Aravot.am-ը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանից հետաքրքրվեց` իր կարծիքով ո՞րն է պատճառը, որ ապատեղեկատվությունը վերջին շրջանում ավելի ագրեսիվ տարածում է գտնում, իսկ պետական մարմինները զուտ զբաղված են հերքումներով, հարցրինք նաեւ՝ ինչի՞ հանրագումարում է այս իրավիճակն առաջացել:
«Ընդհանրապես քաղաքական լարված իրավիճակներում ապատեղեկատվությունը ծաղկում է ապրում՝ դա կլինի հեղափոխություն, պատերազմ, թե հեղաշրջման փորձ: Ցանկացած քաղաքական լարված իրավիճակում ապատեղեկատվությունն ամենակարեւոր գործիքներից մեկն է, որն օգտագործվում է երկու կողմից: Ընդ որում, սա միայն Հայաստանին չէ բնորոշ, ցավոք, դա աշխարհում կիրառվող արդյունավետ գործիք է:
Դրա աճին, զարգացմանն առավելապես նպաստում է նաեւ կառավարության սխալ տեղեկատվական քաղաքականությունը կամ նույնիսկ կասեի՝ վերջին ժամանակահատվածում դրա բացակայությունը: Իշխանություններն ավելի շատ զբաղված են հերքումներ տալով, այսինքն՝ պոստֆակտում են գործում, փոխանակ իրենք լինեն նախաձեռնողը, սեփական նախաձեռնությամբ իրենց ոլորտներին վերաբերող տեղեկատվություն հրապարակողը, հանրությանն իրազեկողը: Մինչդեռ սպասում են, թե ով ինչ կգրի, որպեսզի իրենք դա հերքեն, ինչն անարդյունավետ եւ ուշացած է:
Բնականաբար առաջնային լուրը շատ ավելի մեծ սպառում է գտնում, քան բուն հերքումը: Ես այս ամենի գլխավոր պատճառը համարում եմ հենց կառավարության սխալ, ոչ համարժեք եւ ոչ թիրախային տեղեկատվական քաղաքականությունը»,-ասաց Շուշան Դոյդոյանը:
«Ապատեղեկատվությունն ավելի շատ գեներացված է եւ տարածում է գտնում սոցիալական հարթակներում, եւ այստեղ նույնպես կառավարությունն ունի իր մեղավորությունը, կասեի, որ սկզբնաղբյուրը հենց իրենք են եղել: Երբ որ երկրի առաջին դեմքերի մակարդակով նսեմացվում է չորրորդ իշխանության դերը, նրանց կատարած առաքելությունը, սա էլ մենք պետք է քաղենք որպես այդ ամենի հետեւանք եւ կողմնակի ազդեցություն:
Երբ առաջին դեմքերը հայտարարում են, որ մեզ այլեւս մամուլը պետք չէ, մենք քաղաքացու հետ շփվում ենք սոցիալական հարթակներով, ապա պետք է պատրաստ լինեին, որ կարճ ժամանակ անց քաղելու են դրա բացասական հետեւանքները: Իրենք իզոլացրին պրոֆեսիոնալ մամուլին՝ որպես կառավարության եւ հանրության միջեւ միջնորդ եւ նախընտրեցին, այսպես կոչված, ուղղակի հաղորդակցությունը՝ մոռանալով, որ ֆեյսբուքը եւ մյուս ցանցերը պարզապես շփման հարթակներ են եւ երբեւէ չեն կարող փոխարինել պրոֆեսիոնալ մամուլի առաքելությանը»:
Շուշան Դոյդոյանը ապատեղեկատվության տարածման պատճառներից մեկն էլ համարում է «ֆեյք»-երի ծաղկումը, մյուս կողմից էլ ընդգծում է, որ դեմ է ֆեյքերի դեմ «կոշտ» օրենքների միջոցով պայքարելուն, որովհետեւ դա լինելու է հետեւանքների դեմ կարճաժամկետ պայքար. «Եթե սկսենք այդ մեխանիզմը կիրառել, շատ կոշտ ու անհամաչափ պայքար կլինի նաեւ խոսքի ազատության իրավունքի դեմ, չնայած ֆեյքերն էլ կտուժեն, բայց ավելի շատ պրոֆեսիոնալ մամուլը կտուժի»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ այն խնդրին, որ շատ գերատեսչությունների ղեկավարներ, լրատվական պատասխանատուներ անգամ մամուլի ասուլիսի մասին ծանուցումը տեղադրում են ֆեյսբուքի իրենց էջերում, ոմանք անգամ հարկ չեն համարում մամուլի հաղորդագրություններ ուղարկել:
«Իրենք արդեն սկսել են հասկանալ, որ այլեւս ֆեյսբուքում գործելը վնասում է հենց իրենց, սկզբում դա շատ մոդայիկ էր թվում իրենց, բայց հետո հասկացան, որ այդ ճանապարհով գնալով՝ իրենց գլխին լուրջ խնդիրեր են ստեղծում, հասարակությունը «փչացած հեռախոսի» տարբերակով է տեղեկատվությունը ստանում՝ ձեւափոխված եւ այլ կերպ մեկնաբանված: Կարծում եմ՝ այս ամենը սկսել են գիտակցել, եւ կարիք կա հրատապ միջոցներ կիրառելու: Ֆեյսբուքը չի կարող դառնալ տեղեկատվությունը հանրությանը փոխանցելու գլխավոր, միակ եւ անփոխարինելի միջոց:
Ընդ որում, որոշ նախարարություններ կան, որ ընդհանրապես մոռացել են ասուլիսներ տալու մասին, մամուլի հետ շփումն իսպառ բացառելով՝ իրենք իրենց համար գլխացավանք են ստեղծել»,-ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահը:
Խոսեցինք նաեւ պատերազմի օրերին պաշտոնատար անձանց ֆեյսբուքյան պաշտոնական էջերով, որոնց կապույտ նշումներ ունեն, ինչ-ինչ տեղեկությունների տարածմանը, որոնք հետագայում հերքվում էին: «Լուրջ խնդիր կա հենց պաշտոնյաների մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ, որովհետեւ, երբ ասում ենք՝ հասարակությունը մեդիագրագիտության լուրջ պակաս ունի, խոսում ենք նաեւ պաշտոնյաների մասին: Նրանց մոտ մեդիագրագիտության պակասը շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ իրենք ապատեղեկատվություն տարածելիս՝ ավտոմատ դրանց տալիս են պաշտոնական կարգավիճակ: Մարդիկ հակված են դրան հավատալու, արագ տարածելու: Դրա համար ինքս նաեւ առաջարկել եմ, որ օր առաջ պետք է սկսել պաշտոնյաներին կրթելու, իրազեկելու գործընթաց, որպեսզի նախ ինքը հասկանա, որն է կեղծը, որն է ճշմարիտը, կարողանա փաստերի ստուգման ամենատարրական գործիքներին տիրապետել եւ ստուգի՝ այն ինչ ինքը պատրաստվում է տարածել, արդյոք կեղծի՞ք է, թե՞ ճշմարտություն»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Շուշան Դոյդոյանը կարծում է, որ ցանկացած քաղծառայող ու պաշտոնյա, ինչպես Սահմանադրության հիմունքներին է պարտավոր տիրապետել, այնպես էլ պետք է տիրապետի փաստերի ստուգման տարրական գործիքներին. «Իսկ ԱԺ պատգամավորներին պակասում է ոչ միայն մեդիագրագիտությունը, այլեւ խոսքի զսպվածությունը»:
Հեղինակ՝ Գոհար Հակոբյան
Աղբյուրը՝ aravot.am առցանց պարբերական։