Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան։ Պատասխանող կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։
ԻԱԿ-ը 2023 թվականի օգոստոսի 23-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով տեղեկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաև նույն դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ:
Կուսակցությունը չի պատասխանել ԻԱԿ-ի կողմից ներկայացված առաջին հարցմանը, անպատասխան է թողել նաև 2023 թ․-ի սեպտեմբերի 11-ին ուղղարկված տեղեկություն ստանալու կրկնակի հարցումը՝ արդյունքում խախտվել է ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու իրավունքը։
Հիշեցնենք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի ուժով ֆինանսավորում է ստանում պետական բյուջեից։ Կուսակցությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի ուժով պարտավոր է ապահովել իր գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքները։
Տեղեկացնենք, որ ԻԱԿ-ի հարցման առիթ դարձել է «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության «infocom.am» լրատվական կայքի դիմումը։ Ինֆոքոմի լրագրողը 2023 թ․-ի օգոստոսի 9-ին տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տեղեկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաև նույն դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած և «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի» 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ:
2023 թ․-ի օգոստոսի 15-ին Ինֆոքոմի լրագրողը ստացել է միջանկյալ պատասխան հարցմանը պատասխանելու ժամկետի երկարաձգման մասին. կուսակցությունը նշել է, որ իրենց աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու՝ սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և որ լրագրողի հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետում։
Ինֆոքոմի լրագրողը լրացուցիչ գրությամբ, վկայակոչելով ՏԱ մասին օրենքի դրույթները, նշել է, որ Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով ծանրաբեռնված լինելը օբյեկտիվ հիմք չէ հարցման պատասխանը անորոշ ժամկետով հետաձգելու համար և խնդրել է հարցման պատասխանի հետաձգման պատճառների և տեղեկության տրամադրման վերջնաժամկետի մասին տեղեկացնել՝ ըստ օրենքի պահանջի:
Լրագրողը, կուսակցությունից որևէ այլ պաշտոնական պատասխան, այդ թվում՝ պահանջվող տեղեկությունները չստանալով՝ դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։
Դատական գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Կիմա Արզումանյանին։ ԻԱԿ-ի հայցին կարող եք ծանոթանալ այստեղ: