«Իրական շահառուների տվյալների ստանդարտի կիրառումը Հայաստանում» խորագրով առցանց աշխատաժողովը տեղի ունեցավ 2021 թվականի դեկտեմբերի 7,8,9-ին։ Միջոցառումը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Open Ownership-ի և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գործընկերությամբ: Եռօրյա կրթական նախաձեռնությանը միացել են շուրջ երեք տասնյակ ՔՀԿ ներկայացուցիչներ։
Նշենք, որ մասնակցության շնորհիվ մասնակիցները հմտացան Հայաստանի իրական շահառուների հայտարարագրերի ուսումնասիրման հարցում և սովորեցին տեսնել ժամանակի ընթացքում ընկերության հայտարարագրի փոփոխությունները, կարողացան գտնել իրական շահառուների հայտարարագրերը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հասկանալ, ներբեռնել, հավաքել և դիտել հայտարարագրերի տարբերակները json ձևաչափով, օգտագործել առկա տվյալները հետազոտության, վերլուծության և շահերի պաշտպանության նպատակով:
Աշխատաժողովի մեկնարկին Open Ownership-ի ներկայացուցիչ Ագուստինա դե Լուկան նշել է. «Կարևորում ենք այս հանդիպումը, հուսանք մեր փորձը և միջազգային փորձառությունն օգտակար կլինի ՔՀԿ ներկայացուցիչների համար՝ այս ոլորտում իրենց հետագա գործունեությունը ծավալելու ընթացքում»:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց. «Եթե մենք ուզում ենք այս ոլորտում իրական արդյունքներ գրանցել և գործընթացը չլինի ձևական, ապա շատ կարևոր է ՔՀԿ-ների ակտիվ ներգրավվածությունը»։
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանն իր խոսքում ներկայացրեց, որ վարչական իրավախախտման վարույթներ են հարուցվել շուրջ 140 իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարների նկատմամբ, որոնք սահմանված ժամկետում չեն ներկայացրել ԻՇ հայտարարագիր։