Դեկտեմբերի 22-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կարճել “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի դատական գործի քննությունը՝ առանց այն ըստ էության քննելու:
Գործը կարճելու պատճառը հետեւյալն է. ըստ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի` քաղաքացիական գործերով որպես պատասխանող դատարանում կարող են հանդես գալ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք: Հետեւաբար, քանի որ Հայ Ազգային Կոնգրեսը կուսակցությունների դաշինք է, իսկ դաշինքը ոչ իրավաբանական անձ է, ոչ էլ` ֆիզիկական, ուստի Հայ Ազգային Կոնգրես դաշինքը չի կարող դատարանում հանդես գալ որպես պատասխանող: Այսինքն` չնայած դաշինքը որոշակի իրավունքներով եւ պարտականություններով օժտված մարմին է՝ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, Հայ ազգային կոնգրեսին դատի տալ հնարավոր չէ։ Ստացվում է՝ անհավասար պայմաններ են ստեղծվում ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունների եւ ՀԱԿ-ի միջեւ։