ոչ թե բովանդակային, այլ մեխանիկական մոտեցում է (Տե՛ս, այս իմաստով Սահմանադրական դատարանի դիրքորոշումը ՍԴՈ-997 որոշման մեջ, ըստ որի՝ և՛ վիրավորանքի, և՛ զրպարտության համար միջազգային իրավական պրակտիկայում որպես հիմնական հատկանիշ է դիտարկվում արարքի դիտավորությունը)։ Նույնիսկ հրապարակային վուլգար արտահայտությունը, որը չունի վնասելու չարամիտ դիտավորություն, կարող է պարունակել հասարակական նշանակության խոսք, և պետք է թույլ տալ, որ այն գոյություն ունենա՝ հանրային շահի գերակայության լույսի ներքո։ Մինչդեռ, առաջարկվող օրենսդրական արգելքները հնարավորություն չեն տալիս դա անել։ Հետևաբար, նպատակահարմար է, որ օրինագծի հեղինակները զանցավոր արարքի հիմքում տեսնեն ոչ թե խոսքի անպարկեշտ բնույթը, այլ վիրավորելու, արատավորելու, հասարակական կարգը խախտելու չարամիտ դիտավորությունը։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան