«Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում: Բայց աշխարհում կան պետություններ եւ այնպիսիք, որոնք ուժ են բանեցնում այդ իրավունքը բազմաթիվ ճանապարհներով խոչընդոտելու», – ասված է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձում:
«Անկախ հեռուստա- եւ ռադիոընկերությունները զրկվում են եթերից, եթե քննադատում են կառավարության քաղաքականությունը: Գրաքննիչներն ակտիվ են նաեւ համացանցում` սահմանափակելով ինտերնետի եւ նոր լրատվության օգտագործումը: Որոշ լրագրողներ ենթարկվում են ճնշումների, ազատազրկման եւ անգամ վտանգում են իրենց կյանքը` պարզապես տեղեկություններ եւ գաղափարներ որոնելու, ստանալու եւ ցանկացած լրատվամիջոցների միջոցով տարածելու իրենց իրավունքը կիրառելու պատճառով` անկախ պետական սահմաններից», – ասված է Բան Կի-մունի ուղերձում, որը հրապարակել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համոզված է, որ բոլոր պետությունները պարտավոր են պաշտպանել նրանց, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում. – «Անպատժելիությունը հանցագործներին եւ մարդասպաններին կանաչ լույս է տալիս եւ հզորացնում նրանց, ովքեր թաքցնելու որեւէ բան ունեն: Իսկ հեռահար ժամկետում` այն հասարակության վրա քայքայիչ եւ վնասող ազդեցություն է ունենում»:
Հայաստանը՝ «ոչ ազատ»
Ապրիլի վերջին Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց մամուլի ազատության 2010 թվականի զեկույցը, համաձայն որի` Հայաստանը մնացել է ոչ ազատ երկրների շարքում, թեեւ որոշ բարելավում է արձանագրվել:
Freedom House-ի հետազոտական ծրագրերի տնօրեն Քրիսթոֆեր Ուոքերը ասել է. – « Հայաստանը թեթեւակի բարելավում է արձանագրել այս տարի, բայց դա արդյունք է այն բանի, որ թուլացել են արտակարգ դրության ու անհանգստությունների ժամանակ կիրառված միջոցները, որ գործադրվել էին նախորդ տարում։ Դա չի նշանակում, թե Հայաստանում նշանակալից բարելավվել է լրագրության որակն ու մամուլի ազատությունը»:
Հայաստանը ոչ ազատ երկրների խմբում հայտնվեց «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումից հետո։
«Խոսքի ազատության ժամանակը դեռ չի եկել»
«Խոսքի ազատության ժամանակն օբյեկտիվորեն դեռ չի եկել Հայաստան», – երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ընդգծելով, որ այսօր ազատ լրագրողների համար դրսեւորման հնարավորություններ չկան։
«Այն պայմաններում, որում ապրում է մեր հասարակությունը առայժմ, լրագրողի մասնագիտությունը պիտի՛ լինի վտանգավոր, կամ մենք չենք ունենա լրագրություն, որպես մասնագիտություն», – ասաց Նավասարդյանը։
«Շատ կարեւոր է, որ լրագրողները տիրապետեն իրենց իրավունքներին, եւ իրենք պահանջատեր լինեն տեղեկատվություն ստանալու հարցում», – կարծում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։ – «Երբ խախտվում է նրանց իրավունքը, ոչ թե համակերպվել այդ իրավիճակի հետ, այլ փորձեն օրենքը օգտագործելու միջոցով լրագրողները իրենք լինեն նախաձեռնող, բերեն պաշտոնյային դատարան եւ փորձեն նրանից պահանջել պատասխան»։
Միաժամանակ, Շուշան Դոյդոյանը արձանագրում է, որ 2003-ից մինչ օրս ընդամենը 1 պաշտոնյա է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ տեղեկատվություն չտրամադրելու համար։
Աղբյուրը` www.azatutyun.am