Սեպտեմբերի 9-10-ին և 12-13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության վերապատրաստման դասընթաց քաղաքացիական ակտիվիստների համար: «Ուսուցանում ուսուցանողների համար» ձևաչափով դասընթացին մասնակցում էին ՀՀ 8 տարբեր մարզերի իրավապաշտպան ՀԿ ներկայացուցիչներ և լրագրողներ:
Երկօրյա դասընթացը մասնակիցների համար հրաշալի հնարավորություն էր ոչ միայն թարմացնելու ինչպես ուսուցանողի իրենց հմտությունները, այլև ձեռք բերելու տեղեկատվության ազատության մասնին ՀՀ օրենքի հիմնական դրութների, դրանց կիրառության առանձնահատկությունների մասին գիտելիքներ, ծանոթանալու ՏԱ հայաստանյան դատական պրակտիկային:
ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը մասնակիցներին ներկայացրեց վերապատրաստողի դերը և հմտությունները վերապատրաստման փուլի ընթացքում, վերապատրաստելու մեթոդաբանությունը, իսկ դասընթացի իրավական թեմաները ներկայացրին ԻԱԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանը, ԻԱԿ-ի հետ համագործակցող իրավաբան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Կարեն Մեժլումյանը: «Տեղեկատվության ազատության ոլորտում ՀՀ դատական պրակտիկան» թեմայով ներկայացումները հնարավորություն տվեցին ոչ միայն ծանոթանալու ՏԱ դատական ոլորտում հայաստանյան հաջողված պատմություններին, այլև հասկանալու, թե ինչ դեր են ունեցել, ունեն և կարող են ունենալ քաղաքացիական ակտիվիստները ՏԱ ոլորտում ռազմավարական դատավարության ստեղծման գործում:
Երկու օրերի ընթացքում մասնակիցները նաև հասցրեցին փոխանակվել ոլորտում ունեցացած իրենց փորձով` ձեռքբերումներ, խնդիրներ: դասընթացի վերջում մասնակիցների մի մասը համոզվածություն հայտնեց, որ այս հանդիպումը նաև ՏԱ ոլորտում նոր գաղափարների և համատեղ նոր ծրագրերի առաջին խոստումնալից քայլը կարող է դառնալ:
Վերապատրաստման ծրագիրն իրականացվում էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ինստիտուցիոնալ զարգացման նորարարություններ» ծրագրի շրջանակում: