Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 21.04.2009 թ․-ին Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանին տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
- Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական Կուսակցության 2008 թ. ֆինանսական հաշվետվության պատճենը:
- Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական Կուսակցության ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկատվություն:
Հարցումը, սակայն, մնացել էր անպատասխան: Ուստի, 09.07.2009 թ.-ին ԻԱԿ-ը ՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի մասին հայց էր ներկայացրել: Մի քանի ամիս շարունակ դատական նիստի օրը չէր նշանակվում, քանի որ դատարանը չէր կարողանում ճշտել ՀԱՍԿ-ի հասցեն և պատշաճ կերպով ծանուցել /ծանուցագիր ուղարկել/ դատական նիստի օրվա մասին:
2010 թ.-ի հունվարի 19-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության դատական գործով հերթական դատական նիստը:
Դատարանին ի վերջո հաջողվել էր պարզել պատասխանողի հասցեն ևպատշաճ կերպով ծանուցել դատական նիստի մասին: Սակայն Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը չէր ներկայացել դատարան: Ուստի, դատարանը որոշեց նիստն անցկացնել պատասխանող կողմի բացակայությամբ: ԻԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց հայցը: Առարկություններ, բնականաբար, չեղան:
ԻԱԿ-ն ընդդեմ ՀԱՍԿ-ի դատական հաջորդ նիստերը տեղի չէին ունենում, քանի որ ՀԱՍԿ-ն այդպես էլ դատարան չէր ներկայանում, և դատարանը ստիպված էր լինում դատական նիստը հետաձգել:
2010 թ. մարտի 18-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության:
Դատարանը ՀԱՍԿ-ին պարտավորեցրեց փոխհատուցել ԻԱԿ-ի վճարած պետական տուրքը և 5-օրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի պահանջած ողջ տեղեկատվությունը, այն է` ՀԱՍԿ-ի 2008 թ. ֆինանսական հաշվետվության պատճենը և ՀԱՍԿ-ի ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկատվություն:
Նշենք, որ ՀԱՍԿ-ը դատարանի վճիռը կատարել է միայն ՀՀ ԱԴ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջամտությամբ: