“Ժանգոտ կողպեք”-ներ և “Ոսկեգույն բանալի”-ներ պետական կառավարման մարմիններն այսուհետ ստանալու են` համապատասխան իրենց ունեցած ռեյտինգի: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) մշակել է ռեյտինգավորման 53 չափանիշ, որոնցով չափվելու է պետական կառույցի հրապարակայնության և թափանցիկության աստիճանը: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ չափորոշիչները բաժանված են երեք խմբի:
Առաջին խմբի չափանիշները վերաբերում են տեղեկատվության ազատության իրավունքին: Սրանց միջոցով ուսումնասիրվելու է, թե որքանով է տվյալ մարմինը օրենքով սահմանված կարգով տրամադրում տեղեկությունները: Երկրորդ խմբի չափանիշներով ուսումնասիրվելու է հրապարակայնությունը` կառույցի սեփական նախաձեռնությամբ, այսինքն` արդյո՞ք ինքնակամորեն հրապարակում է իր ունեցած տեղեկությունները: Երրորդ խմբի չափորոշիչների միջոցով ուսումնասիրվելու է, թե կառույցի աշխատակազմի աշխատաոճը որքանո՞վ է համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դրույթներին: Ռեյտինգավորման առաջին փուլում էլեկտրոնային հարցաշար է ուղարկվելու բոլոր կառույցներին` նրանց ինտերնետային կայքում նշված էլեկտրոնային հասցեներին: Հասարակայնության հետ կապերի ղեկավարները պետք է պատասխանեն այդ հարցերին և ավտոմատացված կերպով հետ ուղարկեն ԻԱԿ: «Խնդրում ենք հնգօրյա ժամկետում պատասխանել այդ հարցերին: Հարցաշարում կան այսպիսի հարցեր` արդյո՞ք տարին մեկ անգամ օրենքով սահմանված 13 խումբ տեղեկությունները հրապարակում են, բանավոր հարցումներին պատասխանո՞ւմ են, թե՞ միայն ավանդական գրավոր հարցումներին, և այլն:
Բնականաբար, կլինեն մարմիններ, որոնք որոշ հարցերի ճիշտ չեն պատասխանի` իրենց լավ լույսի ներքո ներկայացնելու համար: Սակայն մենք ստուգելու ենք, ուսումնասիրելու ենք, թե որքանով են պատասխաններն իրականությանը համապատասխանում»,- ասաց Շուշան Դոյդոյանը: Նա հավելեց նաև, որ սուտ պատասխանների դեպքում տվյալ հարցին հատկացվելիք միավորի փոխարեն նշվում է «0». «Իհարկե, հավանական է, որ կխաբվենք որոշ դեպքերում, սակայն աշխատելու ենք` անճշտությունները նվազագույն լինեն»: Վերջնական փուլում գումարվելու են բոլոր հարցերի պատասխաններից ստացված միավորները, ձևավորվելու է վերջնական ռեյտինգը: Շ. Դոյդոյանն ասաց, որ այս համակարգի մոդելը վերցվել է բուլղարական «Տեղեկատվության մատչելիության ծրագիր» ՀԿ-ից, սակայն ավելի զարգացած տարբերակն է: Ծրագիրը կսկսի գործել մարտի 21-ից: Նախատեսվում է, որ տարվա մեջ առնվազն մեկ անգամ բոլոր կառույցները ռեյտինգավորվելու են, և ապրիլ ամսվա ընթացքում հրապարակվելու են արդյունքները: Յուրաքանչյուր մարմին ունենալու է իր առանձին էջը, որտեղ ներկայացված են լինելու ոչ միայն վերջնական ռեյտինգային միավորները, այլև, թե որ հարցերին ինչ պատասխաններ են տրվել: Համակարգը բաց է լինելու բոլորի համար: Յուրաքանչյուր ոք, ով կնկատի, որ որևէ կառույց որևէ հարցի ոչ ճիշտ պատասխան է տվել, կարող է ահազանգել ԻԱԿ: Ա.Կ.
Աղբյուրը` yerkir.am: