Հրապարակումներ

Հրապարակումներ

ԻԱԿ-ը էլեկտրոնային տարբերակով կստուգի ՏԻՄ հրապարակայնությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը էլեկտրոնային տարբերակով կստուգի ՏԻՄ հրապարակայնությունը

Aysor.am-ը գրում է.

Այսուհետ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տարեկան մեկ անգամ էլեկտրոնային տարբերակով ստուգելու է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնությունը և տեղեկատվության ազատությունը՝ 50-ից ավելի չափորոշիչների հիման վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԻԱԿ-ի փորձագետ Լիանա Դոյդոյանը:

Նրա խոսքով՝ գնահատումն իրականացվելու է 3 հիմնական խմբից բաղկացած չափորոշիչների հիման վրա՝ 3 փուլով:
«Առաջին փուլում նրանց ուղարկվելու 53 հարցից բաղկացած էլեկտրոնային հարցաշար այն էլեկտրոնային փոստի հասցեով, որը առկա է տվյալ մարմնի պաշտոնական էջում: Երկրորդ փուլում հարցերին տրված պատասխանների պատշաճությունը ստուգվելու է ԻԱԿ-ի փորձագետների կողմից և դրանցից վերհանած անճշտությունները ուղարկվելու են տեղեկատվություն տնօրինողներին, իսկ անկհայտ անճշտությունների դեպքում հաշվի են առնվելու ԻԱԿ-ի վերհանած անճշտությունները: Երրորդ փուլում հավաքված տվյալների հիման վրա կազմվելու է հրապարակայնության և տեղեկատվության ազատության ցանկ՝ տեղեկություն տրամադրած մարմիններին դասակագրելով ըստ հրապարակայնության մակարդակի»,-ասաց նա:

Լ. Դոյդոյանը ասաց, որ այս գործընթացին կարող են մասնակցել նաև քաղաքացիներն ու լրագրողները, ովքեր տվյալ մարմիններից ստացել են անճշտություններ պարունակող պատասխաններ:

Նշենք, որ ՒԱԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ 2013 թ.-ի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ներկայացրել է տեղեկություն ստանալու 203 հարցում:

«Հարցումներից ոչ մեկին ի պատասխան տեղեկություն տնօրինողները չեն տրամադրել օրինական մերժում:

Լիարժեք պատասխանների թիվը գրեթե չի փոխվել. 2013 թ.-ին այն կազմել է 63%, 2012 թ.-ին` 65%, իսկ 2011 թ.-ին` 69%: Օրինական մերժում/հիմնավոր հղումների թիվը նույնպես ըստ էության չի փոխվել. 2013 թ.-ին այն կազմել է 6%, 2011 և 2010 թ.թ.-ին` 5%:

Թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է արդեն շուրջ 10 տարի, իսկ տեղեկատվության ազատության իրավունքը զարգանում է, և այդ իրավունքի կիրառման պարկտիկայում նկատվում է դրական միտում, սակայն, այսօր էլ ՏԱ ոլորտում մեծ խնդիր են մնում լուռ մերժումները, ինչպես նաև ոչ լիարժեք, թերի պատասխանները: Լուռ մերժումների թիվը, սակայն, վերջին մի քանի տարիների ընթացքում կտրուկ նվազել է: Այսպես, 2011 թ.-ին անպատասխան է մնացել ԻԱԿ-ի հարցումների 22%-ը, 2012 թ.-ին լուռ մերժումների թիվը կրճատվել է մինչև 15%, իսկ 2013 թ.-ին էլ ավելի է նվազել` կազմելով 8%: Այսինքն, 2011 թ.-ի համեմատ լուռ մերժումների թիվը 2013 թ.-ին նվազել է շուրջ 3 անգամ: Սակայն, լուռ մերժումների թիվը կրճատվում է` փոխարինվելով մեծամասամբ թերի կամ անհիմն պատասխաններով կամ անհիմն մերժումներով: , 2011 թ.-ի համեմատ` թերի պատասխանների թիվը 2013 թ.-ին աճել է 10 անգամ, անհիմն մերժումների թիվը` 4 անգամ, իսկ անհիմն պատասխանների թիվը` 2 անգամ:

ՏԱ ոլորտի հաջորդ խնդիրը տեղեկատվության տրամադրման ժամկետների պահպանումն է. շատ դեպքերում ԻԱԿ-ը ստանում է թեև լիարժեք, սակայն ուշացումով պատասխան: 2013 թ.-ին ԻԱԿ-ի ստացած լիարժեք պատասխանների շուրջ 30%-ը տրամադրվել են ուշացումով: Հաշվի առնելով, որ ուշացած պատասխանն այլևս կարող է անհրաժեշտ չլինել, լինել ժամանակավրեպ` հանգեցնելով դիմողի իրավունքի խախտման, ինչպես նաև այն, որ ՏԱ մասին ՀՀ օրենքը գործում է ավելի քան 10 տարի, իսկ հազարավոր պաշտոնյաներ անցել են վերապատրաստումներ և ուսուցումներ ՏԱ ոլորտում, քաջատեղյակ են օրենքի պահանջներին` ուշացումով տրամադրվող պատասխանների խնդիրն այսօր ձեռք է բերում մեծ կարևորություն, ինչպես նաև վկայում է պաշտոնյաների մոտ հրապարակային և բաց աշխատելու մշակույթի բացակայության, կամ այդպես աշխատելու ցանկության բացակայության մասին:

2013 թ.-ի ընթացքում տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործերից ավարտվել են 5-ը: ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործերով դատարանը ոչ միայն ճանաչեց ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը, այլ նաև պարտավորեցրեց պատասխանողներին փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած դատական ծախսերը` կուսակցության դեպքում 100.000 ՀՀ դրամի, իսկ ԱԺ-ի դեպքում` 50.000 ՀՀ դրամի չափով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Aysor.am

Skip to content