Կրթությունը, առողջապահությունը, ոստիկանությունը եւ պետական եկամուտների ոլորտները ամենաթիրախայինն են եւ հակակոռուպցիոն պայքարը պետք է լինի այս ոլորտներում: Այսօր` հուլիսի 28-ին, կառավարությունում տեղի ունեցող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքերով, հանրությունը եւս գիտակցում է այդ պայքարը եւ ակտիվորեն մասնակցություն է ունենում: Պարոն Հարությունյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար 750 հազար դոլարով մասնակցություն է ունենալու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:
Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր չներկայացնելու կամ ոչ ամբողջական, կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ որպես պատիժ ընտրվել է վարչական պատասխանատվությունը: Տուգանքը կարող է լինել 100 հազար դրամից մինչեւ մեկ միլիոն դրամ, մինչդեռ միջազգային փորձը ուսումնասիրելով՝ Սիրանուշ Սահակյանը պարզել է, որ 87 երկրներում տուգանքներ կիրառվում են հայտարարագիր չներկայացնելու կամ ուշ ներկայացնելու դեպքում, քրեական պատասխանատվության էլ ենթարկվում են այն պաշտոնատար անձինք, որոնք կեղծ տեղեկություն են ներկայացնում: