Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 11.02.2009 թ.-ին դիմել էր Կոտայքի մարզի Բջնի համայնքի ղեկավարին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Բջնի համայնքի 2008 թ. բյուջեի պատճենը:
2. Բջնի համայնքի 2008 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը:
Սակայն ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան:
Արդյունքում, 2009 թ.-ի մարտի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն տրամադրել պարտադրելու եւ վարչական տույժի ենթարկելու պահանջների մասին հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով.
- Ոչ իրավաչափ ճանաչել Բջնիի գյուղապետարանի այն գործողությունները կամ անգործությունը, որով օրենքով սահմանված առավելագույն ժամկետում սպառիչ եւ լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ եւ պարտավորեցնել Բջնիի գյուղապետարանին հնգօրյա ժամկետում տրամադրել Բջնի համայնքի 2008 թ. բյուջեի եւ Բջնի համայնքի 2008 թ. բյուջեի կատարման հաշվետվության պատճենները:
- Բջնիի գյուղապետ Արմեն Մաթեւոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով:
2009 թ.-ի հունիսի 11-ին նախնական դատական նիստի ժամանակ ԻԱԿ-ը հրաժարվեց իր հայցապահանջից, քանի որ մինչ դատական նիստի օրը Բջնիի գյուղապետն ԻԱԿ-ին էր տրամադրել պահանջվող ամբողջ տեղեկությունները: Դատարանն էլ, հաշվի առնելով այս հանգամանքը, գործը կարճեց: