“Անձնական տվյալների պաշտպանության մասին” ՀՀ օրենքը սահմանում է. “Անձնական տվյալները մշակելը համարվում է օրինական, եթե դրանք մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, եւ տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը”:
Աղվերանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող “ԶԼՄ-ների վեճերի արտադատական լուծումներ տալու գործում տեղեկատվական վեճերի խորհրդի հզորացում” ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինար-քննարկմանը լրագրողները մտահոգություն հայտնեցին, որ այս դրույթը լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներ է պարունակում: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը պարզաբանեց. “Անձնական տվյալների մշակման, հավաքման հարցում ԶԼՄ-ներն ունեն բացառություններ: Եղած սահմանափակումները բխում են ոչ թե օրենքից, այլ կոնվենցիայից”: Քննարկմանը անդրադարձ կատարվեց նաև այն հանգամանքին, որ թեև խոսվում է անձնական տվյալների գաղտնիության մասին, սակայն դրան հակասում է այն, որ մեզ ամենուր տեսանկարահանում են:
Հիշեցնենք, որ այս առիթով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էր մտահոգություն հայտնել. “Սաղ օրը նկարում են: Ես մինչև տնից հասնում եմ ստեղ, 18 կամերա ինձ նկարում են: Եթե դրանց նկարածները գումարենք, իմ ամբողջ կյանքը էկրանի առաջ ա: Արդեն շենքում բակի կողմից էլ են դրել: Այսինքն, դուք ի՞նչ եք մտածում, էդքան մտահոգվո՞ւմ են մեր մասին, մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ, լևի չգնանք, ինչ չանենք, տենց սաղ նկարում եք, ի՞նչ անենք”: “Արնի Քոնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արայիկ Ղազարյանը այս առիթով արձագանքեց. “Հրանտ Բագրատյանի հարցը հռչակագրային է: Տեսանկարահանումն ընդունված է ողջ աշխարհում. օրինակ՝ Լոնդոն մեքենաների ողջ մուտքն ու ելքը տեսախցիկներով վերահսկվում է, դա անհրաժեշտությունից է բխում”: Շուշան Դոյդոյանը հավելեց. “Հարց է, թե ինչ դիապազոնով է իրականացվում այդ տեսանկարահանումը: Օրինակ՝ նպատակ կա՞, որ ողջ փողոցը նկարահանվի, որ քո խանութի անվտանգությունն ապահովես”:
“Իրավունքի գերակայություն” իրավապաշտպան հ/կ նախագահ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ նման որոշումները պետք է պահանջարկված լինեն հանրության կողմից. “Պետական մարմինների միջնորդությունները պետք է պատվիրված լինեն հանրության կողմից, հակառակ դեպքում դա հակաիրավական է: Օրինակ՝ չկա որևէ ակտ, թե ոնց որոշվեց Երևան-Սևան տվյալ կիլոմետրի վրա դնել տեսանկարահանող սարք: Կամ ի՞նչ կարգով է այդ տեղեկատվությունը պահվում, կամ արդյոք ոչնչացվո՞ւմ է: Սրանցից ոչ մեկը օրենքով սահմանված չէ, հետևաբար տեսանկարհանող սարքերով իրականացվող բոլոր վարույթները զուրկ են օրինականությունից”:
Մտահոգության առարկա դարձավ նաև այն հարցը՝ արդյոք անհատական տվյալների գաղտնիությանը չի՞ վտանգում այն, որ օրինակ՝ elections.am կայքում տեղադրված են քաղաքացիների մասին տվյալներ՝ հասցե, հեռախոսահամար: Մտահոգություններից մեկն էլ վերաբերում էր նրան, որ սուպերմարկետներում մարդկանց փաստաթղթերի պատճեներն են վերցնում, կամ ի՞նչ օրինական հիմքով, ի՞նչ նպատակով են օգտագործվում, կամ արդյոք կա՞ նման տեղեկատվության հավաքման անհրաժեշտություն:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս առիթով արձագանքեց. “Այսօր անդրոիդի նոր ծրագրային թարմացումներ կան, որ կարող ես տվյալ անձի նկարը նշել ու միանգամից բոլոր նկարների մեջ կգտնես: Խնդիրն այդքան էլ սուպերմարկետների՝ փաստաթղթեր հավաքելը չէ, այլ պետական և մասնավոր հատվածում է խնդիրը: Օրինակ՝ Փարքինգ սիթիի տեղադրած տեսախցիկներով ամենուր նկարահանվում է հետիոտնի ընթացքը”: Նա օրինակ բերեց այն սկանդալը, որ ֆեյսբուքյան էջ են կոտրել և, ասուլիսի ընթացքում այդ սկանդալի կենտրոնում հայտնված անձը տեսանյութ է ներկայացրել, թե ինչպես է հետիոտնը մտել սրճարան ու ոչ մեկ չհարցրեց, թե դա որտեղի՞ց: Սամվել Մարտիրոսյանը եզրահանգեց, թե, փաստորեն տեսախցիկներով նկարահանված տեսանյութերով կարելի է իրականացնել հետախուզական գործողություններ հենց անհատի խնդրանքով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Աղբյուրը՝ www.aravot.am